«Ես էմոցիոնալ առումով սպառված եմ: Վերջին տարիներին այսքան կլանված ոչ մի ֆիլմ չէի դիտել», – այսպես արձագանքեց կոնգրեսական Ջեքի Սփիըրը «Ամերիկայի Ձայն»-ին՝ Միացյալ Նահանգների Կապիտոլիումում The Promise` «Խոստումը» Հայող ցեղասպանությանը նվիրված ֆիլմը դիտելուց հետո: Կոնգրեսական Դեյվ Թրոթի խոսքով, նման բարձր որակի ֆիլմերի միջոցով պատմությունն ավելի լավ է հասնում մարդկանց.
«Ֆիլմը մարդկանց համար տեղի ունեցածն ավելի նշանակալից է դարձնում»:
«Խոստումը», որը մեծ էկրաններ կբարձրանա ապրիլի 21-ին, գեղեցիկ սիրո պատմություն է, որը զարգանում է Հայոց ցեղասպանության ընթացքում: Սարսափելի իրականությունը կոտրում է մարդկային ճակատագրեր, սակայն անզոր է կոտրել ազգի ոգին:
«Մենք անզոր ենք փոխել անցյալը, սակայն արվեստն օգնում է մեզ հիշել այն: Դա հատկապես կարեւոր է, երբ Հայոց ցեղասպանությունը նույնիսկ հարցականի տակ է դրվում», – ասում է կոնգրեսական Ջուդի Չուն, ում համոզմամբ, ֆիլմի կրթական ու պատմական արժեքը հսկայական է: Նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբում զգալի դերակատարություն ունեցած քաղաքական ստրատեգ Քիթ Նահիգյանի մոտ «Խոստումը» ֆիլմը անցյալի հիշողություններ է արթնացրել.
«Իմ պապը Ցեղասպանության տարիներին տեղափոխվել էր Հայաստանից: Նա շատ փոքր էր եւ նրա կյանքը հնարավոր է եղել փրկել՝ աղջկա շոր հագցնելով եւ թաքցնելով կանանց միջեւ, իսկ ահա նրա հորը, ով մաթեմատիկոս էր, սպանել էին»:
Կապիտոլիումում «Խոստումը» դիտելուց հետո ֆիլմի անվանի ռեժիսոր Թերի Ջորին եւ պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանին հանդիսատեսը հոտնկայս ծափահարությունների արժանացրեց:
«Այս ֆիլմը նկարահանելու հնարավորությունն ինձ համար իրական նվեր էր», – նշեց ֆիլմի ռեժիսորը:
Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի կայքում