Լրահոս
Օրվա լրահոսը

Հռոմի համաձայնագրերի 60-ամյա հոբելյան

Մարտ 25,2017 12:00

Մարտի 25-ին Եվրոպական միությունը կտոնի Հռոմի համաձայնագրերի ստորագրման՝ դեպի միացյալ Եվրոպա առաջին քայլի 60-րդ տարեդարձը։ 1957թվականին Եվրոպական համայնքների ստեղծումից ի վեր, անդամ-պետությունների քաղաքացիները վայելել են աննախադեպ խաղաղության, բարգավաճման և անվտանգության վեց տասնամյակ։ 20րդ դարի առաջին կեսի հետ հակադրությունը չէր կարող ավելի մեծ լինել։ Երկու աղետալի պատերազմները 1914 – 1945թթ ժամանակահատվածում պատճառ դարձան միլիոնավոր զոհերի՝ մայրցամաքը թողնելով քայքայված, բաժանված և ավերված վիճակում։ Պատերազմում ներքաշված երկրների համար եվրոպական ինտեգրումը եղել է մեր պատմության մեջ ամենահաջողված խաղաղության նախագիծը։

Այնուամենայնիվ, մենք ապրում ենք անկանխատեսելի ժամանակներում, և Հռոմի համաձայնագրերի 60-ամյա հոբելյանը հնարավորություն է ոչ միայն վերահաստատելու մեր հանձնառությունը եվրոպական նախագծի հիմքում ընկած արժեքների և նպատակների նկատմամբ, այլ նաև դեպիապագան գործնական և հավակնոտ քայլեր կատարելու համար։

Մարտի 21-ին Եվրոպական միությունը և Հայաստանը նախաստորագրեցին «ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը»։ Համաձայնագիրը կարևոր քայլ կլինի՝ Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների շրջանակն ընդլայնելու համար։ Այն կամրապնդի քաղաքական երկխոսությունը և ամուր հիմք կդառնա տնտեսական և սոցիալական բարեփոխումների շարունակականության համար։ Ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության նկատմամբ ուժեղ հանձնառություններն են ընկած նոր համաձայնագրի և ԵՄ-Հայաստան հետագա համագործակցության հիմքում։ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նաև կստեղծի հենք ավելի սերտ համագործակցության համար, մասնավորապես այպիսի ոլորտներում,  ինչպիսիք են էներգետիկան, տրանսպորտը և բնապահպանությունը, այն նոր հնարավորություններ կբացի առևտրի և ներդրումների, ինչպես նաև ավելի ակտիվ շարժունակության համար՝ ի շահ քաղաքացիների։ Համաձայնագիրը Եվրամիությանն ու Հայաստանին կառաջարկի մի հարթակ, որտեղ կարելի է երկկողմ հարաբերությունները բերել նոր, ավելի բարձր մակարդակի։

Աշխարհում մեծ անորոշության ժամանակ է․ ուժի համաշխարհային հավասարակշռությունը փոխվում է, իսկ կանոնների վրա հիմնված միջազգային աշխարհակարգի հիմքերը չափազանց հաճախ են հարցականի տակ առնվում։ Եվրոպական միությունն առավելապես հանդես կգա, որպես ամբողջ աշխարհում կարգուկանոնը պահպանող և ամրապնդող կենսական ուժ։

ԵՄ-ն աշխարհում երկրորդ ամենամեծ տնտեսությունն է։ Մենք ենք ամենամեծ համաշխարհային շուկան և առաջատար արտասահմանյան ներդրողը աշխարհի մեծ մասում։ ԵՄ-ն ձեռք է բերել ուժեղ դիրք՝ համաշխարհային հարթակներում միաձայն և միասնական գործողություններով հանդես գալով, խաղալով առանցքային դեր առևտրային խոչընդոտների վերացման հարցում՝ որպես Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ, ինչպես նաև կնքելով երկկողմ առևտրային գործարքներ ամբողջ աշխարհի բազմաթիվ կարևոր գործընկերների հետ, օրինակ՝ վերջերս Կանադայի հետ կնքնված Համապարփակ տնտեսական և առևտրային համաձայնագիրը։ Այն հնարավորություն տվեց ԵՄ-ի արտահանող ընկերություններին բարգավաճել և ստեղծել ավելի քան 30 միլիոն աշխատատեղ։

Զարգացմանն ուղղված համագործակցության և մարդասիրական օգնության ոլորտներում մեր ներդրումների ծավալները շատ ավելին են, քան աշխարհի մնացած բոլոր երկրներինը միասին։ ԵՄ-ն ավելի ու ավելի ակտիվ դեր է խաղում որպես համաշխարհային անվտանգությունն ապահովող ուժ։

Եվրամիությունը եղել է և կշարունակի լինել ազդեցիկ, համագործակցող և հուսալի ուժ։ Մեր գործընկերները գիտեն, թե որ արժեքների ջատագովն ենք մենք։

Մենք ջատագովն ենք բազմամշակութայնության, մարդու իրավունքների և միջազգային համագործակցության։

Մենք ջատագովն ենք կայուն զարգացման, ներառական հասարակությունների, կրթության, ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտներում անհավասարության բոլոր դրսևորումների դեմ պայքարի։ Մեզ համար սա բարեգործություն չէ, այն նաև խելացի ներդրում է մեր սեփական անվտանգության և բարգավաճման գործում։

Եվրոպական միությունը աշխարհի ամենամեծ ֆինանսական դոնորն է զարգացմանն ուղղված օժանդակության ոլորտում։ Մեր դերն էական էր ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների մշակման գործում, և մենք արդեն կենսագործում ենք դրանք, ինչպես նաև աշխատում ենք՝ թարմացնելու Զարգացման քաղաքականության վերաբերյալ եվրոպական համաձայնությունը։ ԵՄ-ի՝ զարգացմանն ուղղված աջակցությունը հատկացվում է մոտավորապես աշխարհի 150 երկրների և ավելի շուտ միտում ունի ուղղորդվել դեպի աշխարհի ամենաաղքատ վայրերը։ 2014-2020թթ ժամանակահատվածում ԵՄ-ի աջակցության 75%-ը կուղղվի այն երկրներին, որոնք հաճախ խիստ տուժում են բնական աղետներից կամ հակամարտություններից, ինչի պատճառով քաղաքացիներն առանձապես խոցելի են դառնում։ ԵՄ-ն աշխարհում միակ դոնորն է, որն աջակցություն է տրամադրում թույլ կամ հակամարտությունից տուժող բոլոր երկրներին։

Մենք ջատագովն ենք աշխարհում գործող ավելի լավ կանոնների, այնպիսի կանոնների, որոնք պաշտպանում են մարդկանց շահագործումներից և չարաշահումներից, կանոններ, որոնք ընդլայնում են իրավունքները և բարձրացնում չափորոշիչները։ Մեր՝ Միության և անդամ պետությունների ներգրավվածության շնորհիվ է, որ համաշխարհային հանրությունը ձեռք է բելեր նորարարական համաձայնություններ, ինչպես Կայուն զարգացման նպատակները, Կլիմայի փոփոխության մասին փարիզյան համաձայնագիրը և Զարգացմանն ուղղված ֆինանսավորման Ադիս Աբեբայի գործողությունների ծրագիրը։  Աշխարհում նորից ի հայտ եկող ուժային քաղաքականության պայմաններում Եվրոպական միությունն էլ ավելի կարևոր դերակատարություն կունենա։

Ավելի փխրուն միջազգային իրադրությունը պահանջում է ավելի մեծ ներգրավվածություն և ոչ խնայողություններ։ Ահա թե ինչու ԵՄ-ն կշարունակի աջակցել և օգնել Միացյալ Ազգերի Կազմակերպությանը․ ՄԱԿ-ի հետ մեր համագործակցության շրջանակում են խաղաղարար առաքելությունները, դիվանագիտական ջանքերը, մարդու իրավունքները, սովի և հանցավորության դեմ պայքարը։ Եվրամիությունը նաև տարածաշրջանային կազմակերպությունների ուժեղ և ակտիվ գործընկեր է, օրինակ՝ Աֆրիկյան պետությունների միության, Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և Արկտիկական խորհրդի հետ։

Եվրոպական միությունը նաև պատրաստ կանգնած է՝ օգնելու նրանց, ովքեր բնական կամ տեխնածին աղետների ազդակիրներ են։ Մարդասիրական ճգնաժամերը դեռևս շարունակում են մեծ զոհեր խլել միջազգային մակարդակում. 2016թվականին ԵՄ-ն հատկացրել է ավելի քան 1.5 միլիարդ եվրոյի մարդասիրական օգնություն արտակարգ իրավիճակներում՝ տրամադրելու սնունդ, ապաստան, պաշտպանություն և առողջապահական ծառայություններ 120 միլիոն մարդու համար ավելի քան 80 երկրում։

2011թվականին Սիրիայում հակամարտության սկզբից ի վեր ԵՄ-ն եղել է մարդասիրական օգնության միակ ամենամեծ դոնորը՝ հոգ տանելով հակամարտության պատճառով տեղահանված միլիոնավոր տղամարդկանց, կանանց և երեխաների նկատմամբ։ Աշխարհում ցանկացած երկիր կարող է դիմել ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմին՝ օգնություն ստանալու նպատակով։ 2001թվականին մեխանիզմի գործարկումից ի վեր այն աջակցություն է տրամադրել աշխարհի ամենակործանիչ աղետներից մի քանիսի ժամանակ, օրինակ՝ 2010թվականին Հաիթիի երկրաշարժը, 2011թվականի եռակի աղետը Ճապոնիայում, 2014թվականին տեղի ունեցած ջրհեղեղները Սերբիայում, Բոսնիայում և Հերցոգովինայում, 2014 թվականի էբոլայի համաճարակը, 2014 թվականի հակամարտությունն Ուկրաինայիում, 2015 թվականի Նեպալի երկրաշարժը, փախստականների ճգնաժամը Եվրոպայում և Մեթյու փոթորիկը Հաիթիում 2016 թվականին։

Ինչի էլ, որ հանգեցնեն ապագայի իրադարձությունները, մի բան հստակ է. ԵՄ-ի արտաքին և անվտանգության քաղաքականությունների կենտրոնում կշարունակեն լինել միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը, զարգացմանն ուղղված համագործակցությունը, մարդու իրավունքները և մարդասիրական ճգնաժամերին արձագանքումը ։

Պյոտր ՍՎԻՏԱԼՍԿԻ

Արտակարգ և լիազոր դեսպան

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար

 

«Առավոտ»

25.03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031