Ըստ Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության հարցման արդյունքում ֆավորիտ հինգ ուժերն են ՀՀԿ-ն (29.4%), «Ծառուկյան դաշինքը» (28.2%), «Ելքը» (6.1%) , ՀՅԴ (4.8%), «Ազատ դեմոկրատները» (4.4%):
Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը «Զարկերակ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ մարտի 12-17-ը Երևանում և ՀՀ մարզերում իրականացրել են 1145 դեմ առ դեմ հարցումներ, հետազոտության ընտրանքային սխալը 3 տոկոս է:
Անդրադառնալով հարցման պատվիրատուի մասին հնչող հարցերին՝ պարոն Նավասարդյանն ասաց. «2008-ից սկսած իրականացնում ենք սինդիկատիվ հարցումներ, այսինքն՝ հարցումն իրականացնում ենք մենք մեր ուժերով, միջոցներով»:
Կարդացեք նաև
Մեկնաբանելով ֆավորիտների ցուցակը՝ պարոն Նավասարդյանը նկատեց. «Առաջատարների ցուցակն ըստ էության չի փոխվել, մի փոքր ՀՀԿ-ն է առաջ անցել «Ծառուկյան» դաշինքից, թեև նախորդ հարցման արդյունքներով նրանց ցուցանիշները շատ մոտ էին: Այստեղ Կարեն Կարապետյանի մասնակցությունը քարոզարշավին ևս ազդել է ՀՀԿ-ի գրանցած ցուցանիշների վրա»:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի վարկանիշի վերաբերյալ հարցման արդյունքները ցույց են տալիս, որ պարոն Կարապետյանի գործունեությունը հարցման մասնակիցների 81 տոկոսը դրական է գնահատում, կառավարության աշխատանքը դրական է գնահատում 59.4 տոկոսը:
Այն հարցին, թե կցանկանայի՞ք, որ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններից հետո ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին տեսնել վարչապետի պաշտոնում, հարցման մասնակիցների 82.8 տոկոսը դրական է պատասխանել:
Հանրության 61.7 տոկոսը դրական է վերաբերվում այն հանգամանքին, որ Կարեն Կարապետյանը մասնակցում է ՀՀԿ քարոզարշավին:
Թեև «Ծառուկյան» դաշինքի քարոզարշավին հանդիպել է հարցման մասնակիցների 73.7 տոկոսը, բայց մասնակցության ցուցանիշն ավելի բարձր է ՀՀԿ-ի քարոզարշավների դեպքում (56.7%), «Ծառուկյան» դաշինքինը՝ (46.0%):
Անկում է ապրել ԵԱՏՄ անդամակցության ցուցանիշը: Ըստ հարցման արդյունքների՝ այժմ հանրության 36.4 տոկոսն է կողմ ԵԱՏՄ-ի անդամակցությանը նախկին 50-60 տոկոսի փոխարեն, իսկ ԵՄ-ին անդամակցել ցանկացողների թիվն աճել է՝ 27.2 տոկոս:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ