Լրահոս
Օրվա լրահոսը

Սոցապնախարարության ու Երկրապահի տված գումարներն էլ է ԴԱՀԿ-ն բռնագանձել

Մարտ 25,2017 16:00

Արթուր Չոբանյանը, որպես աջակցություն, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից ու Երկրապահ կամավորականների միությունից գումար է ստացել: Սոցապը քաղաքացու հաշվին փոխանցել է 261 հազար դրամ` որպես սոցիալական աջակցություն բիզնես (հողագործություն) սկսելու համար, Երկրապահն էլ` 140 հազար դրամ ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցելու համար: Սակայն Արթուր Չոբանյանն այդ գումարների երեսն էլ չի տեսել, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը` ԴԱՀԿ-ն, այդ գումարների վրա միանգամից արգելանք է դրել: Այդ մասին քաղաքացին իմացել է, երբ փորձել է բանկի իր հաշվից գումարները ստանալ:

Բանն այն է, որ Արթուր Չոբանյանն, այսպես ասած, ալիմենտի պարտք ունի: Նրա կինը դատարանով բաժանվել է, եւ երեք երեխաների խնամքի համար դատարանը երեխաների հորը` Արթուրին, պարտավորեցրել է ամսական 100 հազար դրամ վճարել: Սակայն երբ քաղաքացի Չոբանյանի փաստաբանը որոշումը բողոքարկել է եւ հայտնել, որ Արթուրը չի աշխատում, ավելին՝ արդեն 7 տարի է՝ 3-րդ կարգի հաշմանդամություն ունի, դատարանը վերանայել է ալիմենտի չափը` 100 հազար դրամից դարձնելով 30 հազար: Այսինքն` ամեն երեխայի խնամքի համար Արթուրը պետք է վճարի 10 հազար դրամ:
Արթուր Չոբանյանը պատճառաբանում է, որ ալիմենտ չի վճարել, քանի որ կինը՝ Գայանե Անտոնյանը, դատարանի սահմանած պայմանը խախտել է եւ երեխաներին 15 օրը մեկ չի տվել հորը:

Արթուր Չոբանյանը բնակվում է Մասիսի Արբաթ գյուղում: Գումարը, որը նրան տրամադրել է սոցապնախարարությունը, հողագործությամբ զբաղվելու համար էր, սակայն ԴԱՀԿ-ի բռնագանձելուց հետո Արթուր Չոբանյանի ծրագրերն ի չիք են դարձել: Նրա խոսքով՝ վարկեր էր վերցրել, կարտոֆիլի սերմացու գնել եւ 4600 քառակոսի մետր կարտոֆիլ ցանել՝ 1000 քմ-ի համար օգտագործելով 350 կիլոգրամ սերմացու: Առանց քաղաքացուն տեղյակ պահելու գումարները արգելանքի տակ են հայտնվել, մինչդեռ Արթուրն այդ գումարների հետ հույս կապելով է բիզնեսին ընթացք տվել: Նրա խոսքով՝ կարտոֆիլի սերմացուն կիլոգրամը 300 դրամով է գնել` հույս ունենալով, որ կվաճառի եւ վարկի գումարները կվերադարձնի: Կարտոֆիլի ցանքատարածության համար նաեւ ապառիկ պարարտանյութ է ձեռք բերել, որի համար նույնպես ծրագրել է այդ գումարներով վճարել: Սակայն բանկի տոկոսները պտտվում են, իսկ Արթուրը չի կարողանում Երկրապահի տված օգնությունից անգամ օգտվել ու այդ տոկոսները մարել:
Ձեռնունայն մնացած Արթուր Չոբանյանի հաշվին, երեխաների ալիմենտի պարտքը հանած, 70 հազար դրամ է մնացել:

«70 հազարով ի՞նչ անեմ՝ աշխատողների՞ն գումար տամ, սերմացուի համա՞ր վճարեմ, պարարտանյութի՞ փողը փակեմ»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է Արթուր Չոբանյանը:

Վար ու ցանքի համար հատկացված գումարների բռնագանձումը համարելով անօրինական՝ քաղաքացին մի քանի գերատեսչության է դիմել, սակայն դրանով խնդիրը չի լուծվել: Արթուր Չոբանյանը նաեւ պնդում է, որ 140 հազար դրամ տվել է նախկին տիկնոջը` Գայանեին, սակայն հարկադիրում ավելի պակաս գումար են նշում` 100 հազար դրամ: Արթուրին ԴԱՀԿ-ում հայտնել են, որ պարտքը մոտ 300 հազար դրամի է, սակայն Արթուր Չոբանյանը պնդում է, որ ավելի գումարներ են իրեն դեմ տալիս, քանի որ ինքը չի վճարել 5 ամիսների համար, այն էլ` դատարանի վճռով պակասեցված գումարներով հաշվարկված: Արթուրի հաշվարկներով՝ իր պարտքը 200 հազար դրամի կարգի է, որից մեծ մասը վճարել է:

«Առավոտը» արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայությունից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են նշյալ քաղաքացու գումարների վրա արգելանք դրել, արդյո՞ք ալիմենտի պարտքի պատճառով: Հարցրել էինք նաեւ, թե
ընդհանուր առմամբ որքա՞ն է կազմում Արթուր Չոբանյանի պարտքը, ո՞ր ամսից սկսած չի վճարել, եւ քաղաքացին ամսական որքա՞ն պետք է վճարի ալիմենտի համար:
Մեզ հետաքրքրում էր նաեւ, թե արդյո՞ք սոցիալական աջակցության նպատակով քաղաքացու հաշվին փոխանցված գումարները նույնպես ենթակա են բռնագանձման: Խնդրել էինք տրամադրել այս փոխանցումը հաստատող որեւէ փաստաթուղթ` կտրոն կամ գրություն:

ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության միջազգային հարաբերությունների եւ հասարակայնության հետ կապերի բաժնից մեր հարցմանն այսպես պատասխանեցին. «Հայտնում ենք, որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության Արարատի մարզային բաժնի Մասիսի բաժանմունքում Արթուր Կլիմենտի Չոբանյանի վերաբերյալ կան հարուցված կատարողական վարույթներ, որոնց շրջանակներում համապատասխան պարտավորության չափով արգելանքներ են կիրառվել պարտապանի գույքի եւ դրամական միջոցների վրա։

Համաձայն «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի՝ կատարողական վարույթի ընթացքում կողմերը (պահանջատերը եւ պարտապանը) իրավունք ունեն ծանոթանալ կատարողական վարույթի նյութերին, քաղվածքներ անել դրանցից, ստանալ պատճեններ: Վերոգրյալից հետեւում է, որ Ծառայությունը կողմերի ցանկության դեպքում կարող է կատարողական վարույթից նյութեր տրամադրել նրանց:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե սոցիալական աջակցության նպատակով քաղաքացու հաշվին փոխանցված գումարները ենթակա՞ են արդյոք բռնագանձման, թե՞ ոչ, ապա հայտնում ենք, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածը հստակ սահմանում է դրամական գումարների ցանկը, որոնց վրա բռնագանձում չի տարածվում»:

Այսինքն` ԴԱՀԿ-ն իր պատասխանում հաստատում է, որ սոցիալական աջակցության նպատակով քաղաքացուն տրամադրված գումարները նույնպես ենթակա են բռնագանձման, սակայն թե որքան գումար է Արթուրն իրականում վճարել՝ ԴԱՀԿ-ից չեն հայտնում: Ինչ վերաբերում է, որ կողմերը կարող են դիմել ԴԱՀԿ ծառայություն եւ տեղեկատվություն ստանալ, ապա այս առնչությամբ Արթուր Չոբանյանը նշում է, որ իր հեռախոսազանգերին ԴԱՀԿ Մասիսի ծառայությունում չեն ցանկանում պատասխանել, գործը վարող նամակներին` նույնպես:

 

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

24,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031