Իջեւանին ներդրումներ պետք չե՞ն
Այս տարվա փետրվարի 27-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը սփյուռքահայերին կոչ արեց մասնակից լինել Հայաստանի ապագայի կառուցմանն ու ասաց, որ պետք է միավորել ուժերը, բազմապատկել հնարավորություններն ու շտկել մեր կեցվածքը աշխարհի նիստուկացի մեջ: Ըստ վարչապետի՝ հերթական սխալները թույլ տալու իրավունք այլեւս չունենք: Իսկ մարտի 15-ին՝ արդեն ՀՀԿ նախընտրական քարոզչական հավաքներից մեկում, ասաց` տնտեսություն զարգացնելու եւ առաջ մղելու համար առաջին գործառույթն այն է, որ պաշտոնյան չպետք է խանգարի բիզնեսին: Իջեւանի քաղաքապետը, սակայն, որոշել է վարչապետի ասածով չանել:
Իջեւանի քաղաքապետը, ինչպես եւ ՀՀ վարչապետը, ՀՀԿ-ական է՝ Վարդան Ղալումյան: Բայց, ի տարբերություն Կարեն Կարապետյանի, Վարդան Ղալումյանը մի շարք կուսակցություններ է փոխել՝ «Ժառանգություն», ՀՀԿ, ԲՀԿ, նորից ՀՀԿ: ԲՀԿ ուժերով քաղաքապետ դարձած Ղալումյանը սկսել էր աշխատել ՀՅԴ-ի համար, քանի որ ՀՅԴ-ական ընկերներ ունի: Սա իմանալով՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը խիստ բարկացել էր Ղալումյանի վրա, ու օրեր անց Ղալումյանը դարձել է ՀՀԿ-ական: Հիմա՝ ՀՀ ԱԺ ընտրությունների քարոզարշավի օրերին, ՀՀԿ-ական Վարդան Ղալումյանը աշխատում է երեք ճակատով՝ ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավարն է, բայց աշխատում է նաեւ ՀՅԴ եւ «Ծառուկյան» դաշինքի համար:
Վարդան Ղալումյանի բազմակուսակցական գործունեությունը չի վնասում իջեւանցուն, իսկ ահա քաղաքապետ Վարդան Ղալումյանի քայլերը վնասում են:
Մեր տեղեկություններով՝ քաղաքապետը խոչընդոտում է ներդրումներին: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ մարզի Գետահովիտ գյուղում սուպերմարկետ կառուցած գործարար Վալերի Մելիքբեկյանը Իջեւանում հող է գնել, որ սուպերմարկետ կառուցի: Շինարարության վրա կաշխատեր մոտ 50 մարդ, իսկ գործող եւ շուրջօրյա աշխատող սուպերմարկետում՝ 100: Երկրորդ հարկում կլինեին արագ սննդի կետ, կահույքի խանութ, առեւտրային տարածքներ: Ծրագիրը մնացել է թղթի վրա: Քաղաքապետի անբարյացակամ վերաբերմունքի արդյունքում գործարարը վաճառել է հողն ու հրաժարվել ծրագրից: Բայց Կարեն Կարապետյանն ասում էր՝ պետք է միավորել ուժերն ու բիզնեսին խանգարել չի լինելու:
Կարդացեք նաև
Իջեւանի մատույցներում փոքր ՀԷԿ կառուցելու ծրագիր է ունեցել «Ջուրլույս» ընկերությունը, տնօրեն՝ Արամայիս Ամիրյան: Շինարարությունում կաշխատեր 30 մարդ, գործող ՀԷԿ-ում՝ 12: Անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը կան. ջրօգտագործման թույլտվություն, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տված լիցենզիա, փորձաքննությունների եւ հանրային լսումների եզրակացություններ եւ այլն: Քաղաքապետը չի տալիս շինթույլտվություն: Բայց Կարեն Կարապետյանն ասում էր՝ պետք է միավորել ուժերն ու բիզնեսին խանգարել չի լինելու: «Ջուրլույս» ընկերությունը դիմել է դատարան եւ շահել դատը: Քաղաքապետը չի կատարում դատարանի որոշումը: Մեր աղբյուրի պնդմամբ՝ տարիներ առաջ գերմանացի գործարարներ են եկել Իջեւան եւ առաջարկել քաղաքի մատույցներում՝ անտառի փեշին, հանգստյան գոտի կառուցել: Քաղաքապետ Վարդան Ղալումյանի հետ մեկ հանդիպումից հետո հիասթափվել եւ հեռացել են: Բայց Կարեն Կարապետյանն ասում էր՝ պետք է միավորել ուժերն ու բիզնեսին խանգարել չի լինելու:
Առնվազն հասկանալի չէ ծնունդով իջեւանցի քաղաքապետի նման վերաբերմունքն առ Իջեւան: Հասկանալի չէ, թե ինչու ՀՀԿ-ական համայնքապետի համար արժեք չունի ՀՀԿ առաջին փոխնախագահ, երկրի վարչապետի խոսքը:
Արդեն մի քանի օր է՝ «Առավոտը» փորձում է այս հարցերի շուրջ Իջեւանի քաղաքապետի մեկնաբանությունները ստանալ: Վերջինս կամ չի պատասխանում մեր հեռախոսազանգերին, կամ 2-3 զանգ գնալուց հետո անջատում է:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ»
24,03.2017
Կեցե Վարուժան Ներսիսյան, Կեցե «գործարար» Վալերի Մելիքբեկյան…
Արդեն որերորդ անգամ ԱՌԱՎՈՏ-ը Իջեւանի քաղաքապետի դեմ նյութ է գրում, քաղաքապետը լռում է, իսկ թերթի կայքում հայտնվում են լրագրողին ՍՊԱՆՈՂ մենկաբանություններ: Վարդան Ղալումյանն ասելու բան ունի՝ թող հեռախոսազանգերին պատասխանի: Թե չէ համացանցում անհասցե ինչ ուզում ես ասա՝ սկսած էս կառավարությանը մերը…հայհոյանքից: