Պետական եկամուտների կողմից հրապարակվող խոշոր հարկատուների ցանկը թերեւս տեղեկատվության այն հիմնական աղբյուրն է, որով հնարավոր է եզրակացնել, թե ո՞ր խոշոր գործարարը, կամ ինչպես ասում են մեզանումՙ օլիգարխը, որքանո՞վ է պարտաճանաչ հարկատու կամ որ ավելի ճիշտ է ասելՙ որքանո՞վ է ստվերում գտնվում: Մեր թերթում մշտապես անդրադարձել ենք` նախկինում 300, ապա 1000 խոշոր հարկատուների հրապարակվող ցանկերին, ներկայացրել թե ո՞ր կազմակերպություններն են այն գլխավորում, որո՞նքՙ իրենց իրական շրջանառության համեմատ համեստ են, որն այս դեպքում հաստատ չի գեղեցկացնում նրանց:
Յուրաքանչյուր անգամ համեստ հարկային վճարումներ կատարած ցանկի անփոփոխ առաջատարը եղել է այս օրերին նախընտրական արշավում փրկչի կերպարով հանդես եկող Գագիկ Ծառուկյանըՙ թե մինչեւ քաղաքականությունից հեռանալը, թե դրանից հետո, թե հիմա` քաղաքականություն վերադառնալուց հետո: Պարզապես ժամանակ կար, որ ԲՀԿ-ն կոալիցիոն կառավարության մաս էր, հետո դարձավ «այլընտրանք», ապա ընդդիմություն, բայց բոլոր դեպքերում իշխանությունների կողմից իրական քայլ չկատարվեց ստվերից դուրս բերելու վերոնշյալ խոշոր գործարարի եկամուտները:
Այժմ ըստ էության, այսինքն, ըստ խոշոր գործարարներին պատկանող ընկերությունների վճարած հարկերի հավաքական ցուցանիշների անցած տարվաՙ 2016-ի ընթացքում: Ի դեպ, ցանկի մանրամասներին յուրաքանչյուրը կարող է ծանոթանալ պետական եկամուտների կոմիտեի կայքից:
Այսպիսով, Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններից ամենախոշոր հարկատուն 20-րդ տեղում գտնվող «Օնիրա քլաբ» խաղատնային համալիրն է, որն անցյալ տարի վճարել է 4,7 մլրդ դրամ հարկ: Այնուհետեւ գալիս են 116-րդ տեղում գտնվող «Արարատցեմենտ»` 1,1 մլրդ դրամ վճարած հարկերով, 150-րդ տեղՙ «Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատը»` 830 մլն դրամ վճարած հարկերով, 158-րդ տեղում գտնվող «Ար-Բե հայ-բելառուսական առեւտրի տունը»` 799 մլն դրամ վճարած հարկերով: Գագիկ Ծառուկյանին պատկանող մյուս 4 ընկերությունները` «Մուլտի-լեոնը» 289 մլն դրամ, «Մուլտի գրուպ կոնցեռնը»ՙ 202 մլն դրամ, Երեւանի քիմիադեղագործական ֆիրմանՙ 193 մլն դրամ, «Մուլտի մոթորսը»ՙ 193 մլն դրամ, «Մուլտի գազը»ՙ 153 մլն դրամ, «Կոտայք գարեջրի գործարանը»ՙ 120 մլն դրամ, առաջին 300 հարկատուներից ներքեւ են գտնվում եւ միասին վերցրած վճարել են մոտ 1,2 մլրդ դրամ հարկեր ամբողջ տարվա ընթացքում:
Կարդացեք նաև
Եթե ընդհանրացնենք Գագիկ Ծառուկյանին պատկանող վերոնշյալ ընկերությունների կողմից վճարած հարկերի ամբողջ գումարը 2016 թ-ին, ապա այն կկազմի ընդամենը մոտ 8,6 մլրդ դրամ: Հետաքրքիր է, «Ծառուկյան ջան փրկի» խոսքերով նրան դիմավորողները տեղյա՞կ են, որ Հայաստանի ամենահարուստ մարդն է ամենից քիչ պետական բյուջե վճարող, այսինքն իրենց ցածր թոշակի, նպաստի, աշխատավարձի պատճառ հանդիսացողներից կարեւոր մեկը եւ եթե տեղյակ լինեն, էլի՞ նույն կերպ կդիմեն նրան :
Հանրության կողմից հանրաճանաչ մյուս օլիգարխի` Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Գրիգ» ընկերությունը խոշոր հարկատուների ցանկում 5-րդն է` 14,8 մլրդ դրամ վճարած հարկերով: Նրան պատկանող մյուս խոշոր ընկերությունը` «Նատալի Ֆարմը», 30-րդ տեղում է 3,3 մլրդ դրամ վճարած հարկերով: Այսինքն, այս խոշոր գործարարի` միայն երկու խոշոր ընկերությունները միասին վերցրած վճարել են մոտ 18,1 մլրդ դրամ հարկեր, ինչը ավելի քան կրկնակի ավելի է Գագիկ Ծառուկյանի վճարած հարկերից: Բնականաբար, սա չի նշանակում, որ Սամվել Ալեքսանյանը մեծ ստվերային շրջանառություն չունի:Ավելին, նա նույնպես նախընտրական արշավի մեջ է գտնվումՙ դրանից բխող եզրակացություններով, բայց գոնե փրկչի կերպարով չի ներկայանում:
Հրանտ Վարդանյանի հիմնադրած եւ նրա որդիներին`Միքայել եւ Կարեն Վարդանյաններին պատկանող «Գրանդ հոլդինգի» ընկերությունների վճարած հարկային մեծություններն ավելի քան տպավորիչ են: Խոշոր հարկատուների ցանկի 2-րդ տեղում է գտնվում «Գրանդ-Տոբակոն»` 22,5 մլրդ դրամ հարկ, 12-րդ տեղումՙ «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակը»` 9,4 մլրդ դրամ, 20-րդ տեղում գտնվող «Գրանդ Քենդի»` 5 մլրդ դրամ, 24-րդ տեղում գտնվող «Գրանդ Մաստերը»`4,3 մլրդ դրամ, 254-րդ տեղում գտնվող «Մասիս Տոբակոն»`486 մլն դրամ եւ մի քանի այլ ընկերություններ էլ գտնվում են 300 խոշորներից ավելի ցածր, բայց 1000 խոշոր հարկատուների մեջ:
Այսպիսով, Վարդանյաննների ընտանիքին պատկանող միայն վերոնշյալ 5 ընկերությունները միասին վերցրած վճարել են մոտ 42 մլրդ դրամ: Բավական է դա համեմատել նախորդ երկու խոշոր գործարարների վճարածի հետ եւ տարբերությունը առավել քան ակնառու կլինիՙ մոտ 3 անգամ ավելի Սամվել Ալեքսանյանի վճարածից եւ … մոտ 5 անգամ ավելի Գագիկ Ծառուկյանի վճարածից: Վարդանյանները նույնպես բարեգործական լուրջ ծրագրեր են իրականացնում հատկապես սահմանամերձ Տավուշի մարզի գյուղերում, համակարգված աջակցություն տրամադրում զոհված զինծառայողներին ընտանիքներին եւ այդ ամենը պետական բյուջե տարեց տարի ավելացող հարկեր վճարելու հետ մեկտեղ:
Արա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում