Aravot.am-ը «Հենարան» մամուլի ակումբում Հանրապետական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանին եւ ՀՅԴ պատգամավորության թեկնածու Արթուր Եղիազարյանին խնդրեց անդրադառնալ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալությանը:
Լեռնիկ Ալեքսանյանը պատասխանեց. «Դա մի այնպիսի երեւույթ է, մութ շատ, որին հավատալ կամ չհավատալու խնդիր չկա: Ես չեմ կարծում, որ Ազգային անվտանգությունը, որը ես շատ լուրջ կառույց եմ համարում, համենայն դեպս՝ մեր պետության հենասյուներից ամենակարեւոր կառույցը եւ համեմատաբար՝ ամենամաքուր կառույցը, չեմ հավատում, որ առանց փաստերի հայտարարություններ անեն: Ի՞նչ նպատակներ է հետապնդում, համենայն դեպս, երեւույթը ինքը, որ մասնավոր անձինք զինատեսակ են բերում այդ տիպի մաքսանենգ ճանապարհով, շատ բացասական երեւույթ է:
Թե ինչ նպատակի համար է, կարեւոր չէ, ինքը երեւույթը շատ տգեղ է, որովհետեւ դա իրավունք ունի անել միայն պետությունը: Մնացած գործոններում կապրենք կտեսնենք, թե նպատակները որոնք են, գնահատական կարող եմ տալ միայն նպատակը իմանալուց հետո, ես ձեռնպահ եմ մնում գնահատական տալուց: Երեւույթը համարում եմ շատ տգեղ, հակապետական՝ անկախ նպատակից»:
Կարդացեք նաև
Իսկ Արթուր Եղիազարյանը նշեց, որ այս պահին տեղեկատվությունը բավականին կցկտուր է. «Բնական է, որոշ չափով կկապվի ընտրական գործընթացի հետ՝ հաշվի առնելով, որ մինչ այդ արդեն խոսում էին Սամվել Բաբայանի՝ ՕՐՕ դաշինքին աջակցելու մասին: Որքան են առնչվում, որքան՝ չէ, անշնորհակալ գործ կլինի այս պահին գնահատական տալը: Եթե տեղեկություններ լինեն, նոր կարելի է վերլուծել»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ