Մարտի 25-ին՝ Հունաստանի անկախության օրը Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնում (տնօրեն՝ Մելսիդա Վերանյան) կայացավ տոնական միջոցառում: Նոյեմբերյանը բարեկամ է Աթենքի արվարձան Վիրոնա քաղաքին: Քաղաքը Վիրոնա է կոչվել ի պատիվ Ջորջ Բայրոնի, ով զոհվել է Հունաստանի անկախության համար մղված պայքարում:
Միջոցառման սկզբում նոյեմբերյանցի երեխաները երգեցին Հունաստանի պետական օրհներգը: Ելույթ ունեցան, օրվա խորհրդի եւ հայ-հունական դարավոր բարեկամության մասին խոսք ասացին Նոյեմբերյան համայնքի ղեկավարի խորհրդական Արմեն Ամիրաղյանը, Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար Սամվել Բեգլարյանը, Նոյեմբերյանի հունական «Օլիմպոս» համայնքի ղեկավար Թամարա Թամազյանը, Հայաստանում հունական հասարակական կազմակերպությունների միության համակարգող Արկադի Խիտարովը, բանաստեղծ, նկարիչ Զավեն Պետրոսյանը,լրագրող Անահիտ Գեւորգյանը: Ներկա էին Ստեփանավանի, Ալավերդու, Ախթալայի հունական համայնքների ներկայացուցիչները:
Նոյեմբերյանցի երեխաների պարի խումբը եւ Գյումրիի «Շիրակի հույներ» մանկապատանեկան համույթը հանդես եկան հունական պարերով: Ներկաները մեծ ոգեւորությամբ ընդունեցին հունական երգ ու պարը:
Կարդացեք նաև
Միջոցառումը նախաձեռնել էր Նոյեմբերյանի «Օլիմպոս» հունական կազմակերպությունը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ