Եվրոպայում ԱՄՆ-ի միացյալ զինված ուժերի (EUCOM) հրամանատար գեներալ Կերտիս Սկապարոտին սենատի կոմիտեի լսումներին անդրադարձել է արցախյան հակամարտությունում Ռուսաստանի դերակատարմանը: Նա մասնավորապես հայտարարել է, որ Ռուսաստանն ապակայունացնում է իրավիճակը աշխարհում, այդ թվում՝ Արցախում:
Ամերիկացի հրամանատարի խոսքով՝ Ռուսաստանը խոչընդոտում է հակամարտությունների կարգավորմանը հետխորհրդային տարածությունում:
«Մոսկվան, զինելով և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին, ապակայունացնող դերակատարում է խաղում ղարաբաղյան հակամարտությունում: Լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, որը պետք է օգնի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Ռուսաստանը շարունակում է ռազմաբազա պահել Հայաստանի տարածքում»,-հայտարարել է գեներալը:
Նա նաև նշել է, որ Ուկրաինան և Վրաստանը ևս գտնվում են Մոսկվայի կողմից ագրեսիվ գործողությունների սպառնալիքի ներքո: «Բալկաններում Ռուսաստանը եվրոպական և ատլանտյան ինտեգրումը դանդաղեցնելու նպատակով լարվածություն է ստեղծում: 2016թ. Մոսկվան բացահայտորեն միջամտել է քաղաքական գործընթացներին Բոսնիայում և Հերցոգովինայում, Չեռնոգորիայում»,-շեշտել է գեներալը: