Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. «Թող ռիսկ անեն ձերբակալեն» (Տեսանյութ)

Մարտ 23,2017 23:13

«Արցախի հերոս, գեներալ Սամվել Բաբայանը հանդիսանում է Հայաստանի իշխանությունը բռնազավթած այս խմբակի հերթական քաղաքական բանտարկյալը: Ինքը, նաև արժեք լինելով, նաև զսպում է թշնամուն։ Եվ այսօր ես կարող եմ ասել, որ մեր դաշինքը հանձնառու է մինչև վերջ ոչ միայն պաշտպանել Սամվել Բաբայանի իրավունքները, թեև ինքը մեր պաշտպանության կարիքը չունի, այլ ավելին՝ այն կիսատ, թղթի մնացած հաղթանակները մենք պատրաստ ենք ի կատար ածել այս անգամ։ Դա մեր պարտականությունն է»,- «Հոգեւոր Հայաստանի» համաժողովից հետո, լրագրողների հետ զրույցում պատասխանելով Սամվել Բաբայանի ձերբակալության մասին հարցին, ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՕՐՕ դաշինքի պատգամավորության թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Մեր դաշինքը հանձնառելու է պաշտպանել գեներալ Սամվել Բաբայանի իրավունքները, թեև ինքը մեր պաշտպանության կարիքը չունի, ավելին՝ խիստ մնացած, թղթի վրա մնացած հաղթանակները պատրաստ ենք ի կատար ածել այս անգամ: Կարծում եմ մեր առջևում է աննախադեպ մի շրջան: Փաստը մեկն է` Հայաստանը, հայ մարդը ամբողջությամբ պետք է ազատագրվի, այդ ազատագրումը, եթե ընտրությամբ է, կլինի ապրիլի 2-ը, իսկ եթե ոչ` ապրիլի 3-ից սկսած»,- շարունակեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Եթե հետընտրական զարգացումներ լինեն, Րաֆֆի Հովհաննիսյանը հավաստիացնում է`դրանք կլինեն սահմանադրական բոլոր եղանակներով: Այն ենթադրում է «քաղաքացիական և քաղաքական բոլոր ուժերի հեղափոխություն, դիմադրություն», եթե, այս կուսակցապետությունը նորից դիմի իր կեղծիքի, բռնության մեքենային։ Միաժամանակ, Րաֆֆի Հովհաննիսյանը փաստում է` ընտրապայքարն արդեն իսկ անհավասար պայմաններով է ընթանում, իշխանությունն արդեն իսկ դիմել է կեղծիքների, քանի որ վախենում է: Դա, ըստ նրա, փաստում է նաեւ Սամվել Բաբայանի ձերբակալությունը. «Փորձում են վախեցնել դաշինքը, փորձում են վախեցնել ժողովրդին, բայց չեն հաջողելու, իրենք են վախի մեջ, իրենք են սարսափի մեջ»։

Հարցին՝ ինչու՞ ձերբակալվեց Սամվել Բաբայանը և ոչ, ասենք, ինքը կամ Սեյրան Օհանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես և Սեյրան Օհանյանը տարբեր առիթներով և տարբեր եղանակներով եղել ենք թիրախավորված, եղել ենք հետապնդված, միշտ չէ, որ հայտարարել ենք այդ մասին։ Ես վստահ եմ, որ Սեյրան Օհանյանը հիմա փաստացի հետապնդման մեջ է»։ Մեկ այլ հարցի` հնարավո՞ր է, որ հաջորդը Սեյրան Օհանյանին ձերբակալեն, պարոն Հովհաննիսյանն այսպես արձագանքեց. «Թող ռիսկ անեն»։

Լրագրողները հետաքրքրվեցին`իշխանությունների կողմից իրենց հանդեպ հստակ սպառնալիք եղե՞լ է, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Ինձ պարոն Սարգսյանը չի զանգել և չի սպառնացել: Համապատասխան լիդերներն այսօր փաստացի գաղտնալսման, հետապնդման և քաղաքացիական այդ իրավունքի խախտման ներքո են գտնվում»։

Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ այս անգամ գնալու են մինչեւ վերջ, քանի որ համախումբ են:

Aravot.am-ի հարցին` մինչեւ վերջ ո՞ւր` Ծիծեռնակաբերդ աղոթելո՞ւ, պարոն Հովհաննիսյանը այսպես հակադարձեց. «Ես չեմ ամաչում աղոթքից: Մենք փրկեցինք մեր ժողովրդին, նաեւ ձեր ընտանիքը, ավելորդ արյունից, ավելորդ վշտից: Բայց այս անգամ մենք պիտի օգտագործենք ընդվզման եւ ինքնապաշտպանության բոլոր եղանակները`ապահովելու հայ ժողովրդի քվեն եւ արժանապատվությունը»:

Այլ մանրամասները`տեսանյութում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031