Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես հարգում եմ իմ եւ ընտրողներիս արժանապատվությունը»

Մարտ 24,2017 11:01

Հարցազրույց ԱԺ պատգամավոր, Հայաստանի Բռնցքամարտի
ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանի հետ:

– Պարոն Գեւորգյան, Դուք նորից ցանկանում եք դառնալ ԱԺ պատգամավոր: Ճանաչված մարզիկ եք, Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահը, կարծես օրենսդիր մարմնում աշխատելը Ձեր հետաքրքրությունների շրջանակներից դուրս պետք է լիներ: Բայց մեկ անգամ արդեն ընտրվել եք պատգամավոր, հիմա նորից եք մտել ընտրապայքարի մեջ: Սպորտային ազարտն ու կի՞րքն են դրդում Ձեզ եւս մեկ հաղթանակ գրանցել քաղաքական ասպարեզում:

– Ենթատեքստ եմ տեսնում ձեր հարցում՝ թե ուր է բոքսը, ուր՝ քաղաքականությունը: Փորձեմ պատասխանել առանց ենթատեքստերի: Նախ՝ ինչ տվեց ինձ սպորտը (նկատի չունեմ մեդալները, կոչումները, նյութական բարեկեցությունը): Բոքսը սովորեցրեց ինձ վայրկյանների ընթացքում ճիշտ վերլուծել իրավիճակը, շնորհեց ինձ հակառակորդի հետ պայքարում ընտրել ամենաարդյունավետ մարտավարությունը, բարձրացրեց ինքնավստահությունս, զարգացրեց կենտրոնանալու ունակություններս, ինձ առողջություն, ուժ, տոկունություն պարգեւեց: Չեմ կարծում, որ քաղաքական գործչի համար այդ հատկանիշները ավելորդ են:

Երկրորդ՝ բացի Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի դիպլոմից, ունեմ բարձրագույն իրավագիտական կրթություն, իսկ հետագայում ավարտել եմ նաեւ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրան: Թեզիս թեման եղել է սպորտի դերը միջազգային հարաբերություններում: Ինչու ընտրեցի այդ թեզը, որովհետեւ մասնակցելով տարբեր տեսակի մրցույթների, օլիմպիական խաղերի՝ հասկացա, թե ինչ կարեւոր դեր է խաղում սպորտը քո երկիրն աշխարհին ներկայացնելու գործում: Այսինքն՝ սպորտ, շարունակական ուսում, աշխատասիրություն՝ ահա, իմ կարծիքով, ցանկացած ոլորտում հաջողությունների հասնելու հիմքը: Եթե գումարենք այն փորձն ու գիտելիքները, որոնք ես ձեռք բերեցի ինքնակառավարման մարմիններում աշխատելով, վարչական շրջան ղեկավարելով, պատգամավոր լինելով, ապա վստահությունս, որ երկրին ու ժողովրդին պիտանի պատգամավոր կարող եմ լինել, կարծում եմ, արդարացված է: Նաեւ պետք է ասեմ, որ մեծ աշխատանք է կատարվել իմ կողմից, եւ ընթացքի մեջ են մի շարք կարեւոր նախաձեռնություններ, օրինակ՝ սպորտի մասին օրենքը, որը հրաշալի կերպով կարգավորելու է մարզիկի եւ պետության փոխհարաբերությունները:

– Չեմ վիճարկում ոչ սպորտի եւ շարունակական կրթության կարեւորությունը մարդու կյանքում, ոչ էլ կասկածի տակ եմ դնում Ձեր արդյունավետ կառավարիչ լինելը: Այնուամենայնիվ, հարյուրավոր մարդիկ կան, որոնք նույնպես ունեն համապատասխան կրթություն, փորձ, գիտելիքներ, հաջողություններ իրենց ոլորտներում, բայց չեն շտապում համալրել խորհրդարանականների շարքերը:

– Յուրաքանչյուր մարդ իր ընտրությունն է կատարում: Ես 17 տարեկան էի, երբ հայրս Արցախում զոհվեց, եւ այդ տարիքից ինքնուրույն եմ որոշումներ կայացնում: Իմ այս որոշման հիմքում ընկած պատճառները շատ են: Նախ՝ ես պատասխանատու եմ ընտրողներիս առջեւ, որոնք վստահել եւ վստահում են ինձ, որոնց քվեների շնորհիվ եմ ընտրվել պատգամավոր: Նաեւ տեսնում եմ այն հնարավորությունները, որոնք նոր Սահմանադրության ընդունումը բացում է Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում: Հավատում եմ, որ վարչապետ Կարեն Կարապետյանը եւ իր գլխավորած կառավարությունը բեկումնային փոփոխություններ կիրականացնեն տնտեսության մեջ, ինչը թույլ կտա լուծել բազմաթիվ սոցիալական խնդիրներ, կկասեցնի արտագաղթը, բազմաթիվ նոր աշխատատեղեր կստեղծի, երկիրը մրցունակ եւ ավելի անվտանգ կդարձնի: Բնականաբար, ցանկանում եմ այս գործընթացների մասնակիցն ու աջակիցը լինել՝ շատ լավ գիտակցելով, որ այլ ճանապարհ չունենք: Եվ որոշումն ընդունել եմ ինքս ինձ հարց տալով՝ իսկ ինչու ոչ ես: Պատրաստ եմ աշխատել, հատկապես, որ տարբեր ոլորտներում գործունեությանս ընթացքում հաջողություններ արձանագրվել են:

– Ինչո՞վ է հիմնավորված Ձեր այդ վստահությունը, որ հաջողություններ արձանագրել եք:

– Աշխատանքի արդյունավետությունը հեշտ է չափվում: Դավիթաշեն համայնքը իմ ղեկավարման տարիներից ի վեր Երեւանի ամենաբարեկարգ, անվտանգ, համախմբված համայնքներից է: Եվ դա ոչ թե իմ, այլ քաղաքացիների, Երեւանի քաղաքապետարանի, կառավարության գնահատականներն են: Դավիթաշենը բոլոր ցուցանիշներով զիջում էր Երեւանի մնացած շրջաններին, սակայն իմ ղեկավարման տարիներին շատ կարճ ժամանակում այդ նույն ցուցանիշներով դարձավ առաջատարներից: Մինչ այժմ էլ այդ տարիների կատարած աշխատանքի եւ ճիշտ կառավարման արդյունքում այն լավագույններից մեկն է քաղաքում: Այսօր նույնպես ուժերիս ներքո աջակցում եմ վարչական շրջանի ղեկավարությանը, մշտական շփման մեջ եմ բնակիչների հետ:
Ինչ վերաբերում է Ֆեդերացիային, ապա կպատասխանեմ մեկ նախադասությամբ՝ իմ ղեկավարման տարիներին մենք ձեռք բերեցինք 5 օլիմպիական ուղեգիր, եւ այդ թիվն աննախադեպ էր Հայաստանի պատմության մեջ:

– Իսկ խորհրդարա՞նը: Այնտեղ աչքի չեք ընկել ակտիվությամբ:

– ԱԺ-ում աշխատանքի գնահատման չափորոշիչները շատ տարբեր են: Օրինակ՝ ամենապարզ ձեւն է պատգամավորին ամբիոնից ելույթների քանակով գնահատելը, անկախ նրանից՝ այդ ելույթները նպաստե՞լ են որեւէ խնդրի լուծմանը, թե՞ ոչ: Բայց միայն ելույթների ակտիվությամբ պատգամավորին գնահատելը սխալ է:

– Հայաստանում շատերը իրենց ընտրատարածքից ընտրված պատգամավորին ընկալում են միայն որպես իրենց համայնքներում կենցաղային կամ սոցիալական հարցեր լուծող «շտապօգնություն»: Չե՞ք կարծում, որ համատարած այս հիասթափության եւ չքավորության պայմաններում ընտրողները ավելի շուտ ձայն կտան փոքր տեղային խնդիրներ լուծող կամ այդպիսի լուծումներ խոստացող, այլ ոչ թե Հայաստանի առջեւ նոր հնարավորությունների մասին պատմող թեկնածուներին:

– Ցանկացած երկրում, որտեղ բացի համամասնական ցուցակից՝ պատգամավորներ են ընտրվում նաեւ անմիջապես ընտրատարածքներից, այդ պատգամավորները պարտավորված են արձագանքել բնակիչների ամենատարբեր խնդիրներին: Ի վերջո, պատգամավորի կարգավիճակը թույլ է տալիս միջնորդ հանդիսանալ բնակչի եւ պետական տարբեր ատյանների միջեւ, օգնել բնակչին բացել չինովնիկների կաբինետների՝ հաճախ խուլ փակած դռները, պատգամավորական հարցումներով դիմել կառավարությանը, վերահսկել համայնքում առաջացած խնդրի լուծման գործընթացը: Եվ բնակիչներն իրավացի են, երբ պատգամավորի աշխատանքները գնահատում են ոչ միայն ամբիոնից հնչեցրած ճառերով, այլեւ ընտրատարածքում կատարած աշխատանքներով: Բնական է, որ ինչպես առաջ, այնպես էլ հետագայում մշտական կապի մեջ եմ լինելու ընտրատարածքում ընդգրկված Արաբկիր, Աջափնյակ, Դավիթաշեն համայնքների բնակիչների հետ եւ արձագանքելու եմ նրանց պահանջներին:

– Ինչպես եւ նախկինում, շատ է խոսվում որոշ թեկնածուների կողմից բաժանվող նախընտրական կաշառքի մասին: Դժվար է պատկերացնել, որ «ժողովրդին ծառայելու» մղումով խորհրդարան մտնել ցանկացող թեկնածուները ծառայելու դիմաց նաեւ փող են բաժանում: Միգուցե հարցս կոռեկտ չհնչի, բայց, այնուամենայնիվ, հարցնում եմ՝ այդ անվրեպ աշխատող «նախընտրական տեխնոլոգիային» դիմելու ցանկություն Ձեր մեջ չի՞ առաջանում:

– Ես հարգում եմ իմ եւ ընտրողներիս արժանապատվությունը: Ընտրակաշառքը չարիք եմ համարում: Համաքաղաքացիներիս առաջարկում եմ մի պարզ հաշվարկ կատարել՝ շրջանառվող միջին ընտրակաշառքի գումարը բաժանել պատգամավորական գործունեության օրերին: Եվ կստացվի, որ ինչ-որ թեկնածուի 5 տարի խորհրդարանում լինելու համար այդ, այսպես կոչված, ընտրողը ստանում է օրը մոտ 7-8 դրամ: Իսկ 8-դրամանոց ինքնագնահատական ունեցողը, այդ կոպեկով արժանապատվությունը վաճառողը իմ ընտրողը չի:

– ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով եք մասնակցում ընտրություններին, իսկ այս ընտրակարգը սուր քննադատության է արժանանում, բազմաթիվ կարծիքներ են հնչում, որ գաղափարական պայքարը փոխարինվել է փողի՝ զոռբայության շնորհիվ ցանկալի արդյունքների հասնելով:

– Ռեյտինգային ընտրակարգի գաղափարը նոր չի պառլամենտարիզմի պատմության մեջ, նաեւ, եթե հիշում եք, նոր Ընտրական օրենսգիրքը անցյալ տարի արժանացավ գրեթե բոլոր քաղաքական ուժերի հավանությանը: Սա «փրայմերիզի» պես մի սիստեմ է, երբ ընտրությունների ընթացքում յուրաքանչյուր կուսակցություն ստուգում է իր անդամների վարկանիշը: Այլ բան է, որ կան թեկնածուներ, որոնք սխալ են հասկանում այս ընտրակարգի էությունը: Չպետք է հապճեպ եզրակացություններ անել, առաջին ընտրություններն են այս կարգով, հետո սխալների վրա աշխատելու ժամանակը կգա:

– Ֆեյսբուքյան առանձին գրառումները հուշում են, որ մեր մեջ դեռ իշխում է «տեղային» մտածողությունը՝ ով ուզում է լինի ընտրված պատգամավորը, բայց մեր թաղերից լինի: Աջափնյակի եւ Արաբկիրի որոշ բնակիչներ եւս կցանկանան խորհրդարանում տեսնել հենց իրենց համայնքի ներկայացուցչին: Ինչո՞ւ է այդպես:

– Չեմ կարծում, որ ընտրողները այդպես են մտածում: Պարզապես սա որոշ թեկնածուների կողմից օգտագործվող պարզունակ մանիպուլյատիվ հնարք է: Եթե դու քո գործունեությամբ, այլ արժանիքներով հեղինակություն ու հարգանք ձեռք չես բերել քո համայնքում, ապա քվե ստանալու համար ստիպված ես խաղալ մարդկանց զգացմունքների վրա: Նախ ասեմ, որ բոլոր վարչական շրջանները նույն խնդիրներն ունեն, եւ այդ խնդիրները համանման լուծումներ են պահանջում: Եվ ես տիրապետում եմ այդ խնդիրները լուծելու, բնակիչների պահանջներին արագ արձագանքելու գործիքներին: Աջափնյակն ու Արաբկիրը ինձ համար նույնպես հարազատ համայնքներ են, որոնց խնդիրներին շատ լավ ծանոթ եմ, որտեղ շատերը ինձ համաթաղեցի են ընկալում։ Հավատացեք, որ այս հինգ տարին այնպես եմ աշխատելու, որ ընտրողներս չեն ափսոսալու իմ օգտին քվեարկելու համար: Սակայն ամեն դեպքում բացասաբար եմ վերաբերվում Երեւանը այս պարագայում թաղերի բաժանմանը։ Ի վերջո, ունենք մեկ երկիր, մեկ Հայրենիք, ու մեզ համար հարազատ պետք է լինեն Հայաստանի եւ Արցախի բոլոր բնակավայրերը: Պատկերացրեք, ինչ խոցելի կլիներ մեր երկրի անվտանգությունը, եթե առաջնագծում կանգնած մեր զինվորները սկսեին գնահատել միմյանց ոչ թե մարտական արժանիքներով, այլ այս կամ այն թաղում ապրելու հանգամանքով։ Մեզ նման փոքր երկրները պետք է հաղթահարեն այդ վտանգավոր «թաղային» մտածողությունը։

– Ընտրություններից առաջ նորից ասպարեզ է նետվել «խաղաղության եւ պատերազմի» թեզը, այսինքն՝ Արցախյան խնդրի լուծման տարբերակների շատ կոշտ քննարկումը: Ընտրվելով պատգամավոր՝ Դուք չեք կարող խուսափել Ղարաբաղյան հիմնահարցի լուծման տարբերակներից մեկի շուրջ որոշում կայացնելուց:

– Չեմ պատրաստվում խուսափել: Ըստ իս՝ այս պարագայում կեղծ է պատերազմի ու խաղաղության հակադրությունը: Ես հայր եմ կորցրել Արցախյան պատերազմում, ուրեմն շատ շատերից լավ գիտեմ խաղաղության գինը: Եթե շատ կարճ ձեւակերպեմ, ապա փոխզիջման եւ խաղաղության հաստատման արդյունքում պետք է ունենանք ազատ, ինքնիշխան Արցախ, որի անվտանգությունը պետք է երաշխավորված լինի ազդեցիկ պետությունների եւ միջազգային հանրության կողմից եւ ամրագրված լինի միջազգային փաստաթղթերով: Իսկ այդ նպատակին կարող ենք հասնել հզորացնելով երկիրն ու բանակը, ունենալով բարեկեցիկ կյանքով ապրող քաղաքացիներ: Բիսմարկն ասում էր՝ «խաղաղություն ես ցանկանում, պատրաստվիր պատերազմի»: Այս փոփոխությունները, որ սկիզբ են առել Հայաստանում, տանելու են խաղաղության:

– Ինչի՞ վրա է հիմնված Ձեր լավատեսությունը:

– Իմ լավատեսության վրա (ժպտում է): Իմաստուններից մեկն ասել է՝ մեկը նայում է ոտքերի տակ եւ տեսնում է միայն ցեխաջուրը, մյուսը՝ աստղերի արտացոլումը այդ ցեխաջրում: Շատ լավ հասկանում եմ բնակչության զգալի մասի հուսահատությունը, դժվար կյանքը, բայց եթե կորցնենք հույսը, մենք կործանման եզրին կհասնենք:

– Այդ լավատեսությունը Ձեր երեխաներին փոխանցելու ժամանակ ունենո՞ւմ եք:

– Ժամանակս կարողանում եմ կառավարել, այստեղ նորից սպորտն է օգնում: Ազատ ժամ է լինում, վազում եմ մարզադահլիճ: Մարզվելը օգնում է սպառել բացասական էներգիան: Անշուշտ, փորձում եմ շատ ժամանակ անցկացնել ընտանիքիս, երեք երեխաներիս հետ: Այստեղ էլ եմ լավատես, գիտեմ, որ նրանք կմեծանան եւ կդառնան Հայաստանի արժանապատիվ քաղաքացիներ:

 

Զրույցը վարեց
ՍԱԹԻԿ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ

«Առավոտ»

24,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031