Լրահոս
Օրվա լրահոսը

1000 դրամների մասին օրենքի դեմ հայցադիմումն ուղարկվեց դատարան

Մարտ 25,2017 16:15

2017 թ. հունվարից ուժի մեջ մտած «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին ՀՀ օրենքի» համաձայն ՀՀ քաղաքացիների աշխատավարձերից հաշվարկվում և պետական բյուջե է փոխանցվում 1000-ական ՀՀ դրամ, որով խախտվում է քաղաքացիների ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված սեփականության իրավունքը: Օրենքով դրոշմանիշային վճար դիտարկված 1000-ական դրամները գանձվում են հարկադիր ձևով և դրա դիմաց քաղաքացիները որևէ ծառայություն չեն ստանում, այնինչ 2005 թ. խմբագրությամբ ՀՀ Սահմանադրությունը «պարտադիր վճար» եզրույթը մեկնաբանելիս պարտադիր է համարում դրա դիմաց վճարողի օգտին պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրավաբանական նշանակության գործողություններ կատարելը:

ՀՀ քաղաքացիները հարկադիր վճարում են ինչ-որ դրոշմանիշերի համար, որոնց մասին տեղեկություն չունենք և դրա դիմաց որևէ ծառայություն չենք ստանում: Ստացվում է, որ Հայաստանի Հանրապետությունը ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի իմաստով անհիմն հարստացել է՝ ՀՀ քաղաքացիներից հարկադիր ձևով գանձելով 1000-ական դրամներ: Օրենքի՝ դրոշմանիշային վճարի պարտադիր բնույթը սահմանող 10-րդ հոդվածի սահմանադրականությունը վիճարկելու հարցով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել էր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին: Պաշտպանի աշխատակազմը, 2017 թ. մարտի 13-ի պատասխանում վկայակոչելով ՀՀ Սահմանադրական դատարանի նախադեպային որոշումները, նշել է, որ պարտադիր վճարը չի ենթադրում անմիջականորեն ծառայության մատուցում վճարողին:

Ապա հավելել, որ օրենքով հատուցման հատուկ համակարգի ստեղծմամբ պետությունն ապահովում է ուղղակի կամ անուղղակի ծառայության մատուցում վճարողին՝ նկատի ունենալով զինծառայողների՝ երկրի սահմանները պաշտպանելու գործառույթը. «Նրանք իրենց անփոխարինելի ծառայությամբ ապահովում են մեր երկրի անվտանգությունն ու սահմանների անխախտելիությունը՝ դրանով իսկ երաշխավորելով յուրաքանչյուրիս պաշտպանությունը»:

Այս անհասկանալի հիմքով Մարդու իրավունքների պաշտպանը գտել է, որ հիմքեր չկան օրենքի սահմանադրականության հարցով դիմել ՀՀ Սահմանադրական դատարան: Ելնելով վերոգրյալից՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի մի շարք աշխատակիցներ 2017 թ. մարտի 21-ին դիմել են Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով պարտավորեցնել Հայաստանի Հանրապետությանը՝ վերադարձնել պետական բյուջե վճարված 1000-ական դրամները՝ որպես անհիմն հարստացման գումար:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031