«Հոդված 3» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում «Ազատ դեմոկրատներ» դաշինքի ցուցակի առաջին եռյակը անդրադարձավ նաեւ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալությանը:
Ցուցակը գլխավորող Խաչատուր Քոքոբելյանը ասաց. «Ես այսօր կարդացի Սեյրան Օհանյանի պատասխանը, անկեղծ ասած՝ դեռ դրանով բավարարվում եմ: Սեյրան Օհանյանը պատասխանել էր, որ կսպասեն հանգամանալից պարզաբանմանը եւ դրանից հետո կխոսեն: Եվ ասել էր, որ իր զինակիցն է եւ իրենց համակիրն է, իհարկե՛, բոլորս գիտենք դա: Կարծում եմ՝ մենք դրանով կբավարարվենք, տեսնենք՝ իրենք ինչ են ասում, որովհետեւ իրականում նյութին ամբողջովին ծանոթ չենք»:
Դաշինքի վարչապետի թեկնածու Հրանտ Բագրատյանը հավելեց. «Սա երրորդ համապետական ընտրությունն է, որ քվեարկության օրից 10-12 օր առաջ նման իրադարձություն է տեղի ունենում: Անցած անգամ եղավ այսպես կոչված մահափորձը, սահմանադրական հանրաքվեից առաջ Նորք-Մարաշի խումբը:
Ես գնահատական չունեմ կոնկրետ իրադարձության վերաբերյալ, ես չգիտեմ մանրամասները, բայց սա սկսում է ինձ մտահոգել: Սա մեզ հուզում է, այլեւս պարզ է՝ հանրապետությունում կարեւոր իրադարձություն է, դրանից 1 շաբաթ, 10 օր առաջ մի բան տեղի է ունենում: Մենք ընդունում ենք Սեյրան Օհանյանի տեսակետը, որ ասում է՝ սպասեք պարզենք, եթե նրա դաշնակիցն ասում է, մենք հարգում ենք, եւ իհարկե՛, իրադարձություններից առաջ չենք ընկնում, ինֆորմացիա չունենք: Բայց այսպես ասենք՝ «տրադիցիա» կա»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ