Մեծանուն արվեստագետ Ռուդոլֆ Խաչատրյանն այսօր կդառնար 80 տարեկան: Նա իր ապրած տարիների ընթացքում հարուստ ժառանգություն է թողել հայ ժողովրդին,որի մի մասն էլ ցուցադրվեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Արծիվ» սրահում:
«Բազմաչափ Ռուդոլֆ Խաչատրյանը» ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը ներկա էին արվեստագետի ընկերներն ու բարեկամները: Ցուցադրության կազմակերպիչ Արմեն Եսայանի խոսքով, ներկայացված են նկարչի ոչ միայն անձնական հավաքածուից նկարներ, այլ նաև կան նմուշներ` Հայաստանի ազգային պատկերասրահից ու ժամանակակից արվեստի թանգարանից:
«Ներկայացված է արվեստագետի անցած ուղին` սկսած 1990-ական թվականներից մինչև 2000-ականներ։ Նկարներն արված են տարբեր քաղաքներում, տարբեր արվեստանոցներում, տարբեր ժամանակաշրջաններում և արվեստագետի համար տարբեր շրջափուլերում»,-հավելեց Արմեն Եսայանը։
Ռուդոլֆ Խաչատրյանի դուստրը՝ նկարչուհի Մոկո Խաչատրյանը ուրախությամբ ասաց, որ հոր մահից հետո իր ամենամեծ երազանքն է եղել նրա ցուցահանդեսի բացումը Հայաստանում։
Ցուցադրությունը հանրության համար գործելու է մարտի 24-ից, մուտքը ազատ է լինելու մինչև հունիսի 4-ը։
Լիդիա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ