Մի շարք մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչներ այսօր քննարկման ձեւաչափով հանդիպում ունեցան ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ, ներկայացրին իրենց հուզող հարցերը, որոնք հիմնականում վերաբերում էին ֆինանսների սղությանը: «Կարապետ» տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ բեմադրիչ Արմեն Սաֆարյանն, իր բնորոշմաբ, տիկնիկային թատրոնի մոտ 300 գործիչների անունից խնդրեց իրենց տարածք տրամադրել: Ասաց, որ քսան տարուց ավելի՝ իրենք «անտարածք» վիճակում են. «Մեզ տարածք հատկացրեք, այս տարի մենք 25 տարեկան ենք դառնում»,-ասաց Արմեն Սաֆարյանը:
«Ձեր հոգու տարածքն ավելին է, քան ֆիզիկական տարածքը»,-նկատեց Արմեն Ամիրյանը: Բեմադրիչն էլ ակնարկեց, թե 25 տարի՝ այդ են ասում: «Պատկերացնո՞ւմ եք՝ պետությունը ո՞նց կարող է բոլորին տարածք տրամադրել: Կարող եք նախաձեռնել շինարարություն, դիմել բարերարների, պետությունն էլ կարող է օժանդակել: Կուզենայի՝ մեր մտածելակերպը փոխենք եւ նախաձեռնող լինենք»,-նշեց Արմեն Ամիրյանը:
Կարդացեք նաև
Հանդիպման ընթացքում հնչեցին նաեւ փառատոններ ֆինանսավորելու առաջարկներ, որոնց ի պատասխան Մշակույթի նախարարն ասաց, որ բոլոր փառատոնները ֆինանսավորել հնարավոր չէ: Բարձրաձայնվեց հուշարձանների պահպանության խնդիրը, որի առնչությամբ Արմեն Ամիրյանը տեղեկացրեց, որ առաջիկայում ստեղծվելու է հուշարձանների վերականգման կառույց:
Մանրամասն՝ տեսանյութում
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ