Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իշխանությունը եւ իշխանությունները

Մարտ 25,2017 16:30
merujan Ter-Gulanyan

Այսինքն թե` գնացողը եւ եկողները: Գնացողը իր հետ պետք է որ տանի այն, ինչ անձնական էր եւ երկրին թողնելով հիմնականը, ինչը, որ երկրինն էր, ինչը, որ ինքն էր արել երկրի համար` իր կառավարման ժամանակներում:

Իսկ ժամանակը, ինչպես վաղ գարնանային ձյուն, իր հետ տանում է մեր կյանքի օրերը, ծաղկած ծիրանի ծառի ծաղիկները` թողնելով հասնող ծիրանը մեզ:

Ինչ գեղեցիկ է, որ գնացողը մեզ ծիրանի ծառ է թողնում եւ վերջապես ինչ հրաշալի կլինի, որ եկող իշխանությունները պատվով ճանապարհեն գնացողներին: Մի տեսարան, որ հայոց անկախ պետականության մեջ, թերեւս, առաջին անգամ կլինի:
Ամեն մարդ, ապրելով Աստծո ստեղծած աշխարհում, փնտրում է իր ճշմարտությունը, որը անշուշտ, նեղ անձնական փիլիսոփայություն է: Ընդունելով մարդու եւ իմ փնտրտուքը այդ` ես նորից գալիս եմ մի պարզ եւ, աշխարհում արդեն ընդունված, եզրակացության, որն է հետեւյալը. պետությունը, մեր բոլորի համընդհանուր կամքի վերացական արտահայտությունը լինելով, միակ մեծ ճշմարտությունն է, որը, կայանալով մեր միջոցով, մեզանից վեր է:

Ունես պետություն` գտել ես ճշմարտությունը, չունես պետություն` թափառիր ճշմարտության փնտրտուքների մեջ` խնդրելով եւ նսեմանալով օտար տերությունների առաջ:

Ի՞նչ ենք ուզում մենք այսօր, աշխարհում մեզ տեսնել մեր անձնական պատկերացումների մեջ, թե՞ ցուցաբերենք հաստատուն կամք պետություն ստեղծելու, երբ կարող են այդ պատկերացումները երբեմն չհամընկնեն վեց հարյուր տարի պետականություն կորցրած մեր ցեղի տարտամ ու սովորություն դարձած թափառ բնավորությանը:

Երբ խոնարհ էինք օտար տիրակալների առաջ եւ այսօր էլ խոնարհվում ենք դրսերում, մեր երկրի ներսում` սակայն չընդունելով մեր իսկ ընտրած իշխանավորներին: Մենք մեզ համարում ենք մեծ մշակույթի ժողովուրդ եւ իրավմամբ ճիշտ ենք համարում, բայց ցանկացած մշակույթ խաթար է, քանի դեռ չի ստեղծել ուժեղ պետականություն, ինչի շեմին մենք այսօր կանգնած ենք:

Գրեցի այս տողերը ու հասկացա, որ ինչը, որ չի արվել քո մասնակցությամբ, քո ջանքերով, քոնը չէ, քո երազանքը չէ, ինչպես որ եթե դո՛ւ չես խնամել ու դաստիարակել քո զավակին, ուրեմն զավակդ քեզ ծնող ունենալով կրկնակի որբ է մեծանում:
Մինչդեռ կյանքի հավերժական կանոնը հորդորում է՝ երանի նրան, ով իր երկիր-պետության եւ՛ ծնողն է, եւ՛ զավակը:

Ու չմոռանանք նաեւ, որ շուտով ծիրանենին կծաղկի:

 

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ»

24,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031