Այսօր՝ մարտի 23-ին, ժամը 17.02-ին ահազանգ է ստացվել, որ Իջեւանի գինու գործարանի շենքի տանիքն այրվում է: Դեպքի վայր է մեկնել հրշեջ 3 մեքենա եւ հրշեջ սանդուղք: Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարար վարչության պետ Արթուր Հովակիմյանն ասաց, որ հրշեջները գործել են արագ եւ հմուտ, կարողացել են կրակը մեկուսացնել, որպեսզի այն չհասնի սպիրտով լի ցիստեռներին եւ գազային կաթսայատանը: Ժամը 18.10-ին կրակը մեկուսացվել է, ներկայումս կրակի մարումը շարունակվում է:
Գործարանի շենքի տանիքը պատված է ձյութանման սեւ նյութով, որը դժվարեցնում է կրակի շիջումը: Արթուր Հովակիմյանը հայտնեց, որ ամենաուշը մեկ ժամից կրակն ամբողջությամբ մարված կլինի: Նա ասաց, որ փորձագետները հետո կպարզեն հրդեհի առաջացման պատճառը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ