Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովուրդն անվստահություն ունի ՀՀԿ-ի նկատմամբ, դա ակնհայտ է». Դավիթաշենցին՝ վարչապետին. (Ֆոտոշարք և տեսանյութ)

Մարտ 24,2017 22:00

«Ստանում եմ 55 հազար դրամ աշխատավարձ, պատկերացնո՞ւմ եք պարոն վարչապետ, սպայի հայր եմ». բողոքեցին Կարեն Կարապետյանին:

Այսօր Դավիթաշենքում ՀՀԿ-ի քարոզարշավի ժամանակ մի կին վարչապետ Կարեն Կարապետյանին հարց ուղղեց. «Ինչ եք կարծում, հնարավո՞ր է ապահովել պետական համակարգի արդյունավետ աշխատանքը այն դեպքում, երբ պետական աշխատողը ստանում է ցածր աշխատավարձ, առավելագույնը՝ 150 հազար դրամ եւ միաժամանակ բացառել կաշառակերությունը»:

Վարչապետը պատասխանեց, որ պետական կառավարման համակարգում լուրջ փոփոխություններ են անելու. «Կառավարման պետական համակարգի այսօրվա վարձատրությունը թույլ չի տալիս լավագույն մասնագետների հավաքել»: Վարչապետն ասաց, որ իր թիմին մասնավոր հատվածից է ներգրավել եւ նրանք աշխատավարձի տեսանկյունից տուժել են կամավոր:

Կարեն Կարապետյան ասաց, որ այսօր բազմաթիվ խնդիրների պարագայում, սոցիալ-տնտեսական լարվածության պարագայում, եթե դրանից սկսեին եւ նախ պետական աշխատողների աշխատավարձը բարձրացնեին, կասեին՝ «հլը ոչ մի բան չարած՝ իրենց աշխատավարձն են բարձրացնում»:

Կույրերի միավորումում աշխատող Ատոմ Երեմյանը վարչապետին հարցրեց. «Ես առաջին խմբի հաշմանդամ եմ տեսողությունից, հենակներով եմ ման գալիս ավտովթարի պատճառով, ասեմ, որ իմանաք: Իմ տղան զինվորական է, այս պահին մեր երկրի խաղաղությունն է պաշտպանում Ջաբրայիլում, ես աշխատում եմ, ստանում եմ 55 հազար դրամ աշխատավարձ: 55 հազար, պատկերացնո՞ւմ եք, պարոն վարչապետ, սպայի հայր եմ, երկիր պաշտպանող սպայի հայր: Դուք որեւէ բան մշակո՞ւմ եք Կույրերի միավորման հետ կապված»:

Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Իհարկե, 55 հազար դրամը շատ հեռու է բավարար լինելուց, որպեսզի նորմալ կենցաղային պայմանները…Մենք մտածում ենք բազիսային աշխատավարձ, կենսաթոշակ բարձրացնել»: Վարչապետը խոստացավ՝ մենք տրամադրված ենք, որ առնվազն  2018-ին աշխատավարձերի, կենսաթոշակների խնդիրները վերանայենք: Նա ասաց, որ հնարավոր է ավելի շուտ դա լինի: Ինչ վերաբերում է Կույրերի միավորմանը, վարչապետն ասաց, որ նախարարություններին խնդրել է տեղեկացնել բոլոր այն բարեփոխումները, որոնք սկսել են:

Մի կին էլ վարչապետին ասաց. «Ժողովուրդն անվստահություն ունի ՀՀԿ-ի նկատմամբ: Դա թաքցնել պետք չէ, ակնհայտ է: Բայց այս կարճ ժամանակվա ընթացքում դուք կարողացաք մի մասի մոտ ձեր հմայքով, ձեր գրավչությամբ, անմիջականությամբ, միգուցե մի մասն էլ համարում է ձեզ լավ մասնագետ…անձամբ ես ընդունում եմ որպես կիրառականն ավարտած մարդ, ինձ հետաքրքրում է, ձեր մրցակիցները, երբ հանդիպում են ժողովրդի հետ, մարդիկ գնում են անձի հետեւից: Այստեղ էլ ակնհայտ է, որ 10 դավթաշենցուց 9-ը ընտրում է Արթուր Գեւորգյան պատգամավորին: Հաշվի են առնում անձը, նրա փորձը, մարդկային արժեքները: Ձեր վրա մեծ պատասխանատվություն եք վերցրել, վտանգավոր չէ՞ անհատի հետեւից գնալը»:

Վարչապետը պատասխանեց, որ անհատին վստահել չվստահելը անձի խնդիրն է, բայց իրենք այնպիսի համակարգ են ուզում կառուցել, որ մարդիկ չիմանան, դժվարանան հիշել իրենց քաղաքապետի, համայնքապետի, վարչապետի անունը, համակարգը ավտոմատ աշխատի՝ անկախ անձից:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031