Լրահոս
Օրվա լրահոսը

«Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում է այն, ինչ Ալիեւը կասեր». Արմեն Ռուստամյան

Մարտ 23,2017 22:15

«Այն տպավորությունն է, որ այդ քաղաքական ուժը կատարում է Ադրբեջանի գործը, Ադրբեջանն է ամեն տեղ թմբկահարում՝ հանձնեք տարածքները, թե չէ կգրավենք նաեւ Երեւանը: Ամեն անգամ հոխորտում է ու մեզ պատերազմով վախեցնում: Հիմա մի քաղաքական ուժ էլ եկել մեր մեջից է դա անում. Տեսեք՝ դուք կկործանվեք, Սերգո ջան լավ չես ապրի, հիմա էլ ամբողջ ժողովրդին է վախեցնում, թե Ղարաբաղի հարցը, եթե չլուծվի՝ տարածքները հանձնելով, մենք չենք ապրի նորմալ այս երկրում: Այդ հայտարարություններն անելուց առաջ մարդիկ պետք է բարի լինեն ծանոթանան Արցախի ժողովրդի տեսակետին, չի կարելի արհամարհել այդ ժողովրդի կայացրած հանրաքվեն»,- անդրադառնալով առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցին՝ ասաց ՀՅԴ բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

Ըստ նրա, Ադրբեջանի նման եւս մի քաղաքական ուժ կա, որը պարզապես այդ հանրաքվեի արդյունքները չի ճանաչում. «Այդ ճանապարհը մեզ թուլացնող, մեզ պառակտող ու վախեցնող ճանապարհն է: Կողքից էլ ասում են՝ մենք հաղթանակ ենք տարել, այդ տրամաբանություն ունեցող մարդը ոնց կարող էր հաղթանակ տանել, պարզ չէ՞, որ իրեն պարզապես մղել է հենց իր շրջապատը, որ այդ հաղթանակը տանեն, նրան իր շրջապատն է ստիպել, որ այս հաջողություններն ու հաղթանակն ունենաք, եւ այդ պատճառով էլ ստիպեց, որ հրաժարական տա: Հերի՛ք է մարդկանց մոլորեցնել, որ իբր թե այդ հաղթող քաղաքական ուժն է եկել, ո՛չ, այդ քաղաքական ուժը չէր հեռանա 1998-ին, եթե իրեն չպարտադրեին հեռանալ, որովհետեւ չեն համաձայնել այդ խաղաղության ծրագրին, տարածքներ՝ խաղաղության դիմաց տխրահռչակ բանաձեւը չի ընդունվել իր իսկ շրջապատի կողմից»:

Անդրադառնալով առաջին նախագահի դիտարկմանը, թե Երեւանին որեւէ մեկը չի սպառնում, նրանց կռիվը ԼՂ համար է, եթե տարածքները տալիս ենք, ունենում ենք խաղաղություն՝ պարոն Ռուստամյանը շարունակեց. «Ուրեմն, եթե Ղարաբաղն ու Երեւանն իր համար նույնը չեն, այստեղ էլ խնդիր ունենք, մեզ համար Ղարաբաղը Հայաստան է, եթե ոմանց համար Ղարաբաղը Երեւան, Հայաստան չէ, այդ մարդիկ ի՞նչ գործ ունեն Հայաստանում, հայության միասնության խնդրի հետ: Ինչ ենք ուզում անել ադրբեջանահաճո բաներ ասելով, եկեք հանձնվեք, թե չէ ավելի վատ կպատժենք ձեզ»:

Անդրադառնալով մեկ այլ դիտարկման՝ դրսի ուժերն օգնել են, որ հաղթենք, հիմա ստիպում են, որ տարածքները վերադարձնենք՝ պարոն Ռուստամյանն ասաց. «Ադրբեջանն է ասում դա, որ ստիպել են հաղթենք եւ այլն, մենք ենք հաղթել, մեր ժողովուրդն է հաղթել, երեւի մարդիկ ազդվել են Ադրբեջանի քարոզչությունից…իհարկե, այդպես չէ, մենք հաղթել ենք մեր ուժերով, եթե մարդ նման բան է ասում, ուրեմն պատերազմի հետ կապ չունի, ուրեմն տեղյակ չէ՝ այդ պատերազմում ով է հաղթել, բավական է մեր ազգին նսեմացնել»:

Հարցին, այսինքն` սուտ չէ՞, որ կա փաստաթուղթ եւ ստիպում են, որ ՀՀ իշխանությունները ստորագրեն, պարոն Ռուստամյանը պատասխանեց. «Այդ փաստաթուղթը վաղուց պատրաստ է եղել, Հայաստանը պատրաստ է եղել ստորագրել,տեղյակ չե՞ն այդ մարդիկ, որ Կազան է եղել, որ գնացել էին ստորագրել ու տասը նոր առաջարկներ բերելով՝ ի չիք է դարձել այդ ամեն ինչը: Հիմա ինչ անենք, ինչ ստորագրենք միակողմանի, միգուցե միակողմանի տարածքներն էլ հանձնե՞նք, որ ավելի վստահելի դառնանք»:

Անդրադառնալով առաջին նախագահի ձեւակերպմանը՝ օկուպացված տարածքներ՝ պարոն Ռուստամյանը շարունակեց.

«Մենք սա ազատագրված տարածքներ ենք համարում,գոնե անվտանգության գոտի ասի, մարդը շատ հստակ ասում է այն, ինչ Իլհամ Ալիեւը կասեր եւ խաղաղությո՞ւն է քարոզում, այստե՞ղ, թող գնա Ադրբեջանում քարոզի, նրանք են պատերազմ ուզում, մենք չենք ուզում: Լավ է, որ դա անում է մինչեւ իշխանության գալը, ժամանակին դա արել է իշխանության գալուց հետո: Պատկերացրեք Լեւոն Տեր-Պետրոսյանն այս ամենը 1988-ին աներ, հրապարակում մի վայրկյան կմնա՞ր, նրան կթողնե՞ին այնտեղ մնալ, հիմա լավ է գոնե նախապես է ասում, մարդիկ կիմանան՝ այս քաղաքական ուժի իրական նպատակները որոնք են: Չեմ հասկանում՝ իրենց մոտեցումը, սկզբում 1997 թվականի թեզերով էին գալիս, թե մենք ճիշտ ենք եղել, հիմա պարզվում է, որ իրենք իրականացնում են պաշտոնական Երեւանի ծրագրի մի մասը՝ իրենց հռչակելով ընդդիմություն: Մադրիդյան սկզբունքներն են պաշտպանում, որը այսպես թե այնպես, պաշտպանում է պաշտոնական Երեւանը, Էդվարդ Նալբանդյանն այդ գործի վրա է, այսինքն, եկել ես իշխանության ծրագրի մասն իրականացնելու համա՞ր, այդպես էլ ասա, որ իշխանության շարասյունն ես»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031