«Ծառուկյանն էսօր չի գնում կոալիցիա կազմելու, Ծառուկյանը գնում ա 50+1 տոկոս հավաքելու»,- Արարատի մարզի Արտաշատ քաղաքում կայացած նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, հավելելով, որ հետընտրական զարգացումներում ինքն է որոշում կայացնելու ում հետ կոալիցիա կազմել, ու իր ընտրությունը հաստատ իշխող ՀՀԿ-ի վրա չի կանգնելու:
Ի դեպ, Արտաշատում Գագիկ Ծառուկյանին շատ ջերմ ընդունեցին: «Ցավդ տանեմ, բոյիդ մեռնեմ, ջանիդ մեռնեմ»՝ դիմելաձեւերը ուղղված էին ոչ միայն Գագիկ Ծառուկյանին, նաեւ նրա փեսային՝ Արգամ Աբրահամյանին: Վերջինս Արարատի մարզում քարոզարշավի ընթացքում ուղեկցում է Գագիկ Ծառուկյանին: Արգամ Աբրահամյանը, հիշեցնենք, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին է: Նա ընդգրկված է «Ծառուկյան» դաշինքի ցուցակում, առաջադրվել է ռեյտինգային ընտրակարգով Արարատի մարզում:
Արտաշատի հրապարակում աննախադեպ քանակի ժողովուրդ էր հավաքված: Ներկաները խոսում էին, որ 7-8 հազար մարդ կա: Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման էին բերվել նաեւ Արտաշատի պահածոների գործարանի աշխատակիցները: Հավաքի մասնակիցներն այդ առիթով ազատ օր էին ստացել: Բայց Aravot.am-ի հետ զրույցներում նրանք հավաստիացնում էին, որ եթե իրենց ազատ օր էլ չտային, միեւնույն է, իրենք տարբերակ էին գտնելու եւ մասնակցելու էին այդ հանդիպմանը:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ 2 օր առաջ Արտաշատում նախընտրական հանդիպում էր ունեցել նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանը: Մարդիկ պատմում էին, որ վարչապետի հետ հանդիպմանը շատ քիչ ժողովուրդ է եղել: Ի դեպ, Արգամ Աբրահամյանը, որը նաեւ Արտաշատի քաղաքապետն է, Կարեն Կարապետյանին չէր դիմավորել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ