Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյանը՝ Ռուզան Մուրադյանին. «Ցավդ տանեմ, հիմնավորումները համոզիչ չեն»

Մարտ 24,2017 14:07

Մարտի 24-ին Մեդիա կենտրոնում Անահիտ Բախշյանը («Ազատ դեմոկրատներ») եւ Ռուզաննա Մուրադյանը (ՀՀԿ) մասնակցեցին «Կրթության ոլորտի խնդիրները նախընտրական ծրագրերում» թեմայով քննարկմանը:

ՀՀԿ-ական Ռուզաննա Մուրադյանն ասաց, որ կարեւորում է կուսակցությունների եւ դաշինքների ծրագրերի կրթական հատվածը: Նա նշեց, որ 1998-99 թթ.-ից որդեգրված կրթական բարեփոխումների հիմնական մասն իրականացվել է` հայկական դասագրքեր, նոր չափորոշիչներ, ուսուցիչների վերապատրաստում, կրթական հաստատությունների ապակենտրոնացում, ավագ դպրոցներ, տեղեկատվական տեխնոլոգիաների մուտքը դպրոցներ եւ այլն: Ասաց նաեւ, որ դպրոցաշինության ոլորտում էլ ձեռքբերումներ ունեն` նոր կահույք, գույք, լաբորատորիաներ, ամբողջովին ջեռուցվող դպրոցներ Երեւան քաղաքում եւ որոշները՝ մարզերում:

Ռուզաննա Մուրադյանը հստակ թվեր չներկայացրեց, ասաց, որ կարեւորը միտումներն են, իսկ թվերն իրենց հաշվետվություններում են: Նա նաեւ հավելեց. «Մենք չենք հասել այն նշաձողին, որ կրթության համակարգի բոլոր խնդիրները լուծված են, բայց աշխարհում որեւէ մեկը չի հասել դրան»:

ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանելով հարցին, ասաց, որ խնդիր է համարում մանկավարժի պատրաստվածության մակարդակը, նաեւ ծրագրային բյուջետավորման խնդրին էլ անդրադարձ եղավ, նշեց, որ խնդիրներ ունեն նախադպրոցական ցանցի ընդլայնման հետ կապված:

Անահիտ Բախշյանը փաստեց, որ որակյալ մասնագետներ ունենալու համար որակյալ կրթություն է պետք, որակյալ կրթության համար՝ ֆինանսավորում, մինչդեռ պետական բյուջեն ամեն տարի կրճատում է կրթության ֆինանսավորումը, 2015-ին այն պետք է լիներ ՀՆԱ-ի 4% -ը, մինչդեռ 2016-ին մի կերպ 2,3 %-ով փակվեց, իսկ եթե ֆինանսները պակասում են, հնարավոր չէ առաջընթաց ապահովել: «2016-2018 թթ. միջնաժամկետ ծրագրով, կրթության ֆինանսավորումը նվազում է` 2016-ին 2,63 % է, 2017-ին՝ 2,54 %, 2018-ին՝ 2,45 % ֆինանսավորում, մինչդեռ 2016-2025 թթ. Կրթության զարգացման ծրագրով կրթության աճ է նախատեսված, եկեք ՀՀԿ-ին հարցնենք, վարչապետին կամ հենց նախագահին, էդ ո՞նց է լինում, որ երկու պետական փաստաթղթերում այդպիսի հակասող թվեր են ամրագրում»,-տարակուսանք հայտնեց Անահիտ Բախշյանը:

Հակադարձելով Ռուզան Մուրադյանի բերած տվյալներին էլ՝ հիշեցրեց, որ այսօր Հայաստանում 460 չհիմնանորոգված դպրոց կա, մարզերի դպրոցները հիմնականում չջեռուցվող են, ու ինքը դեռ պատգամավոր եղած ժամանակվա տվյալները կարող է ցույց տալ, թե ինչպիսի անխղճությամբ են դպրոցների հիմնանորոգման գումարները վատնվել:

Տիկին Բախշյանը մանկապարտեզների հետ կապված փաստեր էլ բերեց. «Երեւանում կար մի մանկապարտեզ Սեբաստիայում՝ Վերոնիկայի մանկապարտեզը, որը 2008-ի ավագանու որոշմամբ անհատույց տրվել է Ալեքսանյան ընտանիքին՝ 50 տարի, իսկ 2009-ին սեփականաշնորհվել է: Էդ ո՞նց է օրենքով արգելված նորմը իրականացվել, ու մանկապարտեզն էլ մինչեւ օրս չի աշխատում»:

Ռուզան Մուրադյանն ի պատասխան՝ ասաց. «Դուք գիտեք, թե ինչ տարածաշրջանում ենք գտնվում եւ գիտեք մեր երկրի խաղաղության գինը: Տարեցտարի պետական բյուջեով մեծացնում ենք երկրի պաշտպանության բյուջեն…Խնդիրներ կան, որ ոչ թե այս պահին առաջացած խնդիրներ են, այլ անցյալից եկած խնդիրների հետեւանքներ, միանգամից չենք կարող բոլոր դպրոցներում ունենալ 100% կրթական միջավայր»:

Անահիտ Բախշյանը մի փաստարկ էլ բերեց. «Արցախն էլ վտանգավոր վիճակում է, բայց Արցախում տնտեսական աճը 10,2 % է, Հայաստանում` 0,2 %: Ո՞նց կարելի է այս երկու փաստն իրար կողքի դնել ու այդպես հիմնավորել: Այստեղ պատասխան չկա, ցավդ տանեմ, հիմնավորումները, որ ասվում են, համոզիչ չեն»:

Ռուզան Մուրադյանը դեմագոգ որակեց Անահիտ Բախշյանի ելույթը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031