Լրահոս
Օրվա լրահոսը

Տեր-Պետրոսյանը ժամանակ ունեցել է բանակցային լուծումներին ակտիվ ընթացք տալու՝ չի հաջողվել. Արարատ Զուրաբյան

Մարտ 24,2017 14:40

«Միշտ կասկածելի է, երբ ինչ-որ մեկին ձերբակալում են ընտրական գործընթացներում: Ամեն ինչ պարզ կլինի: Սա մի քիչ անհասկանալի, անըմբռնելի երեւույթ է եւ թե ինչ նպատակ է հետապնդում, պարզ չէ»,- այսօր «Հայելի» ակումբում հրավիրած ասուլիսում Սամվել Բաբայանի ձերբակալությունն այսպես մեկնաբանեց «Ծառուկյան» դաշինքի անդամ Արարատ Զուրաբյանը:

Ըստ նրա, այն, ինչ այսօր շրջում է հրապարակում, մի քիչ անլուրջ է թվում եւ որեւէ հավատ չի ներշնչում. «Նույն քննող մարմինը պետք է ներկայացնի շատ լուրջ հիմնավորումներ, որպեսզի ինչ-որ մի բանի հավատալու հարց առաջանա: ՀՀ-ում ընտրություններ են, մի անձ մի քիչ ավելի կոշտ մոտեցումներ ունի կամ դիտարկվում է որպես այդպիսին եւ նա մեկուսացված է, թե ինչ նպատակ է դա հետապնդում՝ չգիտեմ: Պետք է լուրջ հիմնավորումներ լինեն»:

Արարատ Զուրաբյանն ասաց, որ կապ չի տեսնում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցի եւ Սամվել Բաբայանի ձերբակալության մեջ: ՀՀ-ում չկա մարդ, որ չի ցանկանում խաղաղություն, բայց խաղաղության լավագույն երաշխավորը ուժեղ ՀՀ ունենալն է, միշտ պատրաստ լինել պատերազմին:

Արարատ Զուրաբյանը նշեց, որ Ադրբեջանը պատրաստ չէ խաղաղության, հակված է ռազմական ճանապարհով խնդիրը լուծել: Երբ հակառակորդը չի ընդունում բանակցային հիմնական սկզբունքը, որ դու ինքդ պետք է պատրաստ լինես խաղաղ լուծման եւ փոխզիջումների: Թե ինչ է պատրաստ զիջել Ադրբեջանը՝ ընդհանրապես չի երեւում: Եվ անել հայտարարություններ, որ մենք պետք է գնանք ինչ-որ փոխզիջումների, դա ավելի նման է միակողմանի զիջումների, ես դա անընդունելի եմ համարում:

Կան ուժեր, որ խաղաղության համար պատրաստ են ամեն ինչի գնալ. «Խաղաղությունը ձեռք են բերում ուժեղ պետություն ունենալով, պատրաստված լինելով: Իսկ նախագահի պաշտոնը հնարավորություն է տալիս գնալ բանակցությունների եւ անել բավականաչափ բան: Տեր- Պետրոսյանը, Սերժ Սարգսյանը, Քոչարյանը բավականաչափ ժամանակ ունեցել են բանակցային լուծումներին ակտիվ ընթացք տալու, չի հաջողվել: Սրանով ավելի շատ նախընտրական խնդիր է լուծվում, ոչ թե հարցի լուծման է տարվում»:

Լեւոն Զուրաբյանն ասել էր, որ եթե անգամ «Ծառուկյան» դաշինքի նախընտրական խոստումներն իրականանան, 6 տոկոս աճն ապահովվի, կոռուպցիան, ստվերը կրճատվեն, դարձյալ մենք չենք կարողանալու Ադրբեջանի հետ ոտք մեկնել՚: Այս առնչությամբ մեր հարցին Արարատ Զուրաբյանը պատասխանեց. «Ես համաձայն չեմ, մարդիկ եթե ուսումնասիրեն Ադրբեջանի տնտեսությունը, կհամոզվեն, որ դա այդպես չէ: Ադրբեջանն իր ռազմական հզորության գագաթնակետին էր գտնվում մոտ երկու տարի առաջ, երբ նրանց նավթահորերը ամբողջությամբ գործում էին եւ նավթի գները մեկ բարելի դիմաց 100-120 դոլար էր, այսօր անկում է ապրել, 50 դոլարի սահմաններում է: Ադրբեջանի ռազմական ծախսերը խստագույնս իջեցվել են: Ես համոզված եմ, որ եթե Ադրբեջանը չհաջողեց առավելություն ձեռք բերել, հիմա իրենց տնտեսությունը շատ լուրջ պրոբլեմների առաջ է կանգնելու: Շատ հետազոտողներ չեն գիտակցում, որ աշխարհը փոխվում է եւ ներքին այրման շարժիչը կորցնում է իր գործառնական նշանակությունը: Մեկ տասնամյակ հետո մենք ականատես կլինենք լրիվ այլ կարգի տնտեսությունների, որտեղ վերականգնվող էներգետիկան լուրջ դեր կունենա, իսկ նավթի եւ գազի գործոնը գնալով կնվազի: Մենք պարտավոր ենք զարգանալ: Ու եթե 6 տոկոսանոց աճ ապահովես, մուլտիպլիկացիայի էֆեկտ է ունենալու»:

Հարցին՝« Ծառուկյան» դաշինքը ընդդիմադի՞ր է, թե՞ ոչ՝ նա պատասխանեց. «Ծառուկյան դաշինքը միակ քաղաքական ուժն է, որից իշխանությունները քաշվում են»: Նա ասաց, որ իրենց դաշինքը միակն է, որ կարող է հաղթել այս ընտրություններում, մնացած ուժերը հինգ կամ յոթ տոկոսի շեմը հաղթահարելու խնդիր են լուծում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031