Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Իզուր եք ասֆալտի թեման չարաշահում»

Մարտ 25,2017 17:00

Հարցազրույց Երեւանի թիվ 1 ընտրատարածքում
ՀՀԿ-ի վարկանիշային թեկնածու Ռոբերտ Սարգսյանի հետ

– Քարոզարշավին հաշված օրեր են մնացել, Դուք, որպես թիվ 1 ընտրատարածքի վարկանիշային թեկնածու, ինչպե՞ս եք գնահատում քարոզարշավի ընթացքը, արդյոք կարողացա՞ք ընտրողներին ներկայացնել Ձեր ծրագրերը, արդյոք Ձեր խոստումները իրատեսակա՞ն են, մարդիկ ինչո՞ւ պիտի հավատան եւ ընտրեն հենց Ձեզ։

– Ես իմ ընտրատարածքում նոր մարդ չեմ, ամբողջ կյանքս ապրել եմ Ավանում, Նորքի բոլոր զանգվածները, Քանաքեռ-Զեյթունը շատ լավ գիտեմ, գիտեմ խնդիրները եւ կատարել եմ գործեր այդ խնդիրները լուծելու եւ մարդկանց հոգսը թեթեւացնելու համար: Ի տարբերություն շատերի՝ ես իմ ընտրողի հետ աշխատել եմ ոչ միայն քարոզարշավի այս օրերին, այլեւ տարիներ շարունակ, եղել եմ մարդկանց կողքին: Իմ՝ մեծամասնականով ընտրված պատգամավորիս գրասենյակը աշխատել է մշտապես: Ուստի մարդկանց համար ես վաղուց ընդունված եմ եւ ճանաչելի։ Ինքս հավատում եմ, որ իմ ընտրողը հենց ինձ է ընտրելու։

– Բայց Ձեր մրցակիցները բավական ուժեղ են, եւ իրենք էլ ձեռքները ծալած չեն նստել քարոզարշավի օրերին, հենց միայն Ձեր կուսակցության վարկանիշային ցանկում, օրինակ, Միհրան Պողոսյան կա. ինչպե՞ս եք մեկդ մեկիդ դեմ պայքարելու, ուրիշ ընտրատարածքներում իրար են ծեծում, ջարդում, ձեզ մոտ նույնպե՞ս կլինեն այս կարգի բաներ։

– Նախ՝ ծեծել-ջարդելու մասին. դուք պիտի իմանայիք, որ բոլոր այն դեպքերը, որոնց մասին ակնարկում եք, հիմնականում եղել են ոչ մեր կուսակցության թեկնածուների միջեւ, կողքից ուրիշներն են ջուրը պղտորել, եղել են ներանձնային խնդիրներ, պապերից եկած թշնամություն եւ այլն: Եկեք անկեղծ լինենք, այլ կուսակցություններում են դեպքերը, երբ միմյանց ծեծում են ու կոտրում, մեր ընտրատարածքում այդպիսի խնդիրներ չկան, չեն եղել եւ չեն լինելու: Ես հարգում եմ իմ բոլոր մրցակիցներին, նրանք էլ ինձ են հարգում, եւ նրանց հետ մտել եմ օրենքով սահմանված կարգով ընտրապայքարի մեջ: Վերջին խոսքը լինելու է ընտրողներինը։

– Դուք ասացիք, որ վաղուց եք աշխատում ընտրատարածքում եւ գիտեք խնդիրները, ի՞նչ եք արել՝ ասֆա՞լտ: Բնական է, կանեիք, չէ՞ որ Երեւանի քաղաքապետի բարեկամն եք։

– Խնդրում եմ եղեք անկողմնակալ եւ նկատեք, որ Երեւանի քաղաքապետը Երեւանի բոլոր համայնքներում, բոլոր թաղերում մշտապես աշխատել եւ աշխատում է շատ բարեխիղճ, աշխատում է արդյունավետ, եւ եթե մեր համայնքում եւս արվել են գործեր, իսկ գործեր շատ են արվել, դա եղել է ոչ այն պատճառով, որ մենք բարեկամներ ենք, այլ այն պատճառով, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հիանալի ղեկավար է, ուժեղ տեսակ եւ սիրում է Երեւանը ու երեւանցիներին, անում է ամեն ինչ ավելի բարեկարգ Երեւան ունենալու համար: Տեսեք, բոլոր համայնքներում են արվում գործեր, մի՞թե բոլոր համայնքներում քաղաքապետը ունի ազգականներ: Այնպես որ, ձեր հարցը բոլորովին տեղին չէ։

– Կոնկրետ չասացիք, թե ի՞նչ եք արել համայնքի համար, բացի ասֆալտից:

– Իզուր եք ասֆալտի թեման չարաշահում: Իսկ իմ գործերի մասին ես չեմ խոսի, եթե իրոք ձեզ հետաքրքիր է, թե ի՞նչ եմ արել եւ շարունակում եմ անել մեր բնակիչների համար, եկեք մեր համայնք եւ հարցրեք, մարդիկ ձեզ շատ անկեղծ ու տեսանելի կբացատրեն եւ ցույց կտան իմ գործերը:

– Իսկ ինչո՞ւ եք ուզում նորից պատգամավոր դառնալ։

– Որովհետեւ դեռ անելիք ունեմ, որովհետեւ ուզում եմ, որ իմ ընտրատարածքի բնակիչները ունենան լավ պատգամավոր, բարեխիղճ եւ իրենց հոգսերը իմացող: Նաեւ՝ բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ կան, որոնք իմ պատգամավորության ընթացքում չեմ հասցրել իրականացնել, ինքս ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ եմ եւ պատգամավորությանս ընթացքում աշխատել եմ մի շարք օրենքների նախագծերի վրա: Այժմ էլ ունեմ ծրագրեր, որոշ օրենքներում փոփոխությունների եւ լրացումների առաջարկներ ունեմ ու հույս ունեմ, որ ընտրողը կտա իր քվեն եւ ինձ նորից կգործուղի խորհրդարան ու կտա հնարավորություն շարունակելու գործերը։

– Բայց, պարոն Սարգսյան, Ձեր պատգամավորության ընթացքում Դուք ոչ մի անգամ չեք մոտեցել խորհրդարանի ամբիոնին, Դուք չխոսկան պատգամավորների ցանկում եք, եթե ընտրվեք՝ դարձյա՞լ շարունակելու եք լռել։

– Համաձայն եմ, ես նաեւ իմ տեսակով եմ չխոսկան, տանը, օրինակ, երեխաներիս հետ էլ եմ կարճ խոսում, իմ ընտանիքը գիտի, որ ես ավելի շատ գործ եմ անում, քան խոսում եմ: Այո, գուցեեւ Ազգային ժողովում պիտի փորձեմ ավելի շատ երեւալ ամբիոնին, խոսքս ասեմ ոչ միայն հանձնաժողովում քննարկումների ժամանակ, ինչը արել եմ մշտապես, այլեւ ԱԺ ամբիոնից, լիագումար նիստերի ժամանակ։ Բայց եկեք անկեղծ լինենք եւ, չվիրավորելով ոչ մեկին, ասենք՝ իսկ ամբիոնից չիջնող քանի՞ պատգամավոր գիտեք, որ գործի մարդ են: Ես քչերին գիտեմ։ Այնպես որ, խոսքը՝ խոսքը, բայց ինձ համար գործն է ավելի կարեւոր: Վստահ եմ, ընտրողի համար՝ նույնպես։

 

Զրույցը՝ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ»

24,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031