«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը շարունակում է իր քարոզարշավն անկախ նրանից՝ իշխանություններն ինչ խոչընդոտներ են ստեղծում: Բռնություններ, քարոզչության խոչընդոտումներ, դա էլ քիչ էր Սամվել Բաբայանին՝ մեր հերոս աջակցին, բռնեցին երկու օր առաջ»,- Ալավերդիում հայտարարեց Օհանյան-Րաֆֆի –Օսկանյան (ՕՐՕ) դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկված Արմեն Մարտիրոսյանը:
Նա հավաստիացրեց, որ իրենք անելու են ամեն ինչ, որ Ալավերդիում արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը զարգացում ապրեն:
Պարոն Մարտիրոսյանի հավաստմամբ՝ իշխանությունները, երբ քաղաքացիների իրավունքները չեն կարողանում պաշտպանել ու պահանջները բավարարել, գնում են քաղբանտարկյալների թվի մեծացման ճանապարհով. «Մեկ շաբաթ առաջ Արմեն Միքայելյանին ապօրինի կերպով մեկ տարվա ազատազրկման դատապարտեցին, երկու օր առաջ Սամվել Բաբայանին բռնեցին, ոստիկանական ուժեր օգտագործեցին հուլիսի 29-ին Սարի թաղում և Խորենացիում»:
Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, թե այս իրավիճակից էլ ելք կա և այդ ուղին իրենք տալիս են հանրությանը:
Կարդացեք նաև
Այնուհետև կրկին հայտարարեց, ինչ բազմիցս ՕՐՕ-ի հանդիպումների ընթացքում է բարձրաձայնվել, թե Րաֆֆի Հովհաննիսյանը և Վարդան Օսկանյանը Ամերիկայի՝ իրենց երաշխավորված կյանքը թողել, եկել են Հայաստան, քանի որ պատասխանատվության զգացում ունեն, թե Սեյրան Օհանյանին երաշխավորված ռազմական կարիերայից այդ պատասխանատվության զգացումը բերեց Արցախի ազատամարտ և հաղթանակ:
Պարոն Մարտիրոսյանը հիշեց նաև ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովին. «Մենք այստեղ շատ լավ ընկեր ունենք: Շարմազանով Էդուարդը պետք է ընդդիմություն դառնա: Եթե մենք ցանկանում ենք, որ Ալավերդիում, հարակից գյուղերում քաղաքացիներ, երիտասարդներ լինեն, ՀՀԿ-ն պետք է իշխանությունը թողնի, առավել ևս, որ հասարակությունը դա է ցանկանում»:
Արմեն Մարտիրոսյանը հիշեցրեց, «վերջին բոլոր համապետական ընտրությունների կեղծիքները» և կանխատեսեց, եթե ՀՀԿ-ն այս անգամ չկեղծի, մեծամասնություն, անգամ 35 տոկոս էլ չի հավաքի:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ