Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ում մոտ որովայնի փքվածություն կա՝ կերակրափողի ներքեւի հատվածի վատ վիճակի հավաստի նշան է

Մարտ 24,2017 12:30

Մարսողության օրգանների աշխատանքը եւ ֆիզիոլոգիական հիգիենայի կանոնները

Ազգությամբ ռուս, բժիշկ, բնաբույժ Գալինա Շատալովան` իր «Բնական ապաքինում» գրքում գրում է իր բուժումների արդյունավետության մասին: Նա, մինչ հիվանդությունը բուժելը, մշտապես հիվանդներին ծանոթացրել է օրգանիզմի ֆիզիոլոգիային, առանձին օրգանների կենսագործունեությանը, բացահայտել է հիվանդության պատճառները եւ նշանակումների իմաստը. «Իսկ բուժումն արդեն կախված է հիվանդից, թե որքանով նա կհասկանա իմ բացատրությունները եւ կընդունի նշանակումների կարեւորությունը, իսկ հասկանալուց ու ընդունելուց հետո էլ՝ որքանով կկատարի դրանք»։

Քանի որ բնական ապաքինման համակարգի կիրառումը սերտորեն կապված է մարսողական օրգանների աշխատանքի հետ, ուստի բժշկուհին ներկայացրել է դրանց աշխատանքի սկզբունքները. «Ուշադրություն դարձրեք` ես գործածում եմ «մարսողական օրգաններ» հասկացությունը, այլ ոչ թե «աղեստամոքսային համակարգ» հասկացությունը, քանի որ երկրորդի դեպքում համակարգից դուրս են մնում բերանն ու կերակրափողը, որոնք շատ կարեւոր դեր են կատարում մարսողության գործընթացում։ Ի. Մ. Սեչենովի հետազոտությունները եւ Ի.Պ.Պավլովի աշխատությունները բացահայտեցին այն որոշիչ դերը, որ մարսողության կազմակերպման բարդ գործընթացում կատարում է գլխուղեղը։ Գլխուղեղն է մշակում այդ գործընթացին այս կամ այն օրգանի մասնակցության ծրագիրը, որոշում է  արտադրած հյութի ֆերմենտային, հորմոնային եւ թթվահիմնային կազմությունը»։ Սակայն, որպեսզի այդպիսի ծրագիր մշակի, տիկին Շատալովան նշում է, որ գլխուղեղը մեր ընդունած սննդի մասին պիտի հանգամանալից ինֆորմացիա ստանա. «Գլխուղեղին առաջին այդպիսի ինֆորմացիա տվող աղբյուրը բերանն է։ Բերանի խոռոչում են գտնվում նյարդային թելիկների զգայական վերջույթները, որոնց միջոցով մենք որոշում ենք սննդի համը, տեսակը, կազմությունը։ Այդ ամբողջ ինֆորմացիան անմիջապես հաղորդվում է գլխուղեղին, որն էլ մշակում է մարսողության համակարգի բոլոր օրգանների աշխատանքի ծրագիրը։

Սակայն բերանի խոռոչի դերը դրանով չի ավարտվում։ Այստեղ է սկսվում մարսողության գործընթացը եւ այդ սկիզբն էլ հենց որոշում է մարսողության հետագա ընթացքի արդյունավետությունը։ Դյուրամարս շաքարի վերածման գործն սկսվում է բերանի խոռոչի հիմնային միջավայրում՝ թքի ազդեցությամբ։ Եվ որպեսզի այղ գործընթացը նորմալ կատարվի, պետք է սնունդը, որքան հնարավոր է, երկար ծամվի»։ Սա, ըստ մասնագետի, ֆիզիոլոգիական հիգիենայի առաջին կանոնն է. «Սակայն, սովորաբար, դրա համար մեր համբերությունը չի բավարարում։ Սնունդը երկար ծամելու անհրաժեշտության մասին գրել է դեռեւս Պյութագորասը։ Բայց ձեզ չի հաջողվի սնունդը երկար ու հանգամանալից ծամել, եթե բերանը լիքը կերակուր եք լցրել։ Ուշադրություն դարձրեք՝ նման դեպքում ինքնաբերաբար կուլ տալու շարժում է առաջանում, եւ լավ չծամված ուտելիքն անցնում է կերակրափող, այնտեղից էլ` ստամոքս։ Այդ պատճառով, ֆիզիոլոգիական հիգիենայի երկրորդ կանոնը պահանջում է ուտելիքը փոքր կտորներով դնել բերանը»։

Բժշկուհին հիշեցնում է, որ հենց սովորեք հետեւել այս կանոններին, կնկատեք, թե ինչքան է պակասել ուտելիքի ձեր պահանջը, ընդ որում` առանց հերոսական ջանքերի։ Եվ վերականգնվել է բերանի խոռոչից կերակրափող տանող անցքափակ սեղմամկանի ֆունկցիան. «Բնությունն այդ մկանն ստեղծել է, որպեսզի չծամված կերակուրը բերանից չանցնի կերակրափող։ Բայց մենք մեր անիմաստասեր բարքերի շնորհիվ որքան հնարավոր է՝ խոչընդոտում ենք մեր օրգանիզմի աշխատանքին»։

Բերանի խոռոչից գլխուղեղին ուղարկված ինֆորմացիայի կարեւորության մասին նշել է, որ հասկանալի է` որքան պարզ է սնունդը, այնքան պարզ ու արդյունավետ է գլխուղեղի կողմից կազմված մարսողական ծրագիրը. «Սրանից բխում է ֆիզիոլոգիական երրորդ կանոնը՝ պետք է ուտել միայն մի տեսակի ուտելիք»։

Բերանի խոռոչին հաջորդող մարսողության մյուս օրգանը կերակրափողն է, որին բժիշկը մեծ ուշադրություն է հատկացրել. «Եթե գործ ունեմ սիրտ-անոթային հիվանդությունների հետ։ Դրա պատճառն այն է, որ կերակրափողը սերտ «հարեւանության» մեջ է գտնվում սրտի հետ։ Սնվելու ռեժիմի խախտման հետեւանքով առաջին հերթին տուժում է կերակրափողի ներքեւի հատվածը։ Դրա պատճառը ուշ երեկոյան ուտելն է, երբ սնունդը չի մարսվում։ Ում մոտ որովայնի փքվածություն կա, դա կերակրափողի ներքեւի հատվածի վատ վիճակի հավաստի նշան է։ Սրանից հետեւում է չորրորդ կանոնը, ըստ որի՝ չպետք է ուտել երեկոյան ժամը 6-ից հետո։ Ծայրահեղ դեպքում կարելի է դեղաբույսերից պատրաստված մի բաժակ թեյ խմել մեղրով։ Այդ նույն պատճառով պետք է հրաժարվել նաեւ վաղ առավոտյան սնունդ ընդունելուց։ Այդ ժամին, նախաճաշի փոխարեն, կարելի է նորից մեղրով թեյ կամ բանջարեղենի հյութ խմել»։

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

23,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031