«Ինձ համար անցանկալի է հերոսներին տեսնել բանտում, որպես իրավաբան՝ չեմ ցանկանա նախապես կարծիք հայտնել»,-այսպես մեկնաբանեց Սամվել Բաբայանի ձերբակալությունը «Ծառուկյան» դաշինքի անդամ Գեւորգ Պետրոսյանը:
Նա, որպես իրավաբան, նախ խայտառակ որակեց այս նախընտրական պայքարը, ասաց, որ անպատժելիության մթնոլորտի գիտակցում կա: Սկզբում իշխանություններն ասում էին, որ թափանցիկ, հանգիստ նախընտրական պայքար է լինելու, հետո եղան վիրավորանքներ, հետո՝ հրմշտոցներ, ապտակ, հետո անցան դանակահարության ու ոչ մի երաշխիք չկա, որ այս ընտրությունները չեն ավարտվի գնդակահարությամբ:
Խոսելով Սամվել Բաբայանի ձերբակալության մասին՝ «Ազատ դեմոկրատների» թեկնածու Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ եթե նույնիսկ բերել է, դժվար է պատկերացնել, թե որտեղ էր Բաբայանն օգտագործելու «Իգլա» տեսակի զենքը: «Ելք» դաշինքի անդամ Ալեն Սիմոնյանն ասաց, որ չի ուզում քաղաքականացնել Սամվել Բաբայանի ձերբակալությունը, որովհետեւ կարող է պարզվի, որ սա քաղաքական պատվեր է, իսկ նման դեպքում կարծիք հայտնելն անշնորհակալ գործ է:
Հարցին՝ ինչու պետք է ձեզ ձայն տան՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Որովհետեւ մենք երբեւիցե կոալիցիա չենք կազմել, չենք կազմում եւ չենք էլ կազմելու: 180 աստիճանով մենք այսօր տարբերվում ենք գոյություն ունեցող իշխանությունից բոլոր հարցերում՝ փոխզիջումներից սկսած»:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ Արարատ Զուրաբյանը քիչ առաջ ասաց, որ «Ծառուկյան» դաշինքը ամենաընդդիմադիր ուժն է, մյուսները հազիվ 5 կամ 7 տոկոսի շեմը հաղթահարելու խնդիր են լուծում, իշխանությունները քաշվում են միայն «Ծառուկյան» դաշինքից, ինչպե՞ս կմեկնաբանեք դա՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Եթե տրամաբանությունը լինելու է, թե ով քանի տոկոս է հատում, դրանով է հաշվարկվում ընդդիմադիր լինելը, այսօր ստացվում է, որ ՀՀԿ-ն է ընդդիմադիր, որովհետեւ ինքն էլ է մեծ դժվարությամբ մրցում հիմա նույն «Ծառուկյան» դաշինքի հետ: Բայց դա չի նշանակում, որ իրենք ընդդիմադիր են»:
Իսկ Ստյոպա Սաֆարյանի խոսքերով՝ «Իմ համար ընդդիմադիրը ամենեւին իշխանությունից դուրս մնացածը չէ, իշխանության հետ կոալիցիա չկազմածը չէ: Լիքը մարդիկ կան, որ կոալիցիայի մեջ չեն, ինչ է, ընդդիմադի՞ր են: Ես այլ կերպ եմ պատկերացնում ընդդիմադիր լինելը: Ես չեմ ասելու, թե մենք միակ ընդդիմությունն ենք: Ընդդիմություն է նա, ով արտաքինից մինչեւ ներքին քաղաքական խնդիրներ փոխշաղկապված տեսքով ցույց է տալիս ընտրողին, որ այս իշխանությունը պետք է հեռանա: Ասել, որ մենք ավելի լավ տղաներ ենք, կգանք, ընթացքը ավելի լավ կտանենք, ես դրան չեմ հավատում: Երբ խոսում են՝ ով է ընդդիմություն, անգամ խոսքերով չէ: Կարդացեք ՀՀԿ-ի ծրագիրը, միգուցե տպավորություն կստանաք, որ դա գրել է ընդդիմադիր ուժ: ՀՀԿ-ն էլ ընդդիմություն է ըստ էության»:
Գեւորգ Պետրոսյանն էլ անհիմն որակեց այն բոլոր խոսակցությունները, թե Ծառուկյանը ընդդիմադիր չէ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ