Երեկ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը հայտարարեց, թե «Ծառուկյան» դաշինքը ընդդիմություն չէ։ Նա որպես իրական ընդդիմադիր ուժեր նշեց «Ելք» դաշինքին, ՀԱԿ-ին եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը։ «Ժողովուրդ»-ը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Ծառուկյան» դաշինքի պատգամավորության թեկնածու Նաիրա Զոհրաբյանից փորձեց պարզել, թե ինչպես է դաշինքն արձագանքում Խոսրով Հարությունյանի այդ հայտարարությանը։
– Տիկին Զոհրաբյան, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը հայտարարեց, թե «Ծառուկյան» դաշինքն ընդդիմություն չէ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունը։
– Անկեղծ ասած, երբեմն լինում են հայտարարություններ, որոնց մեկնաբանելուց մտածում ես՝ ինչ ասես, որ ադեկվատ լինի ասվածին, այսինքն՝ լինում են դեպքեր, որ մտածում ես՝ մեր օպոնենտների, մեր գործընկերների երեւակայությունը մինչեւ էլ ուր կարող է հասնել։
«Ծառուկյան» դաշինքն ընդդիմություն է, «Ծառուկյան» դաշինքը դրել է խնդիր՝ ապրիլի 2-ի ընտրությունների միջոցով հասնել իշխանափոխության։ Ես չգիտեմ, թե օրը քանի անգամ այդ հայտարարությունը պետք է արվի, որ մեր հարգարժան գործընկերների համար որեւէ հարց «Ծառուկյան» դաշինքի ծրագրերի եւ քաղաքական օրակարգի հետ կապված չլինի։
Կարդացեք նաև
Իսկ եթե իմ հարգարժան գործընկեր Խոսրով Հարությունյանը նման պաշտոնական հայտարարություն է անում, ուրեմն Խոսրով Հարությունյանը հավաստի տեղեկություններ ունի, որ գործող կառավարության բոլոր անդամները «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ են։ Եթե ինքը նման տեղեկություն ունի, ապա խնդրում ենք, որ ինքը այդ կիսվի մեզ հետ, որովհետեւ միայն այս դեպքում է հնարավոր, որ «Բարգավաճ Հայաստան»-ը լինի ոչ թե ընդդիմություն, այլ իշխանություն։ Որեւէ այլ տարբերակում դա հնարավոր չէ։
– Տիկին Զոհրաբյան, «Ելք» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանն էլ հայտարարել է, որ «Ելք» դաշինքը միակ ուժն է, որը բացառում է կոալիցիան ՀՀԿ-ի հետ։ «Ծառուկյան» դաշինքը հիմա բացառո՞ւմ է ՀՀԿ-ի հետ համագործակցությունը, թե՞ ոչ։
– Գիտեք, երբեմն ինձ թվում է, որ մեր որոշ գործընկերներ մատներով փակում են ականջները, որպեսզի չլսեն մյուսների ձայնը՝ մտածելով, որ այդ դեպքում իրենց ձայնն ավելի լսելի է դառնում։ Քանիցս ասվել է, եւ մեկ անգամ եւս իմ հարգարժան գործընկեր Էդմոն Մարուքյանի համար նորից կրկնեմ, որ «Ծառուկյան» դաշինքը գործող իշխանության հետ կոալիցիա չի կազմելու, ասվել է մի քանի անգամ, կրկնեմ եւս մեկ անգամ։
Վահագն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում