Անցած տարի Կովկասում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի միջև բախումների վերսկսումը մոտիվացրել է մի խումբ հայ կանանց և աղջիկների մարտահրավեր նետել ավանդական գենդերային դերերին և զենք վերցնել:
Նրանք բախվեցին պահպանողականների դիմադրությանը, քանի որ որոշել էին կարիերա անել այնպիսի ոլորտում, որտեղ կանանց դեռ չեն ընդունում՝ գրում է լուսանկարիչ Լենա Մուչան The Washington Post ամերիկյան հեղինակավոր պարբերականում:
Մուչան փաստում է, որ ՀՀ մայրաքաղաք Երևանում 2014թ. աղջիկները իրավունք ստացան ընդունվել ռազմական ակադեմիա, այս որոշումից հետո նույն տարում 23 աղջիկ ընդունվեց: Մեկ տարի անց աղջիկների համար ռազմական դպրոց բացվեց նաև Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում:
Լուսանկարիչը անցած տարի այցելել է երկու հաստատություններն էլ և պարզել, որ չնայած շատ ընտանիքներ ունեն զինվորական ծառայություն անցած անդամներ, բայց նրանք դիմադրում են կանանց ծառայելուն: «Կանայք չպետք է լինեն բանակում, դա նրանց տեղը չէ»,- Մուչաին ասել է Երևանի ռազմական ակադեմիայի ուսուցիչներից մեկը:
«Երբ ես լուսանկարեցի այս աղջիկներին, և ժամանակ անցկացրեցի նրանց հետ, ճանաչեցի որպես նորմալ երիտասարդ կանանց, աշխարհի երիտասարդ կանանց մեծ մասի նման, որոնք ունենք նույն հետաքրքրությունները, մտքերը և երազանքները»:
Կարդացեք նաև
«Դիմադրությունը, որին շատ երիտասարդ կանայք և աղջիկներ հանդիպել են, նրանց միջև ստեղծել է կապվածություն»,- ասում է Մուչան: «Երիտասարդ կինը, որպես կանոն, չի թողնում իր ծնողների տունը, քանի դեռ չի ամուսնացել և տեղափոխվել ամուսնու ընտանիք: Կարծում եմ՝ սա է պատճառը, որ աղջիկները նույնիսկ ավելի ուժեղ հարաբերություններ են հաստատել միմյանց միջև, նրանք ավելին են, քան ուսանողներ, նրանք մի ընտանիք են»՝ եզրափակում է հոդվածագիրը: