Լրահոս
Օրվա լրահոսը

Պետությունը դիզվառելիք չի տրամադրի. (Տեսանյութ)

Մարտ 25,2017 15:08

«Աջակցություն հողօգտագործողներին» բյուջետային ծրագրով գյուղացիական տնտեսություններին դիզվառելիքի բաշխում չի կատարվելու: Գյուղատնտեսության նախարարությունը սա հստակեցրել եւ հայտարարել է դեռ մեկ ամիս առաջ`ֆերմերների կոնգրեսի ժամանակ: Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Օքսֆամ Հայաստան»  հաշվետու ծրագրերի կառավարման պատասխանատու Լիլիթ Չիթչյանը: Հիշեցնենք, «Օսքսֆամի» հայաստանյան գրասենյակը մի քանի բյուջետային ծրագրերի ուսումնասիրություն էր կատարել եւ գնահատել դրանց արդյունավետությունը: Դրանցից մեկն էլ «Աջակցություն հողօգտագործողներին» ծրագիրն էր: «Օքսֆամի» հետազոտությունների հրապարակումից հետո ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ևս անարդյունավետ էր որակել ծրագրի իրականացումը: Կազմակերպության մյուս հետազոտությունները, հիշեցնենք, վերաբերվում էին առողջապահական, սոցիալական պաշտպանության ոլորտներին:

Դրանք իրականացվել են Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի հետ համատեղ: Մեր զրուցակիցը հավելեց, որ Առողջապահության նախարարության հետ ևս ունեցել են շատ հետաքրքիր համագործակցություն. «Ընդ որում, նախարարությունների հետ մեր համագործակցությունը նաև դաշինքային ձևաչափ է կրել՝ «Մոր և մանկան առողջապահության դաշինք»-ը նախարարության հետ կնքել է նոր հուշագիր, որում մենք հստակ արտացոլեցինք մեր կողմից ներկայացված մոնիթորինգի վերաբերյալ ուղերձները»:

Լիլիթ Չիթչյանը հիշեցրեց, որ իրենց հետազոտությունները ամբուլատոր ծառայությունների համակարգում բավականին ցցուն թվեր են արձանագրել`պոլիկլինիկաներում շահառուները չեն օգտվում իրենց հասանելի անվճար ծառայություններից, որոնց համար բյուջետային լուրջ հատկացումներ են լինում: Նա տեղեկացրեց, որ առողջապահության նախարարը ևս բարձրաձայնել է այդ մասին, բայց հղում չի արել  «Օքսֆամ»-ի հետազոտությունների արդյունքներին. «Մեր կողմից ներկայացված բոլոր զեկույցները հանրային քննարկում են առաջացրել: Իհարկե, այդ թվերը նախարարությունը տեսել է, իրենք այդ թվերի վերաբերյալ ունեցել են իրենց թվերը և մտածել են դրանց մասին: Ընդամենը 20 տոկոս այցելությունների թիվ էինք դուրս գրել և նույնիսկ այդ թվի դեպքում ունենում ենք հերթեր, և մեր հիմնական առաջարկներից մեկն այն է, որ հարկ է մտածել՝ ինչպես է հնարավոր այդ հաճախելիության բեռը թեթևացնել»:

Իսկ այսօր, «Հանրային երկխոսության մարտահրավերներն ու հնարավորությունները» խորագրով քննարկման ընթացքում ամփոփեցին «Քաղաքականությունների բարելավմանն ուղղված երկխոսություն և քաղաքացիական հասարակության մասնակցության ընդլայնում» եռամյա ծրագրի արդյունքները: Մասնավորապես, «Օքսֆամ» հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Մարգարիտա Հակոբյանը նշեց, որ ծրագրի շրջանակներում ներգրավել և վերապատրաստել են 40 քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ` ընկալումները իրենց գործունության ոլորտներում բարելավելու համար: Ծրագրով նախատեսված է եղել նաեւ աջակցել շահառուների կարողությունների հզորացմանը՝ ավելի արդյունավետ հաղորդակցվելու և քաղաքականությունների ձևավորման վրա ազդող ռազմավարական շահերի պաշտպանության գործընթացներում առավել ակտիվ մասնակցելու նպատակով: Կարևոր է, որ 40 ՔՀԿ-ների ընտրությունը կատարվել է ըստ իրենց գործունեության թիրախի՝ նրանք գործում են ծրագրի թիրախային ոլորտներից որևէ մեկում` գյուղատնտեսություն, առողջապահություն և սոցիալական պաշտպանություն:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սոնա Հարությունյանը «Օքսֆամ»-ի և ՏԶՀԿ-ի հետազոտությունը հաջողված է համարում: Նկատում է նաեւ, որ ծրագրի նպատակներն ու իրականացման ժամանակահատվածն ամբողջությամբ համահունչ են նախարարության մշտադիտարկման գործընթացներին, կողմերն էլ շահագրգռված էինք ծրագրի իրականացման հարցում. «Իսկ եթե շահերը երկուստեք համընկնում են, արդյունքներն ավելի շահեկան են լինում: Հետազոտությունների արդյունքները միանշանակ օգտակար էին նոր քաղաքականությունների մշակման և համապատասխան բյուջետային ծրագրերի իրականացման ճանապարհին։ Ծրագիրը  ծառայեց հասարակական երկխոսության ձևավորմանը և մեր ծրագրերի իրականացման որակի բարձրացմանը»: Փոխնախարարի խոսքով, նախարարությունում ձևավորված մոնիթորինգի ծառայությունը կարողացել է այս ընթացքում սոցիալական ապահովության պաշտպանության ոլորտում 84 ծրագրեր ուսումնասիրել։  Տվյալ փուլում առաջնահերթ են եղել այն բյուջետային  ծրագրերը, որոնց արդյունավետությունը և հասցեականությունը ուսումնասիրվել են և՛ պետական, և՛ հասարակական հատվածների ներգրավմամբ: «Գնահատման արդյունքում մենք ունեցանք մի շարք հարցերի պատասխաններ հետագա բարեփոխումների և ծրագրերի կատարելագործման առումով: «Օքսֆամի» առաջարկները լայն քննարկման առարկա են դարձել, այդ թվում նախարարությունում, հատուկ ստեղծված աշխատանքային խմբի շրջանակներում։ Արդյունքը եղավ այն, որ դրանք հաշվի առնվեցին կառավարությանը ներկայացվելիք նոր փոփոխությունների նախագծում։ Հաստատման դեպքում ոլորտը որոշակիորեն կբարելավվի և էականորեն կբարձրանա ծրագրերի հասցեականությունը»,- հավաստիացրեց Սոնա Հարությունյանը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031