«Նոր Հայաստան» հ/կ ուղերձ
Մեր երկրում կրկին ընտրություններ են…
Սահմանադրությունը փոխվել է, ընտրությունների մասին օրենքը՝ ևս. սակայն, չնայած տեղեկատվական հոլովակների հորդորների, մեր երկրի խնդիրն օրենքը չէ:
Նախընտրական քարոզն առանձնահատուկ տեղ չի գրավում՝ պարզապես հավելումներ կան. փողոցներով չափչփող Հերբալայֆի ցանցային վաճառողներին, Եհովայի վկաների գործակալներին և հնամաշ գրքեր վաճառողներին ավելացան բազում կուսակցությունների/հանկարծահաս դաշինքների ներկայացուցիչները՝ իրենց բուկլետներով, իսկ «Vivaro»-ի ու «Օմեգա» ստրիպտիզ ակումբի պաստառներին ավելացան ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանի նկարները՝ հավասարազոր դարձած` գովազդը մնում է գովազդ, իսկ ժողովրդավարությունն ու շուկայական հարաբերությունները զուգընկերներ են:
Կարդացեք նաև
Վերջիններիս ուղեկիցը՝ թափանցիկությունը, ևս խնդրահարույց չէ՝ մեր երկիրն առավելագույնս թափանցիկ է, ու անգամ արևածաղկի սերմ վաճառողներն էլ լավատեղյակ են մեր քաղաքական-տնտեսական էլիտայի ստվերային եկամուտների, առանձնատների չափսերի ու մականունների մասին:
Եվ անգամ զարգացման ծրագրերն էլ չեն մեր հիմնահարցը՝ դպրոցական երեխան էլ է հասկանում, որ երկրին անհրաժեշտ է տնտեսության աճ՝ արտադրություն (այլ ոչ հերթական առևտրային «մոլ»), աշխատատեղեր, արտաքին շուկա և այլն. և յուրաքանչյուրն էլ հասկանում է, որ սոցիալական հարցերի լուծման պարզագույն մեխանիզմը հայտնի մի քանի հոգի բանտարկելն է՝ գույքի բռնագրավմամբ:
Ուստի մեր իրական խնդիրը մեր ընդհանուր վիճակն է՝ մռայլ, տրտմած, հոգնած. մեր պարտությունը իրական պատասխանատվությունից խուսափելն է:
…Վերջերս ՀՀԿ մի պաստառ տեսանք՝ «դարձիր հայրենատեր»: Տիրոջ ու Տիրակալի անջրպետն այնքան նուրբ է թվում, սակայն առանցքային է. մեր Հայրենիքը քայքայվել է Տիրակալներից, նրան Տեր է պետք՝ մենք՝ հայերս, յուրաքանչյուրս, ով կընկալի, որ պատասխանատվություն է կրում ամեն ինչի համար ու Սիրում է…
«Նոր Հայաստան» հ/կ նախագահ Էլեոնորա Մանանդյան