Այսօր «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախընտրական հանդիպումները շարունակվում են Արարատի մարզում: Գագիկ Ծառուկյանը հանդիպումներ կունենա Վեդիում, Արարատում, Արտաշատում եւ Մասիսում: Վեդիում հանդիպման ավարտից հետո Գագիկ Ծառուկյանին մոտեցավ Նորիկ անունով մի տղամարդ եւ բողոքեց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանից: Տղամարդը վրդովված էր, որ Հովիկ Աբրահամյանը իշխանություն եղած ժամանակ «ինչ ա արել, որ հիմա էլ իրա տղան ա ուզում պատգամավոր դառնալ»:
Նա բողոքեց նաեւ ցեմենտի գործարանի աշխատանքից, որի արտանետումները ազդում են տարածքի էկոլոգիայի վրա: «Էդ փոշին ես էլ եմ շնչում»,- ասաց Նորիկը:
«Նորիկ, մենակ ճիշտն ասա, տղայիդ արեւով երդվի՝ քո դասատուն ո՞վ ա»,- ի պատասխան՝ ասաց Գագիկ Ծառուկյանը, ապա օգնականներին հանձնարարեց գրանցել քաղաքացու հեռախոսահամարը, հասկանալ ինչ խնդիր ունի եւ լուծումներ առաջարկել:
Կարդացեք նաև
Նորիկը շատ արագ հեռացավ, իսկ նրա կողքին կանգնած մարդիկ իրար մեջ խոսում էին. «Նորիկն ա, էլի, չգիտե՞ս, 5 հազար տվել- ուղարկել են»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ