ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի Հանրապետության կառավարության փետրվարի 15-ի նիստում հաստատվել է առաջին և երկրորդ խմբերի հաշմանդամ զինվորականների կողմից սպառած էլեկտրաէներգիայի և գազի դիմաց պետական սուբսիդավորման ծրագիրը:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Լենսթոն Ղուլյանը նշել է, որ օգտագործված էլեկտրաէներգիայի և բնական գազի դիմաց պետական ֆինանսական աջակցության մշակված ծրագիրն ընթացքի մեջ է. արդեն սկսվել են քաղաքացիների դիմումների ընդունման և քննարկման աշխատանքները:
«Աջակցությունը տրամադրվում է շահառուի ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով՝ ամսական 60 կՎ/ժամ էլեկտրաէներգիայի և 10 խորանարդ մետր բնական գազի դիմաց»,- ծրագրի վերաբերյալ պարզաբանումներ է տվել սոցապնախարարության իրավաբանական բաժնի պետ Ռուզաննա Սարգսյանը՝ հավելելով, որ բոլոր այն բնակարանները, որոնք գազաֆիկացված չեն, աջակցությունը տրամադրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի՝ ամսական 78 կՎ/ժամ էլեկտրաէներգիայի դիմաց:
Ռ. Սարգսյանի խոսքով՝ մինչև ընթացիկ տարվա մարտի 31-ը դիմողները փոխհատուցում կստանան սույն տարվա հունվար ամսից, իսկ այն քաղաքացիները, ովքեր դիմել են մարտի 31-ից հետո, կստանան այդ ամսից: Այն հարցին, թե ծրագրից օգտվելու համար ում պետք է դիմեն մեր համաքաղաքացիները, Ռ. Սարգսյանը նշել է, որ շրջաններում կարող են դիմել շրջվարչակազմի սոցիալական ծառայություններ մատուցող պետական մարմնին, իսկ մայրաքաղաքում էլ՝ քաղաքապետարանի համանուն բաժնին: