Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյանը՝ ՀՀԿ-ական պատգամավորին. «Ձեր նախընտրական ծրագրի մեջ ոչ թիվ ենք տեսնում, ոչ ժամկետ»

Մարտ 24,2017 14:16

Մարտի 24-ին «Մեդիա» կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ  ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանին հարց ուղղվեց՝  գիտելիքահեն կրթություն ունենալը հնարավո՞ր է իրականացնել ֆինանսավորման նվազման պայմաններում: Տիկին Մուրադյանը նշեց, որ երկրում կարիք կա համակարգային փոփոխությունների, որոնք իրականություն կդառնան, երբ նոր խորհրդարան ձեւավորվի ու երկրի կառավարմանը ընդդիմադիր դաշտի կարող ուժերի ներգրավում լինի:

«Ազատ դեմոկրատների» ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը թվարկեց կրթության ոլորտի համար տարբեր տարիների ստացված վարկային միջոցները եւ ակնարկեց, որ դրանք անարդյունավետ են ծախսվել: Տիկին Բախշյանի խոսքով, օրինակ՝ 1999-2003թթ. կրթության ոլորտի առաջին բարեփոխումների համար ստացված 15 մլն դոլար վարկային ծրագրի նպատակն էր` կայացնել դպրոցների՝ խորհուրդներով կառավարումը եւ աշակերտ-թվով ֆինանսավորմամբ դպրոցների միջեւ մրցակցությունը, մինչդեռ, նրա ձեւակերպմամբ՝.«ոչինչ էլ չի փոխվել, կառավարման խորհուրդները կան, բայց կառավարվում են վերեւից, ինքնավար չեն»:

Կրթության փորձագետի փաստմամբ, 2004-09թթ. ստացված 20 մլն դոլար վարկը պետք է ուղղվեր ավագ դպրոցների կայացմանը, սակայն, նրա խոսքերով, 2008 թ. ավագ դպրոցների ռազմավարությունն ամբողջովին խեղաթյուրվեց, նշված չափորոշիչներով չընտրվեցին  ավագ դպրոցները,  ոչ էլ լուծվեցին ավագ դպրոցների ուսուցիչների 20 տոկոս հավելավճար ստանալու ու մյուս հարցերը:

Անդրադարձ եղավ նաեւ 31,5 մլն դոլար վարկին, որը պետք է ապահովեր կրթության որակի համադրելիությունը միջազգային չափանիշներին: Անահիտ Բախշյանը տարակուսանք հայտնեց.  «Այդ ծրագրով նաեւ ուսուցիչների վերապատրաստման գործընթացը պետք է ապահովվեր,  կազմակերպվեր մրցակցային պայմաններում, տարբեր կազմակերպություններ պետք է վերապատրաստեին, դպրոցն ինքը պետք է ընտրեր ու գումարը փոխանցեր վերապատրաստող կազմակերպությանը: Հիմա  բանկի փողերը վերջացան,  ասում են՝  թող Կրթության ազգային ինստիտուտն անի, տարեկան 8000 ուսուցիչ վերապատրաստի…2015-2019 թթ. 37,5 մլն վարկ տրվեց, ավագ դպրոցների հիմնանորոգման մասին էր խոսվում, մինչդեռ ԿԳ նախարարության վերջին հաշվետվության մեջ կասկածի տակ է դրվում, որ 17 դպրոց պետք է վերանորոգվի, ասվում է 5-ը սկսել են, մնացածին փողը չի հերիքի»:

ՀՀԿ-ական Ռուզան Մուրադյանը փորձեց հակափաստարկներ բերել, ասաց, որ կրթության ոլորտի մարդկանց մտահոգություններն ընդհանուր են, ու ինքը պատրաստ է  Անահիտ Բախշյանի հետ միասին բարձրաձայնել ոլորտի խնդիրների մասին:

Երբ տիկին Բախշյանը պնդեց, որ օրենքները ոչ միշտ են հարգվում եւ կան օրենքներ, որ չեն գործում, ի պատասխան Ռուզաննա Մուրադյանը նշեց. «Ոչ բոլոր օրենքներն են ավետարանական ճշմարտություններ»:

Անահիտ Բախշյանը նաեւ ՀՀԿ-ի նախընտրական ծրագրի կրթական մասին անդրադարձավ. «Ձեր ծրագրի մեջ ոչ թիվ ենք տեսնում, ոչ էլ ժամկետ»:

Ռուզան Մուրադյանն արդարացավ, որ չեն կարող ժամկետ ասել ու մոլորեցնել, ու ծրագիրը գործողությունների պլանից պետք է տարբերել:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031