«Մենք ասում ենք, որ ախտորոշել եք մեր բոլոր խնդիրները և դրանց հետ մեկտեղ ունենք հստակ ծրագիր և գիտենք` ուր ենք գնալու: Մենք ասում ենք, որ ախտորոշումը ցույց է տալիս, որ մենք բոլոր ոլորտներում ունենք արդյունավետության պակաս և բոլոր ոլորտներում պետք է անել բարեփոխումներ, ու սկսել ենք բարեփոխումներ»,-Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում նախընտրական հանդիպման սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ, ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը:
«Գլենդեյլ հիլզ»-ի հետ դեռևս 2008-ին պայմանագիր կնքած ու մինչև օրս բնակարանը չստացած 300 քաղաքացիներից մեկը հարց բարձրացրեց, թե իրենց խնդիրը ե՞րբ է լուծում ստանալու և դիմելով վարչապետին` ասաց, թե իրենց վերջին հույսն է նա: Կարեն Կարապետյանը հորդորեց իր օգնականին ֆիքսել նամակը ու հավաստիացրեց. «Հետագայում այս դաշտը պետք է կանոնակարգվի այնպես, որ նման ռիսկեր չառաջանան»:
«Նաիրիտի» վերագործարկման մասին հարցին ի պատասխան վարչապետն ասաց. «Փորձելով արհեստականորեն շատ դեպքերում մարդկանց դուր գալ, առանց հաշվի առնելով այն ռիսկերը, որ կարող են գոյանալ, յուրաքանչյուր ներդրողին ասել են հա-հա, արի սկսի, նա էլ վարկ է վերցրել: Վերջում գալիս է մի իրավիճակի, որ չի կարողանում, թողնում գնում է, մարդկանց աշխատավարձը մնում է չվճարված, մարդիկ գալիս են կառավարության շենքի դիմաց, ու կառավարությունը վճարում է մեկ այլ անհաջող գործարքի համար մեր քաղաքացիների աշխատավարձը: Պետությունը «Նաիրիտը» չի վերագործարկելու, բայց պետությունը պատրաստ է նորմալ ներդրողի, խելքին մոտ ծրագրի որպես գործընկեր ամեն ինչում աջակցել: Հարկային արտոնություն պետք լինի, կամ այլ խնդիր, մենք ամեն ինչում իրենց կողքն ենք լինելու, եթե հասկանանք, որ երկարատև է գալու, այլ ոչ թե գա բզբզի հետո թողնի գնա, սաղ պրոբլեմը մեր վրա մնա»:
Ի պատասխան ՀՀ-ում մանկավարժի աշխատավարձի վերաբերյալ հնչած մտահոգությունների, վարչապետն ընդունեց. «Հայաստանում մանկավարժներին իսկապես տրված է «ոչ-արժանապատիվ աշխատավարձ»: Այս արտահայտություն արժանացավ ծափահարությունների:
Կարդացեք նաև
Ամփոփելով խոսքը Կարեն Կարապետյանն ընտրողներին հավաստիացրեց. «Մենք պետք է լավ ապրենք, հավելյալ արժեք, աշխատատեղ ստեղծենք ու հարստանանք»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈԻՆՅԱՆ