ՕՐՕ դաշինքի պատգամավորության թեկնածու Վահագն Հովհաննիսյանը պնդում է, որ Գյումրիում բաժանվում է ընտրակաշառք ու մեկ ձայնը 10-15 հազար դրամ է։ Իրենք բազմաթիվ ահազանգեր են ստանում առ այն, որ փող բաժանողները իշխանական թեկնածուներն են, սակայն չեն դիմում ոստիկանություն, որովհետև չեն վստահում։ «Տարբեր ահազանգեր ենք ստանում դպրոցներից, բուհերից, որ իրենց ուղղորդում են, սպառնում, որ եթե իրենց ձայն չտան, աշխատանքի հետ կապված խնդիրներ կունենան։ Նույնիսկ գյուղերից մեկում մարդկանց շանտաժի են ենթարկել, որ եթե դուք ձայն չտաք իրենց ասած թեկնածուին, խնդիրներ եք ունենալու իրավական համակարգում։ Մենք խոսել ենք էդ ենք մարդկանց հետ, բայց նրանք վախենում են ինչ-որ բան ասել, ասել ենք՝ եթե գալիս, բողոքում եք, անունները տվեք, պարզաբանենք, որ ապացույցներ, փաստեր ունենաք։ Եթե օդի մեջ ասեք, պիտի ասեն՝ զրպարտում եք մեզ»,- ասաց Վահագն Հովհաննիսյանը։ Նա նաև ասաց, որ աշխատում են լուրջ փաստեր ձեռք բերել ընտրակաշառքի վերաբերյալ։
Վահագն Հովհաննիսյանի ասելով, վերջերս էլ մի զավեշտալի դեպք է արձանագրվել, ընտրակաշառքի հետևից եկած գյումրեցիները, շփոթելով թեկնածուի շտաբը, որտեղից փող են բաժանում, ծեծել են իրենց շտաբի դուռը ու ասել՝ եկել ենք փողի հետևից։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարը՝ Վահագն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջից