Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ տիկնիկդ արժանանում է ծափահարությունների, դու քեզ հպարտ ես զգում»

Մարտ 24,2017 13:30

Քնարիկ Հարությունյանը` իր սիրելի աշխատանքի մասին

Տիկնիկային թատրոնի բեմը կյանք է, շունչ տվողները` տիկնիկները: Քնարիկ Հարությունյանը, որ արդեն 36 տարի է` զբաղվում է տիկնիկագործությամբ, հավատում է, որ յուրաքանչյուր տիկնիկի հետ կարող ես խոսել, երգել, մտածել եւ, ինչո՞ւ ոչ, նաեւ որպիսությունը հարցնել: «Տիկնիկները նույնպես ունեն բնավորության գծեր. մենք իրենց ենք փոխանցում մերը, իրենք՝ մեզ: Դրանցից յուրաքանչյուրը մեր էության արտացոլանքն են: Հաճախ գործընկերներով կատակում ենք եւ մեկս մյուսին նմանեցնում այս կամ այն հերոսին: Օրինակ, ես շատ չարաճճի տիկնիկի եմ նման (ժպտում է-Լ.Օ.): Պատրաստելու ընթացքում միշտ խոսում եմ տիկնիկներիս հետ»,-ասում է մեր զրուցակիցը:
Տիկին Հարությունյանը սիրահարվածի նման է խոսում իր մասնագիտության մասին. «Ավարտել եմ Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը: Ավարտական աշխատանքիս թեման տիկնիկներն էին եւ հենց այդ օրը Երվանդ Մանարյանն ինձ հրավիրեց տիկնիկային թատրոն. 1980թ.-ից առ այսօր ես այստեղ եմ: Անչափ շատ եմ սիրում աշխատանքս, աննկարագրելի»:

Քնարիկ Հարությունյանը օդի ու ջրի նման միշտ տիկնիկ պատրաստելու կարիք է զգում եւ հավաստիացնում, որ առանց լավ տրամադրության՝ գործը գլուխ չի գա. «Ունեմ շատ տիկնիկներ, որոնք պատրաստել եմ ինձ համար, ես միշտ իրենց հետ եմ: Նույնիսկ, երբ թոռնիկներիս եմ այցելում, ձեռքի տակ եղած նյութերով պատրաստում եմ իրենց համար: Վստահ կարող եմ ասել, որ երբ կենցաղային խնդիրները խեղդում են, անհնար է զբաղվել տիկնիկներով. իրենց հետ հանգիստ ու խաղաղ է պետք աշխատել»:

Քնարիկ Հարությունյանի կարծիքով, տիկնիկները մեծ դեր ունեն երեխաների եւ, առհասարակ, բոլորի կյանքում. չէ՞ որ յուրաքանչյուրս էլ հոգով մանուկ ենք. «Տիկնիկները կյանքի ընկերներն են, եւ երբեք չես կարող պատրաստել միեւնույն տիկնիկից մի քանի օրինակ: Նաեւ երբեք չես շփոթի տիկնիկագործի մի աշխատանքը մյուսի հետ»:
Հարցրինք՝ արվեստանոցի ամենասիրելի բնակիչ տիկնիկները որո՞նք են, տիկնիկագործն առանց վարանելու պատասխանեց. «Փոքրիկ իշխանին ու «Բեթղեհեմի աստղի տակ» ներկայացման Մարիամին կերպարանավորած տիկնիկներն իմ սիրելիներն են: Ես շատ եմ սիրում, երբ տիկնիկդ լույսերի մեջ արժանանում է ծափահարությունների, այդ պահին դու քեզ հպարտ ես զգում»:

 

ԼԻԼԻԱՆԱ ՕՍԻՊՅԱՆ

«Առավոտ»

23,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031