Լրահոս
Օրվա լրահոսը

Գաղափարազուրկ ընտրապայքար. «Ազգ»

Մարտ 24,2017 12:52

Գաղափարախոսական համակարգային մոտեցման որեւէ նշույլ չկա այդ պլատֆորմներում, այդ պճնազարդ եւ ամբոխահաճո լոզունգներում: Ուտիլիտար մակարդակի խոսքեր ու խոստումներՙ առանց բացառության: Հետեւանքների, բայց ոչ պատճառների սրբագրման ցանկություն: Ավելի շուտՙ անելիքների ցուցակագրումՙ 15-ից մինչեւ 30 կետերով, որոնցից շատերը նախորդ ընտրություններում գրված-թխվածների պատճենահանումն են բարեզարդված:

Բոլորը խոստանում են աշխատատեղ ստեղծել, արդյունաբերություն զարգացնել, մենաշնորհների ու մենաշնորհյալների դեմ պայքարել, կոռուպցիան վերացնել, արդար ու բարգավաճ երկիր ստեղծել: Ի՞նչ միջոցներով, ի՞նչ փողերով, ո՞ւմ միջոցով: Խոստանում են կրթության համակարգը արդիականացնել: Ի՞նչ ուղղությամբ, ի՞նչ ծրագրերով, ի՞նչ դասագրքերով եւ ի՞նչ կադրերով, երբ կրթական վերջին ռեֆորմները դեռ չսկսածՙ արդեն ձախողվել են, ու մենք չգիտենք ինչ սովորեցնենք ավագ դպրոցների մեր երեխաներին ու բուհերի մագիստրոսներին:

Բոլորը սրտառուչ բաներ են գրում-խոսում Հայաստան-Սփյուռք միասնության, Սփյուռքի ներուժը համազգային հարցերում ճիշտ օգտագործելու մասին, սակայն ոչ մի ծրագիր-առաջարկ Սփյուռքը ներքնապես կազմակերպելու, կես միլիոն ֆրանսահայությանը, երեք միլիոն ռուսահայությանը, երկուսուկես միլիոն ամերիկահայությանը կազմակերպելու մասին: «Արի տուն»ի նման ծրագրերը շատ լավ են, սակայն ի՞նչ տան մասին է խոսքը, երբ հայաստանցի պատանին, ասենքՙ Կապանից կամ Ալավերդիից, մինչեւ բանակ գնալը եւ այնուհետեւ էլ, բնավ չի եղել իր երկրի մայրաքաղաքում, ոչ էլ հայ ժողովրդի հոգեւոր կենտրոն Սբ. Էջմիածնում:

Բոլորի ծրագրերում կա, բայց միայն որպես մոդայիկ անդրադարձ, բնապահպանական խնդիրը, Հայաստանի անապատացումը, որը թերեւս ծառատունկով է սկսվում, բայց բնավ չի ավարտվում դրանով: Շրջակա միջավայրի պաշտպանությունը համակարգային գործ է, կրթագիտակցական գաղափարախոսություն, որի հիման վրա եվրոպական բոլոր երկրներում վաղուց արդեն գոյություն ունեն բազմաթիվ կուսակցություններՙ կանաչներ, էկոլոգներ եւլն: Բայց Հայաստանում ոչ մեկը: Եվ այդ չէ՞ պատճառը, որ այս տարվա ցրտաշունչ եղանակին Սեւանի չչվող թռչունները սատկեցին կեր չունենալու պատճառով: Օրինակ:

Բոլորը խոսում են երկրի պաշտպանունակության բարձրացման, ոմանք էլ պրոֆեսիոնալ բանակ ունենալու, արդիական տեխնոլոգիական զինանոց ստեղծելու անհրաժեշտության մասին: Դաշինք կոչվածներից մեկն էլ, որը ժամանակին բոլորովին անտեղի միջազգայնացրեց Արցախի հարցը, բոլոր հարցերի լուծումը, երկրի բարգավաճումը, արտագաղթի դադարումը, կաշառակերության վերացումը տեսնում է նույն հիմնահարցի աղավնակերպ հանգուցալուծման մեջ, հետեւանքը շփոթելով պատճառի հետ, ինչպես դիպուկ նկատել է տալիս մեր հեղինակներից Արմեն Մանվելյանը այս համարի 6-րդ էջում: Չկա համապարփակ մոտեցում նաեւ այս հարցում, որը միշտ լինելու է մեր պետության գլխավոր խնդիրը այս տարածաշրջանում, անկախ Արցախյան հարցի հետագա ընթացքից:

Մրցելույթի պատրաստվող կուսակցությունների նախընտրական ծրագրերում բացակայում է ամենակարեւորըՙ երիտասարդ սերունդների ներկայի ու ապագայի խնդիրը, որին կանդրադառնամ հաջորդիվ:

 

Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031