Լրահոս
Օրվա լրահոսը

Միջանձնայինից մինչեւ միջկառավարական հայ-իտալական կապեր

Մարտ 24,2017 14:00

Հարցազրույց Հայաստանում Իտալիայի արտակարգ
եւ լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիի հետ

– Հայաստան-Իտալիա դիվանագիտական հարաբերությունների 25 տարիների ընթացքում ամենատեսանելի կապը մշակութային կամուրջն է: Ձեր կարծիքով՝ այն ընդամենը 25 տարվա՞ պատմություն ունի…

– Մեր ժողովուրդների միջեւ մշակութային կապերը հաստատվել են շատ ավելի վաղ, քան դիվանագիտական հարաբերությունները մեր պետությունների միջեւ: Մշակութային շփումները հասնելով Հռոմեական կայսրության արեւելյան գավառները, մեծապես ներազդել են տեղի մշակույթի վրա եւ կասկածից վեր է, որ դա կարող էր լինել հենց հայկական հարուստ քաղաքակրթությունը: Մեր ունեցած տեղեկությունները, իհարկե, ավելի շատ վերաբերում են վաղ անցյալի պատմական փաստերին, քան մշակութային կապերին, ինչպիսիք են Տիտիդատեդի հրավերը Հռոմ՝ Ներոն կայսեր կողմից կամ բյուզանդական կայսրությունը պահող վարձու զորքերը, որոնց շարքերում կռվող բազմաթիվ հայերի մի մասը հետագայում բնակություն հաստատեց Իտալիայում:

Կամ՝ Ռավեննայի սուրբ Վիտալ եկեղեցում Հուստինիանոս կայսեր եւ նրա շքախմբի շքեղ խճանկարը, որում պատկերված է նաեւ նրա մեծագույն գեներալներից մեկը՝ հայազգի Ներսեսը: Մշակութային փոխառությունները ցայտուն կերպով արտահայտվում են նաեւ տեղանուններում, օրինակ՝ «Ռոկա Արմենիա»-ն՝ Կալաբրիայի հյուսիսային շրջանում:
Մշակութային կապերն առավել տեսանելի դարձան միջնադարում: Իտալական ծովային հանրապետությունները (Վենետիկ, Ջենովա, Պիզա եւ Ամալֆին) ծավալվելով դեպի արեւելք, առեւտրական կապեր հաստատեցին նաեւ

Կիլիկյան Հայաստանի հետ: Ավելի ուշ՝ Վերածննդի դարաշրջանում, հայկական ներկայությունը նշված մի քանի քաղաքներում այնքան զգալի դարձավ, որ եկավ մի շրջան, երբ Վենետիկում հայոց լեզվով տպագրությունն ավելի մեծ էր, քան որեւէ այլ վայրում: Ինչ խոսք, Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության ստեղծումն էլ ավելի ամրապնդեց եղած կապերը: Ներկա ժամանակներում իտալական մշակույթը հպարտ է ունենալու հայկական ծագում ունեցող ակնառու դեմքեր՝ սկսած հայտնի նկարիչ Գրիգոր Շլդյանից մինչեւ ժամանակակից գրողներ, ինչպես, օրինակ՝ Անտոնիա Արսլանը: Մյուս կողմից էլ չենք կարող չհիշատակել 1859թ. Միքայել Նալբանդյանի կողմից գրված «Երգ իտալացի աղջկա մասին» բանաստեղծությունը, որը հետագայում դարձավ ՀՀ օրհներգ:

– Մեր երկրների դեպքում մշակութային ո՞ր գործառույթներն են ավելի հաճախ հանդիպում՝ միջկառավարակա՞ն, թե՞ միջանձնային:

– Դժվար է ասել, թե մշակութային կապերը առավելապես որ շփումներից են ամրապնդվում: Մշակութային միջոցառումների կազմակերպումը, կրթաթոշակների տրամադրումը կամ համալսարանների միջեւ կապերի հաստատումը կարող են լինել միջպետական պայմանագրերի արդյունք: Բայց դրանք իրենց հերթին կարող են հիմք հանդիսանալ միջանձնային հարաբերությունների ստեղծման համար, տալով իրենց պտուղները: Նույն կերպով որոշ միջկառավարական հարաբերություններ կառուցվում են անձերի շփումների վրա՝ առաջադրելով արդեն ամրապնդված ու արդյունավետ եզրույթներ: Ես հավատացած եմ, որ դա երկկողմանի գործընթաց է:

– Հայ հոգեւոր կյանքի մի քանի բարձրագույն դրսեւորումներ կան Իտալիայում, այդ թվում՝ Մխիթարյան միաբանությունը Սուրբ Ղազար կղզում, Գրիգոր Լուսավորչի մասունքը՝ Սուրբ Պետրոս մայր տաճարում եւ այլն: Հնարավոր համարո՞ւմ եք, որ մեր ժամանակներում էլ կարող են լինել նմանօրինակ դրսեւորումներ:

– Հոգեւոր կյանքի բարձրարժեք նմուշներն արդյունք են այն մարդկանց աշխատանքի, որոնք ապրել են որոշակի պատմական պայմաններում: Թեպետ մենք չենք ապրում այնպիսի դարաշրջանում, երբ մեր առօրյան ու հասարակությունը ձգտում են աշխարհականացման, այնուամենայնիվ, միշտ եղել են ու կլինեն մարդիկ, ովքեր ապրում ու արարում են կյանքի հոգեւոր բարձրագույն ոլորտներում: Կարծում եմ, որ մենք դեռ կտեսնենք մարդկային մտքի նմանօրինակ բարձրարժեք արգասիքներ, որոնք անպայմանորեն կյուրացվեն՝ արտահայտելով մերօրյա կյանքն ու ժամանակաշրջանը:

– Եղել են ժամանակներ, երբ Իտալիայի դեսպանությունը աջակցում էր իտալական բուֆ օպերաների հայաստանյան բեմադրություններին, հիմնականում Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայում, իսկ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում 2010թ. Վերդիի «Աիդա» օպերայի բեմադրությանը: Վերջին շրջանում կոնկրետ այս ոլորտում ակնառու ոչինչ չի երեւում. դա կանգա՞ռ է, թե՞ դադար:

– Վերջին տարիներին մեր դեսպանությունը փորձում է հայ հասարակությանն առաջարկել իտալական երաժշտական կյանքի այլ դրսեւորումներ, ինչպիսիք են Մագարիելլո-Նովարինո դաշնամուր-ջութակ դուետը, դասական կիթառի երեկոն Կառլո Ֆիրենսի մասնակցությամբ եւ այլն: Այս օրերին մեր երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի շրջանակում Վենետիկի քառյակը եւ հոբոյահար Ջանֆրանկո Բորտոլատոյի համերգը «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
Ինչ վերաբերում է օպերային արվեստում համագործակցությանը, համոզված եմ՝ այն դեռ կվերադառնա:

 

Զրուցեց ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ»

23,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031