Լրահոս
Օրվա լրահոսը

«Առեւանգված» երեխան կենսաբանական հոր մոտ է

Մարտ 25,2017 15:00

Մայրն էլ պահանջում է հարգել իր
ձվաբջջի եւ մայրական բնազդի կանխավարկածը

Լենա Հ.-ն 2015 թվականին կապ է հաստատել ԱՄՆ եւ ՀՀ քաղաքացի Կարեն Հ.-ի հետ եւ տեղյակ լինելով, որ երկար տարիներ ընտանիքը երեխա չի ունենում, առաջարկել է, որպեսզի լինի փոխնակ: Պայմանավորվածության համաձայն՝ երեխայի ծնվելուց անմիջապես հետո մայրը երեխային պետք է հանձներ Կարեն Հ.-ի խնամքին ու դաստիարակությանը: Քանի որ Կարեն Հ.-ն չէր ցանկացել բնական ճանապարհով սեռական հարաբերություն ունենալ, Լենան առաջարկել էր, որպեսզի վերջինիս տրամադրվի Կարենի սերմնահեղուկը՝ արհեստական եղանակով հղիության համար: Այդպես էլ արվել էր: Երեխայի ծնվելուց հետո կենսաբանական հայրը տասնհինգ հազար դոլար պիտի տար Լենային, նաեւ հնարավորություն՝ ԱՄՆ մեկնելու:

Ինչպես տեղեկացնում է Կարենի ներկայացուցիչը՝ փաստաբան Գուրգեն Թորոսյանը, Կարենը հղիության ժամանակահատվածում, Լենայի ծննդաբերելուց հետո էլ հոգ է տարել նրա մասին: Ծնվել է որդին: Լենան հրաժարվել է երեխային մայրական կաթով կերակրելուց, երեխան սնվել է արհեստական կաթով: Երեխան հանձնվել է կենսաբանական հոր խնամքին, իսկ Լենան նստելով տաքսի ավտոմեքենա՝ մոր եւ եղբոր հետ գնացել են իրենց տուն: Հետագայում Կարենը պարզել է, որ Լենան առանց իր տեղեկության գնացել է ՔԿԱԳ մարմին եւ կեղծ տեղեկություններ ներկայացնելու միջոցով գրանցվել, որպես միայնակ մայր, իսկ փոքրիկի հայրանունն էլ գրել մեկ այլ անունով, որը, ըստ Կարենի, հնարավոր «գնորդը» պետք է լիներ:

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 30-ից հետաձգում էր նիստերը, քանի որ Կենտրոն համայնքի ղեկավարի գրությամբ համայնքապետին առընթեր խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի եզրակացությունը չէր ստացվում: Վերջապես մարտի 10-ի թվագրությամբ այն ստացվել է:

Դատարանը նախապատրաստական փուլից անցավ դատաքննության եւ մայիսի 15-ին նշանակեց Կարեն Հ.-ի հայցն ընդդեմ Լենա Հ.-ի, երրորդ անձ՝ Կենտրոն վարչական տարածքի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի՝ հայրության ճանաչման եւ երեխայի բնակության վայրը հոր բնակության վայրում սահմանելու պահանջների մասին: Լենա Հ.-ն ներկայացրել է հակընդդեմ հայց՝ երեխայի բնակության վայրը մոր բնակության վայրում սահմանելու պահանջի մասին:

Հանձնաժողովը այցելել էր Լենայի եւ Կարենի բնակարանները:

Լենան բնակվում է երկու եղբայրների եւ ծնողների հետ, չորս սենյականոց բնակարանում, չի աշխատում, չունի անշարժ գույք: Նա հանձնաժողովին ցույց էր տվել ծնողների բնակարանում նախատեսված երեխայի սենյակը:

Նա հայտնել էր, թե Կարենը թույլ չի տալիս տեսակցել փոքրիկի հետ, կերակրել: Նա ասել էր, որ երեխայի ծնվելուց հետո իր մոտ առաջացել է մայրական բնազդը եւ խնդրել էր հաշվի առնել այն հանգամանքը, որ «ձվաբջիջն իրեն է պատկանում»:
Կարենը նույնպես բնակվում է Երեւանում, երկու սենյականոց բնակարանում, իր կնոջ եւ որդու հետ, հարմարավետ պայմաններում:

Հանձնաժողովը հնարավոր էր համարել, որ որդին մնա հոր հետ, սակայն հարցի վերջնական լուծման համար այն թողնվել է դատարանի հայեցողությանը:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ.- ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի, այն է՝ մարդու առեւանգման հատկանիշներով: Նշված քրեական գործով նշանակվել էր դատագենետիկական փորձաքննություն, համաձայն որի՝ Կարենը 99,976% հավանականությամբ հանդիսանում է հայրը, իսկ Լենան՝ 99,995% հավանականությամբ՝ մայրը: ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Ս.Պողոսյանը որոշում էր կայացրել «Քրեական հետապնդում չիրականացնելու եւ քրեական գործի վարույթը կարճելու մասին»:

«Առավոտ»

24,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031