Լրահոս
Օրվա լրահոսը

«1915 թվականը վերապրեցի». թուրքական լրատվամիջոցին ասել է 2011թ. սպանված Սևակ Բալըքչըի ավագ քույրը

Մարտ 24,2017 17:15

Ումուր Յեդիքարդեշ

Լերնա Բալըքչըն 2011 թ.՝ 1915 թ. ապրիլի 24-ի տարելիցին, զինվորական ծառայության ընթացքում սպանված Սևակ Բալըքչըի ավագ քույրն է։ 2013 թ. ծնվեց նրա որդին՝ Օդինը: Սևակի հետ պատահածն ու Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները լրջորեն անհանգստացնում են Բալըքչըին, և իր իսկ խոսքերով` «հերոսություն» գործելով` նա հայտնվում է Հայաստանում, ուր երբևէ չէր եղել։ Բալըքչըն ամուսնու հետ միասին Երևանում «Cosi E La Vita» («Այսպիսին է կյանքը») անվանմամբ սրճարան է բացել՝ վառ պահելով եղբոր հիշատակն ու իրականացնելով նրա երազանքները։  

Քանի որ Լերնա Բալըքչըն արդեն Երևանում է բնակվում, նրա հետ կապ ենք հաստատում համացանցի միջոցով և ուրախալի լուր ստանում, որ առաջիկա օրերին Ստամբուլ է գալու։ Գալուն պես պայմանավորվում ենք և հանդիպում «Moda» սրճարանում, որը նրա խոսքերով` «Կոստանդնուպոլսի միակ չփչացված վայրն է»։ Մեկական թեյ ենք պատվիրում և սկսում զրուցել.

«Սևակի մահից 2 տարի անց ծնվեց որդիս՝ Օդինը»։ Մտքովս անգամ չէր անցնում հեռանալ Թուրքիայից, սակայն ինչպես Հրանտ Դինքն է ասել՝ մեր աչքն այս հողերում թաղվելու վրա է։ Սևակի հետ կատարվածի, Թուրքիայում պայթող ռումբերի պատճառով սկսեցի անհանգստանալ Օդինի ապագայի համար։ Հրանտ Դինքը լրագրող էր, նրան կարդալ-վերջացնել էր պետք։ Այս երկրում լրագրողները, քաղաքական գործիչները սպանվում են, մարդիկ՝ ձերբակալվում։ Ցավոք, սա նորմալ երևույթ ենք դարձրել, սակայն եղբայրս ի՞նչ կապ ուներ։ Մտածեցի, որ դեպի անցյալն ենք վերադառնում։ Հայաստանը նախկինում երբևէ չէի տեսել, հապճեպ որոշում էր, գուցե նաև հերոսություն գործեցի»։

«Հինգ տարի է, ինչ Սևակը չկա, և ապաքինվե՞լ եմ արդյոք` չգիտեմ»

Լերնա Բալըքչըն ժպտադեմ, ուրախ անձնավորություն է, և երբ թերևս դրանից մի փոքր խիզախելով` հարցնում եմ՝ «Երևանը ապաքինե՞ց Ձեզ», ասում է. «Օդինը քեռուն՝ Սևակին է նման» և շարունակում.

«Ծովը հանգստացնում է, սակայն չէի կարծում, թե Արարատ լեռան տեսարանն այսքան գեղեցիկ ու սփոփիչ էր լինելու։ Հինգ տարի է, ինչ Սևակը չկա, ապաքինվե՞լ եմ արդյոք` չգիտեմ։ Հանուն Օդինի եմ այստեղ և նրան եմ ապավինում։ Օդինը մեր աստվածն է։ Երբ մայրիկիս հետ Սևակին հիշելիս արտասվում ենք, հանկարծ Օդինն է գալիս, և մոռանում ենք։ Օդինով ենք ապրում։ Սևակն ինձ համար երեխայի պես էր, Օդինն էլ Սևակին է նման՝ բամբակի պես ճեփ-ճերմակ, մաս-մաքուր։ Երեխայի մասին չէինք մտածում, սակայն երեխան դրական ազդեց ապաքինման պրոցեսի վրա»։

«Սևակի հետ սրճարան էինք բացելու, սակայն նա զիվորական ծառայությունից չվերադարձավ»

Լերնա Բալըքչըն ամուսնու հետ «Cosi E La Vita» անվանմամբ սրճարան է բացել և այս կերպ վառ է պահում եղբոր՝ Սևակի հիշատակը։ Սրճարանի առևտրային լիցենզիայի անունն էլ Սևակ Բալըքչը է։ Լերնա Բալըքչըն պատմում է, որ իրականում երազել են եղբոր հետ միասին սրճարան բացել.

«Երազում էինք, որ երբ Սևակը վերադառնար զինվորական ծառայությունից, միասին սրճարան բացեինք, սակայն չվերադարձավ։ Ես էլ ցանկացա այնպիսի բան անել, որ Սևակը հավերժ ապրի։ Ճաշ պատրաստելը, ուտելիքը, խոհանոցը շատ էր սիրում։ Նրանք սպանեցին, ես հավերժացնելու եմ։ Սրճարան բացեցի՝ անունը «La Vita», իտալերեն՝ «Կյանք»։ Սևակը Իտալիան շատ էր սիրում։ Երբ ասում էինք այնտեղ ապրիր, ասում էր, թե «Ես այս վայրը, ընկերներիս, շրջապատս չեմ թողնի»»։

«Սևակի սիրած ճաշատեսակներն եմ պատրաստում»

Բալըքչըն ասում է, որ «Cosi e La Vita» սրճարանի ճաշացուցակը բաղկացած է այն ուտելիքներից, որ Սևակն էր սիրում, և շարունակում.

«Սևակի սիրած ճաշատեսակներն ու անուշեղենն եմ պատրաստում։ Պանրով կարկանդակ շատ էր սիրում, և քանի որ այստեղ յուֆքա (բարակ խմոր) չկա, հատուկ Թուրքիայից եմ բերում։ Հիմա նորից ճաշացուցակի մեջ նրա սիրած հայդարին և պանրով աղցանն եմ ներառելու։ Նա այստեղ է ապրում»։

«Այդ դեպքում դրոշով մի ծածկիր, մի էլ զորակոչիր»

Սևակ Բալըքչըի դատական գործընթացը դեռ շարունակվում է։ Լերնա Բալըքչըն ասում է, որ դեպքը դեռ չի բացահայտվել, իսկ ինքը զայրացած է համակարգից.

«Մենք չգիտենք, թե ծառայության ընթացքում ինչ է եղել, գիտենք միայն այն, ինչ պատմում են։ Սպանության վայրն են ցույց տալիս, սակայն արյան հետքեր չկան։ Հարցրին, թե ես զինվորական ծառայություն անցել եմ արդյոք, ասացի. «Մենք հիմար չենք. փամփուշտը խոցել է, արյունն ու՞ր է։ Հետաքննվող տարածքում արյունը կարո՞ղ եք վերացնել»։ Եթե զինակից ընկերները խոսեն, ամեն ինչ կփոխվի։ Սևակի մահից հետո երբ հարցրին, թե դրոշով ծածկենք, պատասխանեցի. «Սպանողը դուք եք, դուք էլ որոշեք»։ Անհանգստացած էին անգամ դրոշով եկեղեցի տանելու հարցում։ Ասում են` նահատակությունը կարևոր կարգ է, սակայն եթե հայ ես, նահատակ էլ չեն համարում։ Մեզ համար կարևոր չէ, սակայն այդ դեպքում դրոշով էլ մի ծածկիր, մի էլ զորակոչիր»։

«Թող որդիս սահմաններ չունենա և զայրույթ չապրի»

Թեև Լերնա Բալըքչըն ցանկանում է, որ որդին՝ Օդինը, ապագայում շատ ճանապարհորդի, զայրույթ չզգա, բայց և այնպես անհանգստանում է, թե որդին հետագայում ինչ կմտածի.

«Մեկի արածն ամբողջ հասարակությանը չենք կարող վերագրել։ Ավելի շատ մուսուլման, քան թե հայ ընկերներ ունեմ։ Մենք համակարգի և հանցանքի անպատժելիության վրա ենք զայրացած։ Օդինը Ցեղասպանության թանգարան կայցելի և դասագրքերում Սևակին կտեսնի, սակայն մենք երբեք զայրույթով չենք պատմի. թող Օդինը սահմաններ չունենա ու զայրույթ չապրի։ Թեև Օդինը երբևէ չի տեսել Սևակին, սակայն հարցնում է` «Քեռիս որտե՞ղ է»։ Ես և ամուսինս Սևակի իրերը դեռ օգտագործում ենք, հոտը դեռ զգում եմ, մեզնից հետո էլ Օդինը կօգտագործի»։

Լերնա Բալըքչըն նշելով, որ իր մի մասնիկը միշտ Ստամբուլում է, սակայն Ստամբուլի հայ համայնքն իրենց մենակ թողեց, հանդիմանությամբ է ավարտում խոսքը.

«Սևակը, ընտանիքս, իմ ամեն ինչն այստեղ է։ Ինքնաթիռից իջնելուն պես Սևակի մոտ եմ գնում։ Հայ համայնքը մեզ մենակ թողեց։ Չհարցրեցին, թե ինչ-որ բանի կարիք ունենք արդյոք։ Եթե հարցնեին, բացասական պատասխան էինք տալու, բայց գոնե հարցնեին։ Ցանկանում էի, որ Մարգար Եսայանը նույնպես լիներ, մանկությունից գիտեր նրան, սակայն միայն Կարո Փայլանն ու Նոր Զարթոնքն էին ներկա։ Եղբորիցս հետո 1915 թվականն ավելի ուժգին զգացի։ Երբ գլխիդ է գալիս` հասկանում ես։ Երանի առանց մեր գլխին գալու հասկանայինք»։

Սևակ Շահին Բալըքչըի դեպքը` ըստ Վիքիփեդիայի

Թուրքիայի զինված ուժերում զինվորական ծառայության մեջ գտնվող ծագումով հայ զինվոր Սևակ Բալըքչըի՝ (1986 թ. ապրիլի 1- 2011 թ. ապրիլի 24, Բաթման) զորացրումից 23 օր առաջ զինվոր Քըվանչ Աղաօղլուի կողմից հրազենային վիրավորումով սպանության դեպքն է։ Դիարբեքիրի ռազմական դատարանը վճիռ է կայացրել առ այն, որ դեպքը տեղի է ունեցել անփութության հետևանքով։ Դեպքը տեղի է ունեցել 2011 թ. ապրիլի 24-ին՝ տեղիք տալով այնպիսի տեսակետների ու արձագանքների, ըստ որոնց` այն ոչ թե պատահար, այլ սպանություն է։ «Արդարության նախաձեռնություն՝ հանուն Սևակի» անվանմամբ խումբ է ստեղծվել, որին անդամակցում են նախկին պատգամավոր Ուֆուք Ուրասը, «Մոր վե Օթեսի» («Ուլտրամանուշակագույն») խմբի անդամ Քերեմ Քաբադայը, Հրանտ Դինքի կինը՝ Ռաքել Դինքը՝ առաջնորդվելով այն վարկածով, թե դեպքը կատարվել է ռասիստական մղումների հետևանքով։

https://journo.com.tr/sevag-balikcinin-ablasi-1915i-hissettim

Թարգմանեց Անահիտ Քարտաշյանը

Akunq.net

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031