Լրահոս
Օրվա լրահոսը

Ծաղկային ժպիտ` բարեւի փոխարեն

Մարտ 25,2017 13:00

Տարիներ առաջ փետրվարի 16-ին փոքրիկ Վարդանը, կամ ինչպես նրան սիրում են անվանել երեւանցիները՝ «Մեր օրերի Կարաբալան», վթարի ենթարկվեց, բայց հիմա` դեպքից 19 տարի անց, նա նորից պատմում, վերհիշում ու… ժպտում է. «6 տարեկան էի, երբ հայրս լքեց մեզ` թողնելով երեք անչափահաս երեխաներին հիվանդ մորս հույսին: Ընտանիքիս ամբողջ բեռն ընկավ ուսերիս: Հանրապետության հրապարակում՝ Պատմության թանգարանի մոտ, սրճարան կար, տերը՝ Զորիկը, գումար տվեց, ասաց, որ մետրոյի տակից ծաղիկ բերեմ ու վաճառեմ սրճարանի մուտքի մոտ»:

Ձնծաղիկներ ու մանուշակներ էր վաճառում, Զորիկի գումարը վերադարձրեց, մի քիչ փող էլ իրեն մնաց: Ծաղիկներից հետո փուչիկ էր վաճառում: Անցորդները սիրում էին նրան, հոգ տանում, անունը Փուչո էին դրել: Դպրոց այդպես էլ չգնաց, տուն էր պահում: Ուսուցիչները լավ գիտեին Վարդանի ընտանիքի վիճակի մասին եւ շատ հաճախ ընդառաջում էին: «Ծաղիկ էի վաճառում «Պապլավոկ» սրճարանում, շոգ եղանակին ապրանքը դնում էի մի հարմար տեղ ու դիմացի լճում լողում: Մի օր շորերս գողացան, սրճարանի աշխատող Սվետա մորաքույրը հագուստ տվեց: Դրանից հետո ամեն անգամ հագուստս թողնում էի նրա մոտ: Շորերիս մեջ հաց էր դնում: Հաճախ էր պատահում, որ սոված էի լինում եւ լողանալու պատրվակով գնում էի նրա մոտ»,- հիշում է Վարդանը: Նա հիմա ապրում է հոգատար մարդկանց շնորհիվ, քաղաքի հին դեմքերից շատերն են նրան որդու նման սիրել: «Զորիկը, Սվետան, Նելլի Դուրյանը, Հրազդանի ձորի պահակ Մանո պապը, ով ինձ հետ պահեց վատ շրջապատից: Նալբանդյան փողոցում գտնվող վարսավիրանոցի տերը՝ Կարենը, եւս ինձ շատ է օգնել, հիմա երեխայիս կնքահայրն է»,-ասում է մեր զրուցակիցը: 14 տարեկանում նա վատ շրջապատ էր ընկել, թղթախաղի գերի դարձել:

«Պապլավոկում» Վարդանին 5000 դրամ վստահեցին, հետ չվերադարձրեց, հետո երկար տարիներ «երեսը չէր բռնում» հետ գնալ, ամաչում էր արածի համար: Տարիներ անց հետ եկավ, Վաչագան Նուշիկյանին խնդրեց հետ ընդունել աշխատանքի, ընդառաջեցին: «Մինչեւ կյանքիս վերջը շնորհակալ կլինեմ»,-ասում է Վարդանը: Մի քանի տարի առաջ Հյուսիսային պողոտայում հանդիպեց ապագա կնոջը, որոշեց, որ պետք է ծանոթանա նրա հետ. «Երբ եկավ ամուսնանալու ժամանակը, լուրջ խնդրի առաջ կանգնեցի՝ ո՞վ աղջիկ կտար երկրորդ կարգի հաշմանդամին: Երկուսով թաքցրինք ճշմարտությունն ու ամուսնացանք, տղա ունեցանք, որը հիմա արդեն սկսել է օգնել ինձ: Մեկ-մեկ հետեւիցս վազում-գալիս է: Հետս բերում եմ ծաղիկ ծախելու»: Վարդանն իր լավատեսությամբ վարակել է նաեւ իր փոքրիկին, ում աչքերը լցված են ապագայի հավատով: «Աստծո առաջ ինքս ինձ խոսք եմ տվել՝ քանի տղա ունենամ, 12 առաքյալների անուններով եմ կոչելու: Առաջնեկիս անունը Մարկոս է: Ես պարզապես երջանիկ մարդ եմ ինձ համարում, երջանիկ եմ, որովհետեւ կարողանում եմ ամեն առավոտ բարեւի փոխարեն մարդկանց ծաղկային ժպիտ պարգեւել»,-ասում է նա: Վարդանն անկեղծացավ, որ ամեն առավոտ աղոթքի պես չի մոռանում շնորհակալ լինել այն մարդկանց, ում շնորհիվ նա հիմա կա. «Ես ապրում եմ բարի մարդկանց շնորհիվ»:

 

ԼԻԼԻԱՆԱ ՕՍԻՊՅԱՆ

«Առավոտ»

24,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031