Լրահոս
Օրվա լրահոսը

100 հոգանոց ցուցակ հավաքագրելու մեջ մեղադրվող Գյումրու թիվ 31 դպրոցի տնօրեն․ «Ես իրենց արածը խուլիգանություն եմ որակում»

Մարտ 25,2017 14:23

Ինչպես հայտնի է՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը 114 ձայնագրություն է հրապարակել, որոնցում ներկայանալով Հանրապետական կուսակցության շտաբից՝ զանգահարում են դպրոցների տնօրեններին, մանկապարտեզների վարիչներին ու  հարցուփորձ անում ՀՀԿ-ի օգտին հավաքագրվող ցուցակների մասին։

Մանկավարժները պատմում են, թե ինչպես են հավաքագրում ձայները, ի՞նչ մեթոդների են դիմում,  ինչպե՞ս են վախեցնում, ո՞ւմ են ներկայացնում ցուցակները։ Այնտեղ կա զրույց նաև Գյումրու թիվ 31 դպրոցի տնօրենի Արթուր Ղազարյանի հետ։ Վերջինս  խոստովանում է, որ ունի 100 հոգանոց ցուցակ, և այն հանձնել է Սուքիաս Ավետիսյանին։

Aravot.am-ը Արթուր Ղազարյանից մեկնաբանություն խնդրեց հրապարակված ձայնագրության մասին։ «Ես կուսակցական եմ, ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ կապ ունի դպրոցի հետ։ Ես Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ եմ, բնականաբար, մեր կուսակիցների մասին է խոսքը»,- փոխանցեց Արթուր Ղազարյանը։

Մեր ճշգրտող հարցին՝ ինչո՞ւ ցուցակը պիտի հանձնեիք Սուքիաս Ավետիսյանին, նա՞ էր պարտադրել, որ մարդիկ հավաքագրեիք, դպրոցի տնօրենը պատասխանեց․ «Ցուցակը միանշանակ Սուքիաս Ավետիսյանին եմ փոխանցել, որովհետև ես Հանրապետական կուսակցության Գյումրի 2 տարածքային կենտրոնի խորհրդի անդամ եմ, իսկ այդ կենտրոնի պատասխանատուն Սուքիաս Ավետիսյանն է։ Էլի  եմ ասում, խոսքը մեր կուսակցականների ցուցակի մասին է, մեր կուսակցականների թիվի մասին եմ ասել, դա դպրոցի ու ուսումնական գործընթացի հետ ընդհանրապես չառնչվող խնդիր է։ Եթե ես կուսակցական եմ, բնական է մի ընտրազանգված չպիտի՞ հավաքեմ քարոզարշավի ընթացքում։ Խուլիգանություն  է դա, զանգել, թե իբր Հանրապետական շտաբից են խոսում»։

Մեր հարցին՝ այդ 100 հոգու մեջ չկա՞ն դպրոցից մարդիկ, որոնց հորդորել եք կամ ստիպել եք ձայն տալ ՀՀԿ-ին, դպրոցի տնօրենն ասաց. «Հորդորելու կամ ստիպելու ի՞նչ կարիք կա, եթե մարդիկ կուսակցականներ են, այդ կուսակցությանը հարող են և այդ կուսակցության գաղափարակիցն են, ի՞նչ հորդորես կամ ստիպես քո կուսակցականին։ Ես ասում եմ՝ բացառապես իմ կուսակցականների ցուցակի մասին է: Ձայնագրության մեջ չեն հարցնում ովքե՞ր կան ցուցակում, ո՛չ դպրոցի անուն կա, ո՛չ ուսուցիչների, ինձ ցուցակից են հարցնում, ես էլ ներկայացրել եմ իմ կուսակիցների ցուցակը։ Ես այդպես եմ ներկայացրել, թե իրենք ինչ են ներկայացրել, դա իրենց խնդիրն է։  Թող իրավապահները ուսումնասիրեն, ի՞նչ խնդիր կա»։

Մենք զրուցեցինք նաև ԱԺ պատգամավոր, ՀՀԿ վարկանիշային թեկնածու Սուքիաս Ավետիսյան հետ՝  հետաքրքրվելո՞վ, թե դո՞ւք եք պահանջել  Արթուր Ղազարյանից մարդիկ հավաքագրել, ասենք ուսուցիչների, աշակերտների ծնողների ընդգրկել ցուցակում։ Սուքիաս Ավետիսյանն ասաց. «Ո՛չ, ո՛չ,  նման բան չի եղել, մենք հստակ մեր կուսակցական կառույցի, մարդկանց ցուցակներն ենք հավաքում, որովհետև միայն ինձ մոտ 1600 հոգի կուսակցական կա, ցուցակներն ենք նայում իրենց ընտանիքներով, ի՞նչ ցուցակ ընդգրկել, ի՞նչ ծնող, ի՞նչ ուսուցիչ… կուսակացական կառույցի գործն են անում։ Ես չգիտեմ ով ինչո՞ւ է զանգահարել, ի՞նչ է ուզել, մենք մեր կուսակցական աշխատանք են կատարում, եթե կուսակցությունը ընտրությունների ժամանակ ակտիվ չաշխատի, էլ ե՞րբ պիտի աշխատի, զարմանում եմ»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Արթուր Ղազարյանի լուսանկարը՝ իր ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Енок says:

    Բա քո արարքը ոնց կբնութագրես?ամենամեղմը`ստրկություն է։Ա.Սահակյանի խղճուկ կամակատարներն եք։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031