Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որով հերքել է Ռուսաստանից Աբխազիա С-300 զենիթային հրթիռային համակարգեր ուղարկելու, ինչպես նաև Վրաստանից Հայաստան ռազմական շարասյան անցման մասին հաղորդագրությունները: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը:
«Քարոզչական խառնաշփոթի պատճառ է դառնում ամեն ինչ. և՛ Աբխազիայի՝ Վրաստանի հետ սահմանին անցակետերը կրճատելու վերաբերյալ օրինական որոշումը, և՛ երկկողմանի համաձայնագիրը, որը Հարավային Օսիայի քաղաքացիներին թույլ է տալիս անհատական պայմանագրերով ծառայել ռուսական բանակում, «տեղեկատվական հնարք» է Աբխազիայում հավելյալ C-300 տեղակայելու մասին հաղորդագրությունները: Ֆանտաստիկա է նաև Վրաստանից Հայաստան ռուսական ռազմական շարասյան անցման մասին պատմությունը» ,-ասվում է ՌԴ ԳՆ-ի հայտարարության մեջ:
ՌԴ ԱԳՆ-ում կարծում են, որ «այս ամբողջ ներկայացումը նվիրված է մարտի 28-29-ին Անդրկովկասի հարցով ժնևյան քննարկումներին»:
«Ըստ ամենայնի, Թբիլիսն պատրաստվում է շարունակել երկխոսության սաբոտաժը ժնևյան հարթակում: Ահա և նախապես ձևավորվում է առճակատման-հիստերիկ մթնոլորտ»,-հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում:
Կարդացեք նաև
Մարտի 22-ին Վրաստանի նախկին իշխող կուսակցության («Ազգային միասնական շարժում») առաջնորդներից Նուգզար Ցիկլաուրին հայտարարել էր, որ Քվեմո Քարթլի շրջանում նկատվել են բեռնատար ավտոմեքենաներ՝ ռուսական պետհամարանիշներով, որոնք բեռ են տեղափոխել: Ցիկլաուրիի խոսքով՝ ըստ ամենայնի, բեռնատարները տեղափոխել են «ԲՈՒԿ» զենիթային հրթիռային շարժական համալիրներ, որոնք իբրև թե Վրաստանից ուղևորվել են Հայաստան: