Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեք տենոր» նախագիծը սպասվում է նաեւ մեր օպերային թատրոնում

Մարտ 25,2017 14:30

Հավաստիացնում է օպերային երգիչ Պերճ Քարազյանը

Վերջերս «Սանկտպետերբուրգյան պալատներ» միջազգային երաժշտական փառատոնի հերթական՝ «Երեք տենորներ» նախագծին, որ կայացել է Սանկտ Պետերբուրգի Գեորգիեւյան համերգային դահլիճում, մասնակցել է նաեւ ՀՀ վաստակավոր արտիստ, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Պերճ Քարազյանը:

«Առավոտի» հետ զրույցում արվեստագետը նախ ասաց, թե նախկինում շուրջ 10 անգամ հրավիրվել է «Սանկտպետերբուրգյան պալատների» կողմից, նշեց, որ ընթացիկ տարին հոբելյանական է փառատոնի համար՝ այս տարի 25-րդն է: Հավելեց, որ ջութակահար, ՌԴ վաստակավոր արտիստ, փառատոնի գեղարվեստական ղեկավար Մարիա Սաֆարյանցը մշտապես տարբեր տարիների հրավիրել է ոչ միայն մեր օպերային երգիչներին, այլեւ գործիքային կատարողների եւս:

«Կայացած համերգին հնչեցին Բելինիի, Ռոսինիի, Բիզեի, Վերդիի, Դոնիցետիի, Լեգարի, Չայկովսկու ստեղծագործություններից, ինչպես նաեւ նեոպոլիտանական երգեր գործընկերներիս՝ Դարիո Դի Վիետրիի (Իտալիա), Վիտալի Սերեբրյակովի (Ռուսաստան) եւ բնականաբար՝ իմ մատուցմամբ: Բեմում էր միջազգային «Տավրիչեսկի» սիմֆոնիկ նվագախումբը, դիրիժորական վահանակի մոտ էր Կաբարդինո-Բալկարիայի ժողովրդական արտիստ Միխայիլ Գոլիկովը»,- ներկայացրեց Պերճ Քարազյանը: Ապա հայտնեց. «Աշխարհին հայտնի է իտալական տենորների տրիոն՝ Պավարոտտի, Դոմինգո, Կարերաս: Լայն լսարանի համար պետք է նշեմ, որ բարդ է նույն երգչական ձայներից անսամբլի ստեղծումը, քանի որ, այս դեպքում՝ տենորը լինում է լիրիկականից մինչեւ դրամատիկ, այսինքն՝ նուրբ ձայնից մինչեւ հերոսական: Երեկոյի ծրագիրն իսկապես ներկայանալի էր, ընտրված ճաշակով: Տիկին Սաֆարյանցին իսկապես հաջողվել էր «պեղել» նշածս տվյալներն ունեցող տենորների: Գեորգիեւյան համերգային դահլիճում, որ նախատեսված է 450 հանդիսականի համար, ներկա էր շուրջ 600 ունկնդիր եւ համերգից հետո միայն ականջիս հասավ, որ մի քանի տասնյակ ցանկացողներ եւս չեն կարողացել ներկա գտնվել: Երեքս առանձին-առանձին ներկայանալուց բացի, նաեւ միասին հնչեցրինք իտալական հայտնի «Վերադարձիր Սորրենտո» նեոպոլիտանական երգը, որից հետո հանդիսատեսը համառորեն չէր թողնում հեռանայինք ու հանպատրաստից, իհարկե՝ նվագախմբի ընկերակցությամբ, հնչեցրինք դարձյալ հանրահայտ «Օ՜ իմ արեւ» երգը»:
Դիտարկմանը՝ մեր օպերային թատրոնի մեներգչուհիներ, ՀՀ վաստակավոր արտիստներ Մարինե Դեինյանը, Մագդա Մկրտչյանն ու Նունե Բադալյանը ժամանակին ներկայացրին «Երեք սոպրանո» նախագիծը, որից հետո հանդիսատեսը կարծես սպասում էր «Երեք տենորին», ինչը այդպես էլ չկայացավ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Օրերս թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի հետ հենց այդ նախագծի մասին էինք զրուցում: Այս պահին չեմ կարող ասել՝ երեք տենորներն էլ կլինեն մե՞ր թատրոնից, թե՞ կլինեն նաեւ հրավիրյալներ, քանի որ դա մաեստրոյի որոշելիքն է: Բայց որ առաջիկայում մեր ունկնդիրը թատրոնում ներկա կգտնվի «Երեք տենոր» նախագծին՝ հաստատ է»:

Պերճ Քարազյանը (աջից), Դարիո Դի Վիետրին եւ Վիտալի Սերեբրյակովը՝ Մարիա Սաֆարյանցի հետ:

Պերճ Քարազյանը Ազգային օպերային թատրոնում դերերգերի պակաս չունի, նա ընդգրկված է խաղացանկային բոլոր ներկայացումներում: Հետաքրքրվեցինք նոր՝ սպասվելիք դերերգերով: «Այս պահին երկու դերերգ պետք է նշեմ՝ Դուքսը՝ Վերդիի «Ռիգոլետո» եւ Նեմորինոն՝ Դոնիցետիի «Սիրո ըմպելիք» օպերաներում»,- առանց ժամկետներ կոնկրետացնելու՝ ասաց երգիչը:

Հիշեցնենք, որ Մարիա Սաֆարյանցը 2016-ին ներկա էր Երեւանի օպերային թատրոնում ամուսնու՝ Կոնստանտին Օրբելյանի՝ իբրեւ թատրոնի գեղարվեստական ղեկավար առաջին բեմելի առիթով («Առավոտ», 11.10.2016թ.), մեզ հետ զրույցում էլ նշել էր, որ «Սանկտպետերբուրգյան պալատները» ներառում է ոչ միայն դասական, այլեւ ֆոլկ, էթնիկ երաժշտարվեստներ եւս, տարբեր նախագծերը կայանում են ոչ միայն հայտնի համերգասրահներում, այլեւ թանգարաններում նույնպես: Կեսկատակ-կեսլուրջ հետաքրքրվել էինք, թե բազմազբաղ վաստակավոր արտիստ ամուսիններին հաջողվո՞ւմ է հանդիպել տանը, մանավանդ՝ Օրբելյանի հիմնական աշխատավայրը այլեւս Երեւանի օպերային թատրոնն է: Տիկին Սաֆարյանցը նույնպես կատակով պատասխանել էր. «Շնորհակալ եմ հոգատարության համար, հանդիպում ենք այլ քաղաքներում եւս, այսուհետ կհանդիպենք նաեւ Երեւանում»:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

24,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031