Ղուկասի Ավետարանում մեր Տեր Հիսուս Քրիստոսը 3 պատմություն է պատմում, որտեղ ներկայացնում է մեր կյանքի իրական պատկերը եւ զգուշացնում այն սպառնալիքներից, որ մենք ինքներս բերում ենք մեր գլխին՝ սխալ մտածելով ու սխալ ապրելով: Մենք այս կյանքի համար հաշիվ ենք տալու Աստծուն: Սա պետք է լավ հիշել, որովհետեւ սրանից խուսափում չկա, ինչքան էլ գունավոր ու գրավիչ լինի այս կյանքը: Մահվան մասին պետք է ամեն օր հիշել, որովհետեւ դա գալու է շատ անսպասելի եւ այդ օրվանից սկսվելու է մեր հաշվետվությունը:
Տեսեք: 15-րդ գլխում Տերը պատմում է մարդկային ազատության աստիճանի մասին: Անառակ Որդու մասին առակը զղջումից ու Աստուծո սիրուց բացի, նաեւ ցույց է տալիս, թե ինչքան ազատ է մարդն այս կյանքում: Նա կարող է Աստծուց հեռանալ, նա կարող է Աստծուն մոտենալ:
16-րդ գլխում Տերը պատմում է Տնտեսի Առակը՝ ցույց տալով, որ այս կյանքի համար դուք հաշիվ եք տալու Աստծուն: Մեր Երկնավոր Հայրը ամեն մեկիս տվել է ժամանակավոր կարողություններ, լինի դա շնորհք, թե փող, ու մահվան օրը հարցնելու է, թե դու ինչպես վարվեցիր այն ամենի հետ, որ նա քեզ տվեց իր ընտանիքում օգտագործելու համար: Դու պահեցիր միայն քեզ համար ու նաեւ գողացար ուրիշների՞ց, թե քեզ տրվածն օգտագործեցիր Աստուծո ընտանիքի համար:
Ապա հենց 16-րդ գլխի վերջում՝ Աղքատ Ղազարոսի եւ Հարուստի առակով Տերը ցույց է տալիս, թե ինչ կլինի քեզ հետ, եթե դու չփնտրես այս կյանքի իրական իմաստը եւ ճիշտ չապրես այն: Տերը ցույց է տալիս, որ սխալ ապրելով եւ ճշմարտությունը չփնտրելով՝ դու ինքդ քո գլխին փորձանք ես բերում, դու ինքդ սպառնում ես քո կյանքին:
Դրա համար Տերը եւ 17-րդ, եւ 21-րդ գլխում ասում, հիշեցնում ու կրկնում է. «Զգո՛յշ եղէք ձեր անձերի համար» (Ղկ 17:3): «Զգո՜յշ եղէք ինքներդ ձեզնից. գուցէ ձեր սրտերը ծանրանան զեխութեամբ եւ հարբեցողութեամբ ու աշխարհիկ հոգսերով. եւ յանկարծակի հասնի ձեր վրայ այն օրը» (Ղկ 21:34):
Կարդացեք նաև
Աշխահի Փրկիչը մեզ հորդորում է փողն օգտագործել բարեկամներ ձեռք բերելու համար, որպեսզի երբ ձեր փողերը պակասեն ու անպետք դառնան, ձեզ ընդունեն հավիտենական հարկերի տակ (Ղկ 16:9): Փողը կոչվում է անիրավ ունեցվածք, որովհետեւ այն հավիտենական չէ: Մարդու մահվամբ այն դառնում է անպետք: Ճշմարիտ ունեցվածքը հավիտենական է, որ մեզ հետո է տրվելու՝ կախված այն բանից, թե մենք ինչ ենք արել այս կյանքում մեզ տրված բաների հետ, ինչքան գանձ ենք դիզել երկնքում: Իսկ երկնքում գանձեր դիզելը նշանակում է, թե ինչքան բարի գործեր եք արել մարդկանց համար սեփական անձն ուրանալով: Ամեն մեկս հաշիվ ենք տալու Աստուծո առաջ: Դրանից փախուստ չկա: Եվ մեր կյանքը մազից է կախված ու ամեն վայրկյան կարող է ընդհատվել ու սկսվել հաշվետվությունը: Սա պետք է միշտ հիշել:
Հարցնում եք, թե «Անիրավ Տնտեսի» խարդախությունն ինչո՞վ է արդարացվում, եթե նա խաբեց Տիրոջը:
Նա չխաբեց Տիրոջը: Երուսաղեմի իշխանները մեծ հողատերեր էին ու տնտեսներ էին պահում: Տնտեսները իշխանի հողը վարձով տալիս էին գյուղացիներին: Երբ Անիրավ Տնտեսը ներեց 100 տակառ ձեթից 50-ը, ապա դա իր բաժին 50-ն էր, որը նա կողքից «ճմկտում» էր՝ ժողովրդին հարստահարելով: Նույնն էլ 100 պարկ ցորենը:
Տերը նրանց գովեց, որովհետեւ այս մարդը սովորեց իր բաժինը զիջել ու կիսել մարդկանց հետ, որպեսզի հավիտնական կյանք շահի (Ղուկ 16:1-31):
Մենք էլ պետք է մերժենք ագահությունը, եւ սովորենք մեզ ընծայված հնարավորություններից բաժին հանել մարդկանց ու հոգ տանել նրանց կարիքների համար:
Այս պատմությունը սկսվում էր այնտեղից, որ ամբաստանություն եկավ Տնտեսի վրա, ու նրա տերը կանչելով, նրան ասաց. «Այս ի՞նչ եմ լսում քո մասին. տո՛ւր քո տնտեսութեան հաշիւը, որովհետեւ այլեւս տնտես լինել չես կարող» (Ղկ 16:2): Ուրեմն ապրեք այնպես, որ ոչ մի մարդ ձեր տնտեսության պատճառով իր սրտում չբողոքի Աստծուն:
ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ
https://www.facebook.com/ armen.hareyan
«Առավոտ»
23,03.2017