Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի բոլոր աղբավայրերը քարտեզագրման եւ մաքրման փուլում

Մարտ 24,2017 17:56

Հայաստանն արդեն 9-րդ անգամն է, ինչ միանում է «Մոլորակի ժամ» նախաձեռնությանը` մեկ ժամով անջատելով մայրաքաղաքի եւ հանրապետության մի շարք այլ քաղաքների շենքերի եւ խորհրդանիշ հանդիսացող հուշարձանների արտաքին ու փողոցային լուսավորությունը:

Աշխարհն այս տարի «Մոլորակի ժամ»-ը կնշի մարտի 25-ին, ժամը` 20:30-ից 21:30-ը: «Մոլորակի ժամը» համաշխարհային արշավի նպատակն է հասարակությանը, բիզնես աշխարհին, համայնքներին եւ այլ շահագրգիռ կողմերին միավորել լույսերը մեկ ժամով անջատելու գաղափարի շուրջ՝ հանուն կարեւոր բնապահպանական խնդիրների բարձրաձայնման:

Նախաձեռնությունն առաջին անգամ մեկնարկել է 2007թ.-ին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում, որտեղ 2 միլիոն մարդ անջատել էր լույսերը` նպատակ ունենալով միավորել մարդկության ջանքերը կլիմայի փոփոխության դեմ մղվող պայքարում:

Հայաստանում միջոցառման նախաձեռնողն է «Բնության համաշխարհային հիմնադրամը»` WWF-ը, Երեւանի քաղաքապետարանի, ՀՀ բնապահպանության եւ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունների աջակցությամբ:

Հայաստանում «Մոլորակի ժամ»-ի այս տարվա գլխավոր թեմա է ընտրվել «Մաքուր Հայաստան»-ը: Նպատակն է անցկացնել աղբի մաքրման համազգային արշավ, որին կներգրավվեն հասարակության լայն շերտեր, ինչպես նաեւ բազմաթիվ շահագրգիռ կառույցներ:

«Մաքուր Հայաստան» նախաձեռնության գործողությունների ծրագիրը պետք է համաձայնեցվի հասարակության եւ համապատասխան հասարակական կազմակերպությունների հետ, նաեւ հաստատվի կառավարության կողմից:

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսով ազդարարվեց «Մաքուր Հայաստան» ծրագրի մեկնարկը: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է մաքրել Հայաստանի ողջ տարածքը կենցաղային աղբի կուտակումներից` կանխելով դրա հետեւանքների բացասական ազդեցությունը:

ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ Աշոտ Վարդեւանյանի խոսքերով` երկար ժամանակ պահանջող գործընթաց է, մի քանի տարի պետք է աշխատենք այս ուղղությամբ, քանի որ տարբեր բաղադրիչներից է այն կազմված: Առաջին հերթին մարդկանց մտածելակերպի փոփոխություն պետք է լինի, որպեսզի հասնենք մեր նպատակներին:

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության ներդրումային քաղաքականության վարչության պետ Արտաշես Բախշյանը հայտնեց, որ արդեն սկսվել է Հայաստանում բոլոր աղբավայրերի քարտեզագրման գործընթացը. «Սկսել ենք Նոյեմբերյանի հատվածից` քարտեզագրելով 42 աղբավայր: Տավուշի մարզում քարտեզագրել ենք 190 աղբակույտ, որից 33-ը` Դիլիջան քաղաքում»:

Արտաշես Բախշյանի փոխանցմամբ` ցանկացած քաղաքացի, տեսնելով որեւէ աղբակույտ, կարող է նկարել եւ ուղարկել համապատասխան հասցեով, եւ եթե տեսնեն, որ իրենց մոտ այդ աղբավայրը արձանագրված չէ, այն կհամալրի այդ ցանկը:

Ըստ Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանի` անաղբ Հայաստան ունենալը շատ կարեւոր է բոլորիս համար. «Մեր երեխաները պետք է խաղան մաքուր բակերում, տեսնեն մաքուր բնություն: Ինչքան շատ հասարակական կազմակերպություններ եւ քաղաքացիներ միանան նախաձեռնությանը, այնքան ավելի հաջող արդյունքների կհասնենք»:

«Բնապահպանական հարցերը բավական կարեւոր են, որոնք եթե պատշաճ ուշադրության չարժանանան, կարող են բացասական ազդեցություն ունենալ մեր շրջակա միջավայրի վրա: Մենք մեր լիարժեք մասնակցությունն ու պատրաստակամությունն ենք հայտնում մասնակցելու այս նախաձեռնությանը: Շատ կարեւոր է ոչ միայն կրթել կրտսեր սերնդին, այլեւ` օրինակ ծառայել»,-ասաց Երեւանի QSI միջազգային դպրոցի տնօրեն Ռոբի Ռենոն: Տնօրենը հավելեց` 20 տարիների ընթացքում, որ QSI-ը գործել է Հայաստանում, սաների շրջանում իրականացրել են կրթական նախաձեռնություններ, որոնց շրջանակում փորձել են բացատրել բնապահպանական հարցերի կարեւորությունը:

«Դաբլթրի բայ Հիլթն Երեւան սիթի սենթր» հյուրանոցի գլխավոր տնօրեն Լուչիանո Կասագրանդեն նշեց, որ իրենք նույնպես միանալու են նախաձեռնությանը. «Մարդիկ միավորվելով մեծ ուժ են կազմում եւ բնության պահպանության գործում կարող են մեծ հաջողությունների հասնել»:

Ասուլիսի բանախոսները կոչ արեցին բոլորին միանալ այս նախաձեռնությանը` ցանկացած ձեւաչափի մասնակցությամբ:

Հավելենք նաեւ, որ «Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ»-ի կողմից HSBC բանկում բացվել է համապատասխան հաշվեհամար, որի ողջ հասույթը պետք ուղղվի ծրագրի իրականացմանը:

Մերի Իսայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031