Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայտնաբերված «Իգլան» դեռ փուչիկներ կպայթեցնի. «Հայոց Աշխարհ»

Մարտ 24,2017 11:51

Հատկանշական է, որ մաքսանենգ եղանակով Հայաստան «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրի մեկ խողովակ ու համապատասխան հրթիռ տեղափոխելու եւ հաջորդած ձերբակալությունների մասին նախօրեին ԱԱԾ տարածած տեղեկատվությանը, հատկապես սոցցանցային հարթակներում, որոշակի շրջանակներ արձագանքեցին համերաշխ «ղժժոցով»: Այլ հանգամանքներում գուցե ասեինք՝ «հետաքրքիր է» կամ «տարօրինակ է»: Բայց այս դեպքում՝ հե՛նց հատկանշական է:
Հրապարակված տեղեկությունները, այսպես ասած, «ջրելու», միանգամից «չհավատալու», «իրենց սարքածն է» ու այդօրինակ կաղապարներ շրջանառելու, հնարավորինս խեղաթյուրված ու ապակողմնորոշող գնահատականներ, մտացածին «տեղեկություններ» շրջանառելու այդ նույն մարտավարությունն ու ձեռագիրը սոցցանցային հարթակներում նկատվել է նաեւ 2015 թվականին՝ Նորք-Մարաշում զինված խմբի վնասազերծումից հետո, ինչպես նաեւ՝ «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ՊՊԾ գնդի տարածքը գրավելու օրերին:

Վերջին դեպքում ակնարկված մարտավարությունն ակտիվորեն դրսեւորվում էր հատկապես ոստիկանների սպանության, բժիշկների պատանդառության փաստերի ու դրանք ներկայացնող հրապարակումների դեպքում, առհասարակ գրեթե բոլոր պաշտոնական հաղորդագրությունների ու հայտարարությունների նկատմամբ: Դրա համար ենք շեշտադրում, որ՝ հատկանշական է:

Խիստ բնութագրական է, որ ՕՐՕ-ն հայտարարում է, թե՝ «իշխանությունների այս վարքագիծը գնահատում ենք որպես մեր երկրում վախի մթնոլորտ ձեւավորելուն եւ ընտրությունների արդյունքների վրա հակաօրինական միջոցներով ազդելուն ուղղված քայլ», իսկ քիչ անց ընդգծում են. «Չենք տրվելու սադրանքների»: Նման մերկապարանոց բնորոշումներին հաջորդում են հանրությանը, դիտորդներին ու դեսպաններին, նաեւ՝ Սփյուռքին ուղղված սրտաճմլիկ կոչերը:

Հետաքրքիր պատկեր է ձեւավորվում: ՕՐՕ-ի հայտարարությունը եւ այդ դաշինքի ներկայացուցիչների ասածները լսելիս տպավորություն է ստեղծվում, որ ապօրինի տեղափոխված «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրը (խողովակն ու հրթիռը) ԱԱԾ-ի կողմից հայտնաբերելը… սադրանք է:

Իսկ միգուցե ԱԱԾ-ն, նման տեղեկություններ ու դրանք հաստատող փաստեր ունենալով, չպիտի՞ քննություն իրականացներ: Չէ՞ որ դա էլ է սադրանք: Իսկ հնարավոր է, որ պաշտպանության նախկին նախարարի ու երկու նախկին ԱԳ նախարարների համոզմամբ հենց ԱԱԾ գործելու իրողությո՞ւնն է սադրանք:

Եվ ՕՐՕ հայտարարությունից լավ չի ընկալվում՝ «Իգլա» բերողը, ուրեմն, վեհ ու մեծ գործ է անում, իսկ ապօրինի ու ակնհայտորեն պետության անվտանգությանն սպառնացող գործողություն կանխելով՝ ԱԱԾ-ն կամ իշխանությունները վախի մթնոլո՞րտ են ձեւավորում: Մառա՜զմ։ Թեպետ ինչ կարելի է ակնկալել մի դաշինքից, որի հրապարակային առաջնորդներից մեկը բացեիբաց ողջույններ է փոխանակում ՊՊԾ գնդի տարածք գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի ներկայացուցիչների հետ:
Նման դեպքերում թերեւս տեղին է հիշել հայտնի ասացվածքը, որ «գողն ամենից բարձր է գոռում՝ բռնեք գողին»:

Բայց, նախ, հակիրճ փորձենք ի մի բերել հրապարակված ամենից էական տվյալները. ԱԱԾ-ն հայտնաբերում է «Իգլա» ԴԶՀՀ ապօրինի տեղափոխման փաստ եւ տեղափոխմանն առնչվող 2 անձանց, տեղեկություններ է ստանում 3-րդ անձի, տվյալ դեպքում՝ Ս.Բաբայանի վերաբերյալ, ձեռնարկում է ունեցած փաստերին ու տեղեկություններին համարժեք գործողություններ: Դրան հաջորդում են Ս.Բաբայանի հետ ուղղակի կապ ունեցող ՕՐՕ դաշինքի կտրուկ եւ նյարդային հայտարարությունը, հրապարկային հարթակներում տեղի ունեցածի մասին տարածված տեղեկությունները «ջրելուն» նպատակաուղղված դրսեւորումներ:

Օրինակ, արագորեն շրջանառության մեջ է դրվում ակնհայտորեն մտացածին ձեւակերպում, թե, իբր, այդ ինչպե՞ս են «ֆուռով» (խոշոր բեռնատար) «Իգլան» անցկացրել, ինչպես ԱԱԾ-ն իմացավ, թե այդ «Իգլան» տվյալ «ֆուռի» մեջ որտե՞ղ էր դրված, կամ «մի՞թե Սամվել Բաբայանը այդքան միամիտ էր, որ…», եւ այլն, եւ այդպես շարունակ: Նկատենք, ի դեպ, որ ԱԱԾ-ն ոչ մի «ֆուռի» մասին ակնարկ անգամ չի արել:
Երկրորդ՝ ԱԱԾ տարածած տեսանյութում ոչ թե որեւէ բեռնատարի թափք է պատկերված, այլ… ավտոտնակ, որտեղ կայանած է հին մոդելի ԲՄՎ, իսկ պատերի տակ շարված են «Լուսակերտի» թռչնաֆաբրիկայի արտադրության հավկիթի դատարկ արկղեր, մի անկյունում էլ՝ կապույտ մոմլաթանման պաստառով փաթեթավորված-դրված է խնդրո եւ քննության առարկա «Իգլան»:

Թե ո՞վ եւ որտեղի՞ց «ֆուռ» տեսավ, անհասկանալի է: Բայց պարզ է, որ «ֆուռը» հետագա ծաղրաբանությունները տարածելու, ընդհանուր պատկերը հնարավորինս խեղաթյուրելու նպատակով է մեջտեղ բերվել:

Բայց սրանք դեռ մանրուքներ են: Ակնհայտ հնարք է նաեւ «Սամվել Բաբայանը (կամ որեւէ այլ ոք) այնքան միամիտ չէ, որ…» ձեւակերպումը:
Մենք այլ հարցեր ունենք: Օրինակ, հարց է, թե ԼՂՀ պաշտպանության նախկին նախարարը մի՞թե չուներ որեւէ ծանոթ կամ այնպիսի մտերիմ, որ այժմ այնպիսի զորամասի հրամանատար է, որը կարող էր առանց մեծ աղմուկի «Իգլա» հայթայթել: Կամ մի՞թե Սեյրան Օհանյանը չուներ նման վստահելի հրամանատար:
Սակայն այս հարցերն իրենց հնարավոր հակադարձումներն ունեն. օրինակ, հնարավո՞ր է, որ վերջին 17 տարվա մեջ բանակում նման, Ս.Բաբայանի ընկալմամբ, վստահելի հրամանատար չի մնացել: Կամ հնարավո՞ր է, որ Ս.Բաբայանը իր ոչ բոլոր մտքերն ու ծրագրերն է Սեյրան Օհանյանին հայտնել, ու վերջինս, որ այս դաշինքում «հարսանեկան գեներալի» տպավորություն է թողնում, այնքան էլ լավատեղյակ չէ բուն անցուդարձին: Ի վերջո, այդ Սեյրան Օհանյանն է ժամանակին Սամվել Բաբայանի ենթական եղել, այլ ոչ թե հակառակը:

Ա. Հակոբյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ»այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031