Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօր շատ քաղաքական ուժերի համար միակ հաղթաթուղթ մնացել է պոպուլիզմը, միակ միջոց՝ սադրանքներ կազմակերպելը»

Մարտ 24,2017 15:30

Այս տարվա գլխավոր իրադարձությունը Ազգային ժողովի ընտրություններն են, որոնք անցկացվում են նոր Ընտրական օրենսգրքի եւ սահմանադրական էական բարեփոխումների պայմաններում եւ ընդհանրապես պատմական նշանակություն կարող են ունենալ մեր քաղաքական զարգացումների վրա։ Այս գործընթացի առանձնահատկությունները, ինչու չէ` նաեւ որոգայթները խնդրեցինք մեկնաբանել ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանին:

– Գլխավոր առանձնահատկությունն այն է, որ այս ընտրությունները շատ բարձր գին ունեն: Ըստ էության, իրականում ընտրում ենք երկրի բարձրագույն իշխանություն, այլեւս չենք ունենալու համապետական նախագահական ընտրություններ, եւ Ազգային ժողովն է նշանակելու կառավարությանը եւ ընդունելու նրա հաշվետվությունը: Այստեղից բխում է պետության եւ քաղաքական ուժերի համար բացառիկ կարեւորությունը այն մարմնի, որն ընտրվելու է: Հետեւաբար այն պետք է օժտված լինի լեգիտիմությամբ եւ ունենա բարձր վստահություն թե՛ երկրի ներսում, թե՛ երկրից դուրս: Սա նաեւ ցույց տվեց մեկ այլ բան՝ շատ են այն ուժերը եւ գործիչները, որոնք պատրաստ են ամեն գնով հայտնվել Ազգային ժողովում, որպեսզի հետագայում ազդեցություն ունենան երկրի կառավարման գործընթացների վրա: Իսկ սա բերել է նրան, որ ունեցանք գաղափարականության պակաս եւ սկզբունքներից նահանջ՝ հենց առաջադրման գործընթացների ժամանակ: Եթե հիշում եք, այդ փուլում սկսվեց մի գործընթաց, երբ բոլորը բանակցում էին բոլորի հետ, ինչը շատ հաճախ նմանվում էր քաոտիկ, բրոունյան շարժման: Ի վերջո, այն ավարտվեց նրանով, որ միավորվեցին կամ մեկ քաղաքական ուժի ցուցակում հայտնվեցին բացարձակապես որեւէ ընդհանրություն չունեցող քաղաքական ուժեր եւ քաղաքական գործիչներ, անգամ երբեմնի հակառակորդներ, որոնք ունեցել են շատ հստակ անհամաձայնություններ: Փոփոխությունները ենթադրում էին լուրջ գաղափարական պայքար, քաղաքական դիսկուրսների հակադրություններ եւ քաղաքական մրցակցություն, որը դեռեւս շատ քիչ ենք տեսնում:

Երկրորդ առանձնահատկությունն էլ այն է, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունը մեծ չափով լուծել է ընտրությունների նկատմամբ վստահության աստիճանի խնդիրը: Ավելին՝ էականորեն սահմանափակել է ընտրություններին մասնակցողների կողմից հնարավոր խախտումներ կիրառելու հնարավորությունները, որոնք միգուցե փոքր չափով, բայց, այնուամենայնիվ, ազդեցություն ունենում էին արդյունքների վրա եւ բավական լուրջ դժգոհություն առաջացնում մեր հանրության շրջանում: Այսօր Ընտրական օրենսգքրի գործող մեխանիզմները եւ կիրառված նորամուծությունները, ինչպես նաեւ տեսանկարահանումը, ընտրացուցակների հրապարակումը էականորեն նվազեցրել են, եթե չասենք՝ իսպառ վերացրել են խախտումների հնարավորությունը: Դրա փոխարեն այսօր շատ քաղաքական ուժերի համար միակ, այսպես ասած, հաղթաթուղթը մնացել է սադրանքների կազմակերպումը եւ պոպուլիզմը, որը փթթում է իր խայտաբղետ գույներով եւ զարթոնք ապրում:

– Եվ միեւնույն է` ընտրապայքարում ընդգրկված ուժերի հիմնական թեման մնում է խախտումների, ընտրակեղծիքների դեմ պայքարը:

– Այն աղմուկը, որը բարձրացվում է ձայների գնման, ընտրակաշառքի, վարչական ռեսուրսի օգտագործման շուրջ, կարծես թե հատուկ նպատակ ունի՝ փորձելու ստվերել ընտրական գործընթացը կամ արդարացնել ապագա պարտությունները: Ընտրության օրվա, ընտրատեղամասում կատարվող գործընթացներում այն աստիճանի են վերացրված խախտումների հնարավորությունները, որ այլեւս իրենց պարտությունը դրանով արդարացնելու հնարավորություն չեն ունենալու: Դրա համար էլ այսօր ավելի շատ ծանրացել են այս թեմաների վրա:

– Բոլոր ընտրություններն աչքի են ընկնում պոպուլիստական, ընտրողներին հաճոյանալու բազմաթիվ խոստումներով, բայց այս անգամ դրանց դոզան ինչ-որ շատ բարձր է կարծես։ Անդրադառնանք, խնդրում եմ, դրանց արժանահավատության գործակցին…

– Մի շարք քաղաքական ուժեր այս օրերին ոչ միայն ներկայացնում են իրենց առաջարկներն ու երկրի զարգացմանն ուղղված իրենց ծրագրային դրույթները, այլեւ հնչեցնում են անիրատեսական, ընդհուպ մինչեւ ամենաանհեթեթ խոստումներ: Դրա բացատրությունը թերեւս այն է, որ իրենք շատ լավ հասկանում են՝ վաղը որեւէ մեկն իրենցից չի պահանջելու պատասխան իրենց այս խոստումների եւ անիրական ծրագրային դրույթների դիմաց՝ թեկուզ ելնելով նրանից, որ չեն ունենալու այդքան վստահության քվե ու չեն լինելու մեծամասնություն: Ամենաշատը, ինչ իրենք կարող են ունենալ, մի քանի տեղ է խորհրդարանական դահլիճում եւ նորից քննադատելու կամ, լավագույն դեպքում, այս կամ այն օրենքի նախագիծ ներկայացնելու հնարավորություն: Մինչդեռ պոպուլիզմի այս տարածումը երբեմն հասնում է այնպիսի ձեւերի եւ չափերի, որ անգամ գնահատելու կարիք չկա: Կան այնպիսի ծրագրեր, որոնք եթե փորձում ես տրամաբանական վերլուծության ենթարկել, միանգամից երեւում է, որ անհնար է դրանցով պետության կենսագործումը գոնե մեկ բյուջետային շրջան:

– Պատկերացում է ստեղծվում, որ 15 քայլով կամ 30 քայլով, կամ 365 օրում հնարավոր է ամբողջովին փոխել պետության զարգացման գործընթացները եւ ժողովրդի կյանքը, եւ դա չի արվել։

– Իհարկե, հնչեղ է, եւ մարդկանց նուրբ լարերին դիպչող բաներ կան, բայց բոլորն էլ հասկանում են, որ պետության կառավարումը եւ զարգացումը, այնուամենայնիվ, 15 կամ 30 քայլի կոմբինացիաներ չեն: Այլ հարց է, որ ինչ-ինչ առանձին տարբեր խնդիրներ լուծելու համար անհրաժեշտ են մի քանի ուղղությամբ կատարվող քայլեր: Բայց այն, որ դրանք կլինեն երաշխիք՝ երկրում իրավիճակը արմատական փոփոխելու՝ կենսամակարդակ, տնտեսության զարգացում եւ այլն, այդպես չի լինում: Սա նույն «կախարդական փայտիկի» մեկ այլ արտահայտչամիջոցն է: Իսկ այս թեման հայ հանրության մեջ վաղուց արդեն փակված է, քանի որ բոլորը համոզվել են, որ կախարդական փայտիկ իրականում չկա: Հիմա կախարդական փայտիկի փոխարեն օգտագործում են կախարդական 15 կամ 30 քայլ, ինչը նույն էֆեկտն ունի: Պետության զարգացումը պահանջում է ճիշտ մշակված բազմակողմանի քաղաքականություն, ոչ թե հույսեր եւ խոստումներ, այլ հետեւողական եւ համառ աշխատանք բոլոր մակարդակներում: Միայն այդ դեպքում է հնարավոր, որ արմատական փոփոխություններ կատարվեն երկրի կյանքում: Հենց այս մասին է ՀՀԿ նախընտրական ծրագիրը:

– Գուցե այս պոպուլիստական դրսեւորումները զարգացում են ապրում այն պատճառով, որ ՀՀԿ նախընտրական ծրագրում պակասում են կոնկրետ թվերն ու խոստումները։

– Իրականում, կարծում եմ, թվեր չպետք է լինեին էլ, որովհետեւ կուսակցության ծրագիրը կուսակցության պատկերացումներն են այն գործընթացների մասին, որոնք պետք է կատարվեն հինգ տարիների ընթացքում: Այս ծրագրային դրույթների հիման վրա է մշակվելու կառավարության ծրագիրը, որի հիման վրա էլ կազմվելու են միջնաժամկետ ծրագրերը եւ պետական ամենամյա բյուջեները: Այսինքն՝ սրանք տարբեր փաստաթղթեր են, եւ չեն կարող այն թվերը, որոնք պետք է լինեն բյուջեում կամ միջնաժամկետ ծրագրում, դրվեն կուսակցության ծրագրում: Սա երկարատեւ ժամանակահատվածի համար մեր ծրագիրն է, ոչ թե կոնկրետ գործողությունների եւ արդյունքների, որոնք հետագայում ներկայացվելու են այլ ծրագրային փաստաթղթերի մեջ: Իսկ դրա հակառակը խոստումներն են, թե այսինչը այսքան կլինի, այնինչը՝ այնքան՝ առանց դրա մեխանիզմները, լուծման ճանապարհներն ու աղբյուրները ցույց տալու, առանց վերլուծության եւ գնահատականի, պարզապես ականջահաճո թվեր հնչեցնելով:

– Ո՞րն է ՀՀԿ-ի ընտրական ստրատեգիան այս ժամանակահատվածում, եւ ի՞նչ եք կարծում` դարձյալ առաջին տեղ դուրս գալու ինչպիսի՞ շանսեր կան։

– Հայտնի է, որ ամենուրեք իշխանությունը, որպես պատասխանատվություն ստանձնած ուժ, միշտ ավելի դժվարին խնդրի առաջ է կանգնած, միշտ առավել խոցելի է, քանի որ ճանապարհ է անցել եւ այդ ճանապարհին պատասխանատվություն է կրում՝ ինչպես լավի, այնպես էլ վատի համար: Եվ այն հայտնի պրոպագանդիստական հնարքները, որ մեր քաղաքական դաշտում դեռեւս տարածում ունեն, թե՝ «որեւէ լավ բան, որ արված է, այդ մենք ենք արել, իսկ այն, ինչ վատ է, պարզապես չենք կարողացել խանգարել, որ իշխանությունը չանի», շատ ինֆանտիլ են հնչում: Իրականում իշխանությունն ունի բավականին լուրջ կատարված աշխատանք՝ բոլոր ոլորտներում իրականացրած ծրագրերի, բարեփոխումների ու արդյունքների տեսքով: Դրա հետ միասին ունի նաեւ պատասխանատվության բավական մեծ բեռ, ուստի ամենամեծ խնդիրն այսօր Հանրապետականինն է, որպեսզի կարողանա յուրաքանչյուր ընտրողի հետ աշխատելով ներկայացնել՝ որոնք են հաղթահարված դժվարությունները եւ խնդիրները, որ կան այսօր, ու այն ծրագրերը, մոտեցումները, որոնք թույլ են տալու իրականում լուծել առկա խնդիրները:

– Որո՞նք են ՀՀԿ-ի ընտրական տեխնոլոգիաները եւ վերաբերմունքը ծավալված մրցակցությանը։

– Նախ ասեմ, որ Հանրապետական կուսակցությունը հարգալից ու հավասար վերաբերմունք ունի բոլոր մրցակիցների նկատմամբ՝ լուրջ թե անլուրջ, մեծ թե փոքր: ՀՀԿ-ն որեւէ մեկի դեմ չի աշխատում, աշխատում է իր ընտրողի համար: Հետաքրքիր է, որ սովորույթի համաձայն՝ քարոզարշավի առաջին կեսը ընդդիմադիր բեւեռը պայքարը տանում էր, կարծես, «բոլորը Հանրապետականի դեմ» նշանաբանով: Բայց հիմա նկատում եմ, որ մեր ընդդիմադիր ուժերը սկսեցին հասկանալ, որ սա ճիշտ մոտեցում չէ, եւ իրենց մրցակցությունը սեփական բեւեռում է, մյուս ընդդիմադիրների հետ: Հասկանում են, որ Հանրապետականի ձայներն իր ձայներն են, եւ իրենք այդտեղից ձայներ չեն տանելու, մինչդեռ իրենցը ընդդիմադիր էլեկտորատն է, որի համար պետք է պայքարեն մյուս ընդդիմադիր մրցակիցների դեմ: Ամեն դեպքում, կարծում եմ, ճիշտ մոտեցումը քո ընտրողի համար պայքարելն է, ինչպես անում է ՀՀԿ-ն: Իհարկե, մենք դրա համար ունենք նաեւ նախադրյալներ, այդ թվում՝ մարդկային ռեսուրսը՝ բազմամարդ եւ փորձառու թիմը, բազմաթիվ տարածքային կազմակերպությունները, անցած ճանապարհը, տարիների ընթացքում ձեռք բերած պետական կառավարման աշխատանքի հմտությունները:

– Թեպետ առայժմ ինչ-որ շատ մեծ էքսցեսներ չեն եղել, այնուամենայնիվ՝ բախումներ, սադրանքներ արդեն հասցրել են դրսեւորվել։ Ինչո՞վ են դրանք պայմանավորված այս անգամ։

– Հանրապետական կուսակցությունը մշտապես կողմնակից է եղել գաղափարական պայքարի, առարկայական, բովանդակային քննարկման եւ զերծ է մնացել սրացումներից: Ովքե՞ր են գնում իրավիճակի սրացման, նրանք, ովքեր չունեն այլ շանս, եւ իրենց համար «կախարդական փայտիկն» այս սադրանքներն են՝ միջադեպեր, տարբեր տեսակի սրացումներ, իրավիճակը անկայունացնելուն ուղղված գործողություններ: Դրանցում ամենաքիչը շահագրգռված է այսօր իշխանությունը, որովհետեւ բոլոր դեպքերում նա է ընտրությունների կազմակերպման եւ անցկացման պատասխանատուն, միեւնույն ժամանակ` մենք ընտրապայքարում առաջատարներ ենք եւ բոլորովին շահագրգռված չենք արդյունքները լրացուցիչ իրադարձությունների առիթով պղտորելու եւ հարցականի տակ դնելու։ Այդ պատճառով յուրաքանչյուր դեպքի կապակցությամբ բավարար ազդեցիկ եւ վճռական միջոցառումներ են ձեռնարկվում` դրանց կրկնությունը թույլ չտալու համար, իսկ մեղավորները եւ պատճառները, վստահ եմ, մանրամասն իրավական քննարկման կենթարկվեն։ Սա վերաբերում է ոչ միայն տեղի ունեցած միջադեպերին, այլեւ սպասվելիքներին։ Մենք, իսկապես, մեր պետության կյանքում կարեւորագույն մի փոփոխություն ենք իրականացնում, եւ կարեւոր է, որ յուրաքանչյուրս լինենք մեր բարձրության վրա: Մեզ համար առաջնային խնդիր է ապահովել ընտրությունների հնարավորինս խաղաղ եւ օրինական անցկացումը, որի մասին ասել ենք բազմիցս:

 

ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ»

23,03.2017

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031