Արարատի մարզում ՀՅԴ ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Բագրատ Սարգսյանը ուսումնասիրել է խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ծրագրերն ու արձանագրել միայն դեկլարատիվ կոչեր ու խոստումներ:
Ըստ նրա, ՀՅԴ-ի ծրագրում յուրաքանչյուր նախադասություն լուրջ հետեւությունների արդյունք է: Նա այսօր Արարատ մարզում բնակիչների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ միայն ՀՅԴ ծրագրի՝ գյուղատնտեսության ոլորտին վերաբերող դրույթներին:
«ՀՅԴ-ն առաջարկում է գյուղատնտեսական քաղաքականության մեջ պետության դերի բարձրացում, պետությունը պետք է իր դերը բարձրացնի գյուղատնտեսական քաղաքականության մեջ, որ կարողանա գյուղատնտեսությունը բարձրացնել այն մակարդակի, որ գյուղացին ստացված արդյունքով բավարարվի ու երջանիկ զգա»,- ասաց նա:
Պարոն Սարգսյանի խոսքով, իրենք առաջարկում են նաեւ ապահովագրական ընկերությունների ստեղծում, որոնք կապահովագրեն գյուղացու բերքը. «Հաճախ ենք բողոքում պարարտանյութերի, թունաքիմիկատների որակից, պետությունը պետք է իր դերն ունենան ագրոսպասարկման հարցում: Ճապոնիայի կառավարությունն ամեն տարի 15 միլիոն դոլար է հատկացնում Հայաստանի գյուղատնտեսության զարգացման համար, դրանով գնվում է ազոտական պարարտանյութը, որի մեջ ազոտի պարունակությունը պետք է լինի 34-38 տոկոս, մինչդեռ գյուղացիները նույն պարարտանյութը Վրաստանից ստացած ստուգման են տալիս, 7-8 տոկոս պարունակություն ունի, ինչի համար գյուղատնտեսությունը տուժում է»:
Կարդացեք նաև
Պատգամավորի թեկնածուն բողոքեց նաեւ ոռոգման ջրի սակավությունից՝ ասելով, որ ոռոգման ջուրն անջատվում է ամռան շոգին, մինչդեռ պետությունը պետք է անխափան ջուր ապահովի:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ