«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպությունը պնդում է, որ Հայաստանի 136 դպրոցներից և մանկապարտեզներից 114-ի տնօրենները խոստովանում են, որ ՀՀԿ-ի համար ընտրողների ցուցակներ են կազմել՝ դրանք հանձնելով մարզպետարան, թաղապետարան կամ ընտրական շտաբ: Կազմակերպությունը ձայնագրություններ էր ու ցուցակներ էր հրապարակել, որտեղ նաեւ Երևանի Չեխովի անվան թիվ 55 դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանի խոսքը կա: Վերջինս ասել էր, որ իրենց ոչ ոք ոչ մի ցուցակի մասին որևէ բան չի ասել, և չնայած իրենք աշխատանքներ տանում են, այնուամենայնիվ ,ունեն կորդինացման կարիք:
Aravot.am-ը տիկին Սարուխանից մեկնաբանություն խնդրեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության տարածած ձայնագրությունում հնչող իր ասածի վերաբերյալ:
«Ոչ, չեմ մեկնաբանի…Թույլ տվեք գոնե շաբաթ-կիրակի հանգստանանք»,-տրտնջաց դպրոցի տնօրենը: Պնդեցինք, որ այնուամենայնիվ մեկնաբանի:
«Ընտրական տեղամասում կազմակերպչական աշխատանքներ, բնականաբար տարվում են` գույքի, ցուցակները ճիշտ կախելու, խցիկներ տեղադրելու, հեռախոսալարի եւ այլնի հետ կապված: Իսկապես կորդինացման կարիք կա, որովհետեւ մեզանից շատ տեղամասեր գույք են խնդրում, պետք է իմանանք ով է դրանց պատասխանատուն, ինչ տրամադրենք, ինչ քանակությամբ, ով մեքենա կտրամադրի, ով հետ կբերի…Նման կազմակերպչական հարցեր կան: Որեւէ այլ բանի մասին խոսք լինել չի կարող: Կարծեմ ես հստակ ասում եմ, որեւէ ցուցակ չի ներկայացվել, որովհետեւ դրա պահանջը դրված չի էդտեղ»,- պարզաբանեց Գայանե Սարուխանյանը:
Նրանից հետաքրքրվեցինք` եթե տնօրենը իր տեղում է, մանկավարժը լավ մասնագետ է, իրենք ճիշտ են աշխատում, հետեւաբար անխոցելի են, կարո՞ ղ է որեւէ քաղաքական ուժ ստիպել, որ մանկավարժները, տնօրենները քայլեր կատարեն իր պարտադրանքով, այլապես աշխատանքից կազատվեն: Տնօրենը սկզբում ասաց, որ լավ չի պատկերացնում հարցը, ապա հավելեց. «Անխոցելի մարդ չկա… մեր հասարակության մեջ առավել եւս»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ